Մյունստերյան օրագիր

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Ընդհանուր

Տարօրինակ է երևի ինչ֊որ բանի օրագիր գրելը սկսել 10֊րդ օրվանից, բայց ինքս էլ չեմ կարող բացատրել, թե ինչու այսքան ժամանակ չէի գրում։ Երևի զբաղված էի իսկապես, չգիտեմ։ Արդեն 10 օր է` ես բնակվում եմ Արևմտյան Գերմանիայի Մյունստեր կոչվող գեղեցիկ քաղաքում, որի մասին միակ հետաքրքիր պատմական փաստը, որ գիտեմ, այն է, որ այստեղ Վեստֆալյան հաշտության խորհրդանիշ շենք կա, ու Երեսնամյա պատերազմը կարծես այստեղ էլ ավարտվել է։ Իսկ ոչ պատմական հետաքրքիր փաստը, որ գիտեմ, այն է, որ սա Գերմանիայի հեծանիվների մայրաքաղաքն է։ Այստեղ բոլոր֊բոլորը հեծանիվ ունեն, ու մեքենաները ավելի քիչ են, քան նույնիսկ համալսարանները։ Փաստորեն, մի հետաքրքիր փաստ էլ գիտեմ, Մյունստերը նաև համալսարանների քաղաք է համարվում։ Դե, հեծանիվների մայրաքաղաքում հեծանիվ քշել չիմանալը, իհարկե, ահավոր է, բայց երկրորդ կետը գոնե բաց չեմ թողել։ Համալսարանների քաղաքում ես ուսանող եմ։

Նմանությունների մասին

Սկզբում որոշել էի ձեզ ամեն ինչ պատմել, բայց հետո տեսա, որ պատմելու այդքան էլ բան չկա։ Նույն Երևանն է, էլի, ուղղակի մեծ ավտոբուսներով։ Այստեղ էլ են ավտոբուսների վարորդները իրար տեսնելիս ձեռքով անում, այստեղ էլ են դեռահասները նստարաններին ապուշ բաներ խզբզում։ Ուղղակի էստեղ սպասարկման ոլորտը միշտ ապշեցնում է։ Դու միշտ որպես սպառող քեզ ամենակարևոր մարդն ես զգում, այնպես, ինչպես գրված էր իմ մարքեթինգի դասագրքում։ Էս սիրուն երկրից Հայաստանը հազար անգամ ավելի լավն է, իհարկե, բայց իրարից հաստատ վերցնելու ու սովորելու բաներ ունենք։ Մենք ճիշտ կանենք, օրինակ, վերցնենք սպասարկման ոլորտը։

Շնորհակալություն

Այստեղ մարդիկ հասարակական նստարանին քո կողքին նստելու համար շնորհակալություն են հայտնում։ Ընդհանրապես, ինձ այս տասն օրվա մեջ ավելի շատ են շնորհակալություն հայտնել, քան Հայաստանում ողջ կյանքիս ընթացքում։ Սկզբում դա շատ տարօրինակ էր, ու իմ կողմից բավականին անքաղաքավարի, որովհետև տեղը չէի բերում, որ իմ հետ են, ու չէի պատասխանում։ Հետո հասկացա, որ շնորհակալությանը խնդրեմ չասելը շատ տարօրինակ ու ահավոր է այս մարդկանց համար, ու սկսեցի անդադար ես էլ շնորհակալություն-խնդրեմ ասել։ Ու ինձ զգացի այս քաղաքի լիիրավ բնակիչ։

Ինչ եմ սովորում

Սովորում եմ գերմաներեն։ Լավ գերմաներեն։ Այնպես, ինչպես Հայաստանում երբեք չէի սովորի։ Ամեն օր զգում եմ իմ առաջընթացը նախորդ օրվա նկատմամբ, ու դա հույս է տալիս, քանի որ այս դժվար լեզուն սովորելու համար անկեղծ, չգիտեմ, թե քանի տարի է պետք։ Իհարկե, դեռ խանութում ինքնավստահության համար անգլերեն եմ խոսում, բայց գերմաներեն խոսել էլ եմ արդեն կարողանում։ Տնայիններս հավեսով եմ անում։

Խանութների մասին

Ասեցի խանութ, հիշեցի։ Ընդհանրապես, հատուկ հորքուրիս համար ուզում եմ շեշտել, որ սոված չեմ մնում, ամեն ինչ կարգին է։ Բայց այստեղ կյանքը շատ դանդաղ է, դրա համար եմ շատ զբաղված։ Ոչինչ չեմ հասցնում անել, որովհետև մի հատ յոգուրտ առնելը կարող է կես ժամ տևել։ Իմ թաղամասի խանութը երևի ողջ Աջափնյակի չափ է։ Անկեղծ։ Մեր մոտ մտնում ես խանութ՝ քուր ջան, ինձ մի հատ հալած պանիր։ Ու քուրը տալիս է քեզ ուղղակի հալած պանիր։ Իսկ այստեղ երեք պատ շարած միլիոն հատ հալած պանիր կա։ Ո՞նց իմանամ` որն առնեմ։ Դեռևս փնտրում եմ ինձ անհրաժեշտ պանիրը։ Առնում եմ, փորձում, լավը չի լինում, թափում եմ։ Բայց համով յոգուրտ արդեն գտել եմ։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Հայերի մասին

Ինչքան ես եմ հասկանում, այս քաղաքում հայերը շատ են։ Արդեն երեք անգամ հանդիպել եմ։ Մի անգամ խանութում, ու կուզեի հենց Էլյայի մասին պատմել։ Հայ աղջիկ էր, որ իր երեխաներին շորեր էր գնում։ Ինձ անընդհատ թվում էր, թե խփնվել եմ, ու ականջիս հայերեն բաներ են հնչում, բայց հաստատ ասաց՝ փորձի, տեսնեմ՝ լինո՞ւմ ա։ Մոտեցա, խոսեցի։ Ասաց՝ կարոտում է Հայաստանը։ Ես երեք օր է, ինչ Հայաստանում չէի, ինքը՝ երեք տարի։ Ես երեք տարի չէի ձգի։ Տխուր էր։
Մյուս երկու անգամները դուրսը պատահմամբ լսած տղամարդկանց խոսակցություններ էին։ «Ախպեր» բառով ենք գտնում հայերին։

Ճամփորդություններիս մասին

Հենց այս պահին ձեզ գրում եմ Քյոլն տանող 10։34֊ի գնացքից։ 10։34֊ի, որովհետև 9։34֊ից ես ուշացա, ու ստիպված գնում ենք 10։34֊ով։ Իսկ ուշացա, որովհետև էստեղի «մարշրուտկեքը» կես ժամը մեկ են։ Մեկից ուշացա ու կես ժամ մնացի կանգառում։ Վիքենդներին մոտ քաղաքներ, իհարկե, կգնամ, բայց ավելի շատ ուզում եմ ոչ թե նոր քաղաքներ տեսնել, այլ իմ քաղաքում խորանալ։ Ուզում եմ այցելել բոլոր թանգարանները, հայտնաբերել բոլոր գեղեցիկ տեղերը ու անգիր անել քաղաքը Երևանի պես։ Արդեն մի քանի շատ սիրուն տեղեր գտել եմ։ Ընդհանրապես, իրական սիրուն տեղերը ոչ գուգլի քարտեզներում կան, ոչ էլ tripadvisor-ում։ Իրական սիրուն տեղերը գտնելու համար պետք է առանց քարտեզին նայելու քայլես ու քայլես, մինչև պատահմամբ բացահայտես։ Այդպես բացահայտած սիրուն տեղեր ունենք արդեն։ Ինտեգրվում ենք կյանքին։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Այսօր վերջ

Այս գեղեցիկ քաղաքում, որտեղ երկինքը ավելի մոտ է թվում, իսկ բնությունը՝ հենց ափիդ մեջ, ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ մաթեմատիկայի ու ինֆորմատիկայի ֆակուլտետի շենքը Այնշթայնի անունով փողոցի վրա է։ Աննա Ֆրանկի փողոց էլ կա, մի օր կգնամ, կպատմեմ՝ ոնց էր։ Իսկ եթե մի օր քեզ թվա, որ ինչ֊որ լավ բաներ ես բաց թողնում, ու դեպրեսիայի մեջ լինես, ուղղակի հիշիր, որ ես ապրում եմ Գերմանիայի հեծանիվների մայրաքաղաքում, ու հեծանիվ քշել չեմ կարողանում։
Մինչ մոտալուտ հանդիպում, կամ ինչպես ասում են գերմանացիները՝ բիս բալդ։