ofelya hovhannisyan

Մնաս բարով, անձրև

Միգուցե  շատերին, ինչպես օրինակ, ընկերուհուս, զարմացնի այն փաստը, որ ես սիրում եմ անձրևը, և երբ այն գալիս է, աշխատում եմ ոչ թե փախչել, այլ մնալ անձրևի տակ: Երբ ընկերուհուս հետ որոշեցինք դուրս իջնել, այդ ժամանակ անձրև չէր գալիս, սակայն մի փոքր զբոսնելուց հետո նկատեցինք, որ անձրև է գալիս և սկսում է ուժեղանալ: Որոշեցինք տուն վերադառնալ, և միմյանց հրաժեշտ տալով, գնացինք տուն: Սակայն ճանապարհին ես շատ դանդաղ էի քայլում, քանի որ հորդառատ անձրև չէր:

Ես մտածում էի, և ինձ ոչ ոք չէր խանգարում: Նայում էի, թե ինչպես են շատերը արագ տուն վազում, որպեսզի չթրջվեն և նույնը ինձ էին հորդորում: Բայց ես քայլերս ավելի էի դանդաղեցնում: Անգամ եթե տանը լինեմ, և այդ ժամանակ անձրև գա, արագ վազում եմ պատուհանի մոտ և չեմ հեռանում այնքան, մինչև չի դադարում: Եվ երբ դադարում է անձրևը, առաջին բանը, որ անում եմ, արագ բացում եմ պատուհանը և շնչում անձրևից հետո թարմ օդը:

Տատիկս պատմում էր, որ երբ անձրև էր գալիս, և բակի երեխաները առանց ծնողների կանչելու արագ տուն էին բարձրանում, ես մնում էի դրսում և տուն էի բարձրանում միայն տատիկիս  համառ կանչերից հետո: Հիշում եմ, թե պատուհանից ամեն անգամ ինչ էր գոռում.

-Մենակ դու ես, է, էլի դրսում մնացել: Տուն արի: Եթե հիվանդացար, ինձնից չնեղանաս:

Տատիկիս մտածմունքը մեկն էր. ես չհիվանդանամ: Սակայն այն օրը, երբ ես մենակ քայլում էի դադաղ տեղացող անձրևի տակ, մտածում էի, որ տատիկս չէր բարկանա, քանի, որ մեղմ անձրև էր: Բայց երբ անձրևը սաստկացավ, անկախ ինձնից նայեցի մեր պատուհանին: Ինձ թվում էր, թե տատիկս կրկին բարկանալու է և հորդորելու, որ արագ տուն գնամ: Բայց այս անգամ նա ինձ չէր կարող կանչել…

Հիմա ինձ համար անհանգստացող տատս այլևս չկա: Բայց գլխումս տատիկիս ձայնն էր. «Եթե հիվանդացար, ինձնից չնեղանաս»…

Քայլերս արագացրեցի: Մնաս բարով, անձրև: