emma miqayelyan-2

Մնաց մեկ ամիս

Դպրոց. 12 տարվա «անհոգ» տարիներ: Ինչո՞ւ չակերտների մեջ, որովհետև 12 տարիների «հոգսը» պատանիների համար ահագին մեծ բան է:

Դպրոցում սովորում ենք սովորել, հետո սովորում ենք հարգել, սիրել, ձեռք ենք բերում մարդկային ամենաանհրաժեշտ հոգևոր արժեքները:

Դպրոցը դարբնոց է և՛ կրթության, և՛ կյանքի:

Առաջինից մինչև 12-րդ դասարան անդադար սովորելն անհնար երևույթ է դպրոցական կյանքի ու պատմության ընթացքում: Վարդգես Պետրոսյանն ասում էր. «Ամենակարևոր բաները մեզ չսովորեցրին»: Վ. Պետրոսյանի խոհերը կարդալիս ափսոսում եք և՛ դու, և՛ ուսուցիչդ, որ նա ժամանակին չի տվել, իսկ դու ժամանակին չես վերցրել:

Դպրոցի պատերն ունեն սերնդեսերունդ եկած պատմություն ու լեզու ունենալու դեպքում չէին լռի և կխոսեին, ինչպես խոսում են արվեստի դպրոցի պատերը աշակերտների շնորհիվ:

Գնում ենք, ու դպրոցի պատերին մնում է ևս մեկ դասարանի՝ 23 կյանքի պատմություն: Մեզ համար 2-րդ տան սիմվոլը փոխվում է, և այն, ինչ առաջ մերն էր, հանձնում ենք ապագայի ձեռքերն ու քայլում առաջ: Առաջ դեպի համալսարանական քննություններ, ընդունելության թոհուբոհ։ Եվ հրաժեշտի վերջին հայացքը դպրոցի մաշված պատերին գցելով՝ ասում ենք՝ մնա՛ք բարով:

«Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք, հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը… Երբ կյանքում մենք անդադար բաժանվելու էինք մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից…»։

Մեր խոհերը հիմա միայն չորս բանի շուրջ են պտտվում՝ քննություն, քննություն, քննություն, ընդունելություն: Բայց երբ շրջվում ու հետ ենք նայում, հասկանում ենք, որ Վ. Պետրոսյանը ճիշտ էր, որ մեր բաժանումներն ավելի շատ են, քան բազմապատկված հաջողություններն ու լուսավոր մարդկանց ավելացումը մեր կյանքում: Բաժանումներին գումարեցինք ևս մեկ բաժանում՝ բաժանում մի ամբողջ դպրոցի հետ:

«Սովորեցինք հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ… Եվ ոչ ոք չսովորեցրեց՝ ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես տառապել… արժանապատվությամբ»։

Դպրոցը ևս ունի հին ու նոր ժամանակ, հինը արդեն մոռացված հետքերն ու մտքերն են, որ կապված էին դպրոցի հետ, նորը՝ այն, ինչով մինչև 12-րդ դասարան սովորում ես:

Ոչինչ, որ մեզ էլ չսովորեցրին այն, ինչի պակասը դեռ վաղուց կար, և ինչը չի լրացվի անգամ դարի հնարավորություններից ելնելով:

Ուզում եմ դիմել դպրոցը դեռ չավարտածներին։ Ինչքան էլ ուսուցիչները զայրանան ձեզ վրա, հիշե՛ք, նրանք, միևնույնն է, հոգու խորքում ամեն օր մտածում են ձեր ապագայի մասին՝ ձեզ համար լավը ցանկանալով:

Եթե բարկանան ու բղավեն արտագրված գրավորների համար ու «սպառնան», որ հաջորդ գրավորն ավելի դժվար է լինելու, ու հսկողությունը՝ ավելի ուժեղ, երբեք չհավատա՛ք: Նրանք, միևնույնն է, ոչ մի միջոց չեն ձեռնարկելու հակառակ ձեզ:

Նվիրեք ձեր հաղթանակներն ուսուցիչներին, դուք և իրենց շնորհիվ ձեռք բերված ձեր հաղթանակները, իրենց հպարտությունն են: