Մշուշը ջրի վրա, կրակը երկնքում

Ես 10 տարեկան էի, երբ առաջին անգամ ծանոթացա իմ երեսունն անց հոր մեծագույն կրքերից մեկին՝ դասական ռոքին: Առաջին անգամ իմացա, թե ինչ խտասալիկներ (CD) են դրված հյուրասենյակի դարակներում, թե ինչքա՜ն հարուստ հավաքածու ունի իմ հայրը:

- Deep Purple. սա ռոք երաժշտության հայրն է, – հպարտ ասում էր  հայրս, ում ամբողջ կեցվածքից զգացվում էր, թե ինչքան է հարգում այդ խմբին:

Դասական ռոքի հավաքածուն ուսումնասիրելով՝ ես ծանոթացա Deep Purple, AC/DC, Metallica, Queen, Pink Floyd, Scorpions խմբերին: Առաջ ընկնելով նշեմ, որ մինչև հիմա երկար մազերով ու AC/DC մակագրությունով շապիկը հագին տղամարդկանց տեսնելիս՝ աչքերս ակամայից փայլում են, իսկ հոգուս մեջ զարթնում է մի հարազատ բան:

Ես շատ սիրեցի դասական ռոքը: Ազատ ժամանակ երեկոները պարտադիր բարձրաձայն միացնում էի Deep Purple-ը, հագնում իմ կողմից ծանր քրտինքով, 10 տարեկան նիհարիկ աղջկա ուժերով վերջապես պատռված ջինսը և սկսում պարել, ավելի ճիշտ՝ ուժգին շարժումներ անել՝ ռոք երաժշտությանը համապատասխան…

Smoke on the water,
A fire in the sky…

Ես 13 տարեկան էի, երբ Deep Purple խումբը եկավ Հայաստան համերգ տալու: Ես ամիսներով էի սպասում այդ օրվան: Հայրիկիս ու քրոջս հետ գնացինք համերգին, ինչը աննկարագրելի հաճույք և անմոռանալի տպավորություններ պարգևեց ինձ: Ես տեսա, որ համերգից հետո իմ հայրիկից ավելի մեծ տարիքով՝ հիսունին մոտ տղամարդիկ, վինիլային ձայնասկավառակները ձեռքին փորձում են անցնել երաժիշտների մոտ:

-Նայիր, նայիր, նրանց մոտ դեռ մնացել են հին ձայնասկավառակները: Պատկերացնո՞ւմ ես, թե դա ինչ է: Նրանք տանում են դրանք Յան Գիլանի, կամ մնացած երաժիշտների մոտ, որ ստորագրություն վերցնեն: Պատկերացնո՞ւմ ես, դա ուղղակի անգին բան կլինի…

Smoke on the water,
A fire in the sky…

Ես 20 տարեկան էի, երբ առաջին անգամ գործուղման գնացի Եվրոպա: Վերադառնալուն պես՝ ներս մտա հյուրասենյակ ու չնայած որ ճանապարհից շատ էի հոգնել՝ արտասահմանից գնված նոր բարձրակրունկ կոշիկներով, կոկիկ, փոքր ճամպրուկով, երջանիկ ժպիտով ու փայլող աչքերով, սկսեցի ոգևորված պատմել Եվրոպայի մասին իմ հիսունին մոտ հորը և մորը: Պատմել ճարտարապետության մասին, մշակույթի մասին, տարբեր ազգերի մարդկանց մասին: Ծնողներս հետաքրքրությամբ ու երջանիկ լսում էին: Ես ճամպրուկից հանում եմ երկու վինիլային ձայնասկավառակ՝ Deep Purple-ի անդամների նկարով գեղեցիկ ու հին կազմերի մեջ. սա իմ  նվերն էր դասական ռոք սիրող հայրիկիս:

Նրա դեմքի արտահայտությունը իսկույն հիշեցրեց ինձ մի վառ պատկեր 13 տարեկանից. դա նույն երջանիկ ու ոգևորված արտահայտությունն էր, ինչպես մի քանի տարի առաջ Deep Purple-ի համերգին…

Smoke on the water,
A fire in the sky…