«Մոշը» Եղեգնաձորում

dizaynermshԻնչ-որ տեղ կարդացել եմ, որ նկարչությունն օգտվում է գույների, ռիթմի, լույսի հնարավորություններից, որոնք թույլ են տալիս թղթի, կտորի վրա վերակենդանացնել իրականությունը: Այդ գույներից օգտվում են նաև դիզայներները, իրենց մտահղացումները կյանքի կոչելու համար: 

Այս անգամ զրուցակիցս է դիզայներ, «Մոշ» գեղարվեստական սրահի հիմնադիր Արմինե Աղաջանյանը: 

-Պատմեք Ձեր մասին: Որտե՞ղ եք սովորել, ինչո՞վ եք զբաղվել, ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք հիմնադրել «Մոշ» սրահը: 

-Ծնվել և մեծացել եմ ճարտարապետների ընտանիքում և դեռ մանկուց զբաղվել եմ նկարչությամբ: Եղեգնաձոր քաղաքի պետական վարժարանն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, չնայած նպատակս արվեստաբանության բաժնում սովորելն էր: Համալսարանում սովորելու տարիներին կուրսեր եմ անցել նաև «Ատեքս» նորաձևության կենտրոնում: Մի քանի անգամ ցուցադրվել են իմ էսքիզների հավաքածուները: Իմ երազանքն է եղել գեղարվեստական սրահ ունենալը: Վերադառնալով Եղեգնաձոր, 2009 թվականին հետամուտ լինելով իմ վաղեմի երազանքին՝ ես բացեցի մի փոքրիկ կենտրոն, որը շատ կարճ ժամանակում դարձավ շատերի համար սիրելի մի վայր:

-Ո՞րն էր սրահի ստեղծման նպատակը: 

-Լինելով թուրքագետ՝ ես միշտ վրդովվել եմ՝ տեսնելով հայ աղջիկների, որոնք կրում են թուրքական հագուստ: Արդեն ինը տարի հրաշալի մի թիմով ստեղծում ենք հագուստ, որի վրա նկարում ենք հայկական զարդանախշեր, մեր բոլոր աշխատանքների մեջ դնում ենք հայկական շունչ: Դրանք ընդգծում են իրենց կրողների անհատականությունը: Ամեն իր պատրաստվում է մեծ սիրով, զգեստները երբեք չեն կրկնվում, դրանց վրա միշտ առկա է ձեռքի աշխատանք՝ ասեղնագործություններ, ապլիկացիա, բատիկա: Ամեն մի աշխատակից ունի մի նոթատետր, որի մեջ տարիների պատմություն կա: Եվ ամեն օր ստանալով պատվերներ՝ հասկանում ենք, որ մեր նպատակներն իրագործվել են: maribxdrsn

-Առաջին ցուցադրությունը ե՞րբ է տեղի ունեցել: 

-Դեռ դպրոցական տարիներին մասնակցել եմ տարբեր ցուցադրությունների: «My Armenia» ծրագրի կողմից կազմակերպված «My handmade Armenia» կոչվող ցուցադրությանն ենք մասնակցել, որի ժամանակ մեծ հաջողություններ ունեցանք:

Անհատական ցուցադրություն ունեցել ենք այս տարի ապրիլի 5-ին, որը կրում էր «Գարնան թևով» խորագիրը:

Ինձ համար վաղեմի երազանք էր ունենալ անհատական ցուցադրություն: Հրավերը ստացանք երկրագիտական թանգարանի կողմից: Պատրաստվել ենք 20 օրում, այդ 20 օրում հասցրեցինք գարնանային փոքրիկ հավաքածու ստեղծել: Հավաքածուն իր մեջ ներառում էր շարֆեր, պայուսակներ, գարնանային զգեստներ, ծաղկեպսակներ: Ցուցադրությանը ներկա էին սրահի հիմնական հաճախորդները, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, մարզպետարանից աշխատակիցներ և ինձ շատ հարազատ մարդիկ:

-Իսկ այցելուներ հաճա՞խ եք ունենում: 

-Այո, շատ հաճախ ենք այցելուներ ունենում, լինում են և տարբեր մարզերից այցելուներ, և զբոսաշրջիկներ: Ապրիլին մեզ այցելել էին ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը և պատվիրակության այլ անդամներ: Սրահի շատ զգեստներ, պայուսակներ վաճառվեցին Ռիչարդ Միլսի այցելության օրը: Նա հիացած էր սրահում տեղ գտած աշխատանքներով և մեծ տպավորություններով հեռացավ:

-Հիշո՞ւմ եք՝ որն է եղել ձեր առաջին աշխատանքը: Ձեր աշխատանքների վրա երկա՞ր ժամանակ եք ծախսում: 

-Այո, իմ առաջին աշխատանքը նկար է, որը ես նկարել եմ 3-4 տարեկանում: Նկարել եմ աղջիկներ: Ինձ համար հետաքրքիրն այն է, որ գունային գամման մինչև հիմա պահպանվել է: Այդ նկարը մայրիկս պահել է, հիմա այն գտնվում է սրահում և միշտ ուշադրության է արժանանում:

Նայած, թե դա ինչ աշխատանք է լինում։ Եթե զգեստների ձևավորում է, շատ բարդ է և շատ երկար ժամանակ է խլում: Իսկ այն, ինչ սրտիցդ է բխում, շատ արագ և շատ կարճ ժամանակում ստեղծվում է: Միշտ ոգեշնչում է պետք: Եվ ես շտապում եմ իմ մտքերը դաջել զգեստներին կամ շարֆերին: Օրինակ՝ շարֆերի վրա նկարված ամեն մի պատկեր իր նշանակությունն ունի, շարֆերից մեկի վրա կարող է լինել անձրևի տակ պարող բալետի պարուհու կյանքից մի հատված, մյուսի վրա աստղեր հավաքող աղջիկ է:

-Ի՞նչ ծրագրեր ունեք մոտակա ժամանակներս: 

-Հրավերներ ունենք տարբեր մարզերից, թանգարաններից և պատկերասրահներից: 2019 թվականին լրանում է մեր սրահի տասը տարին, ուստի պատրաստվում ենք յուրօրինակ ցուցահանդեսի: Մոտակա ժամանակներս ցանկություն ունենք շահագործման հանձնել սրահի երկրորդ հարկը, ավելացնել կարի մեքենաներ, ընդունել նաև շատ աշխատակցուհիներ, որովհետև Եղեգնաձորում կան շատ աղջիկներ, որոնք հետաքրքրված են կարուձևով: Նաև մտադրություն ունենք ուսումնասիրել արտաքին շուկան և դուրս գալ մարզի սահմաններից: moshdizayner

-Ինչո՞ւ «Մոշ»: 

-«Մոշ»: Մանկուց ինձ այդպես հայրս է անվանել: Եվ սրահի անունը ընտանիքում քննարկելու ժամանակ հենց հայրս խորհուրդ տվեց, որ անվանենք «Մոշ»: