Մոռացեք

Լուսանկարը՝ Տաթեւ Խաչատրյանի

Լուսանկարը՝ Տաթեւ Խաչատրյանի

Մոռացեք ինձ:  Հիշողության միջից հանեք իմ անունը ու դրա հետ կապված ձեր հիշողության փոշոտ դարակների մեջ մնացած դրվագները:  

Մոռացեք իմ երկար ու բարակ մատները:  Հասակս:  Ցցված երակներս:  Խոսելուս ու ժպտալուս ձևերը:  Տվեք անծանոթ մանրամասնություններ ու երբ փողոցում հանդիպեք,  կարծեք, թե օտար եմ:  Շրջվեք մեջքով ու մի բարևեք:  Մի զանգեք:  Մի գրեք:  Ինձնից ոչ մեկից մի հետաքրքրվեք:  Իմ անունը մի տվեք անգամ ձեր մտքում:  Վառեք այն իրերը, որոնք ինձնից են:  Ջուր լցրեք այն թղթերի վրա, որոնց վրա ինչ-որ բան եմ գրել ու տվել ձեզ:  Հեռախոսի միջից սեղմեք ջնջելու կոճակը և  ուղարկեք այլևս երբեք չվերադառնող աղբարկղի մեջ մեր համատեղ նկարները:  Տեսանյութերը:  Նամակները:  Ամեն հիշողություն:

Ի՞նչ անեմ:  Ո՞ր բառերը օգտագործեմ, որ հասկանանք իրար:  Բացարձակապես մոռացեք իմ գոյության մասին: Ու բազմիցս կրկնեք ձեր մտքում, որ մոռացել եք ինձ: Երբ մի օր սրճարանում սուրճ խմեք նորից ընկերներով:  Իմ ընկերներով: Իմ սիրած պատի մոտի աթոռը դատարկ կլինի կամ էլ արդեն ինչ-որ մեկի կողմից զբաղեցված: Երբ հեռու ինչ-որ նկարի կամ գրքերով լցված դարակի տակ տեսնեք նստած սուրճ եմ խմում: Չճանաչեք ինձ:  Իրապես չճանաչեք:  Այ, էս մոռացությանը մատնեք ինձ:

Ես էլ իմ չափով սենյակս կլցնեմ ոչնչով:  Ոչինչ, որի մեջ չկա անցյալ:  Չկա հիշողության մեջ անգամ մեկ նյութ: Այլ միայն ներկա:  Որտեղ մենակ ես եմ:  Այ, էդ ժամանակ ես կգրեմ իմ ուզած բանաստեղծություններն ու պատմվածքները:  Այդ ժամանակ կապրեմ ու կգրեմ էն, ինչ իսկապես կցանկանամ:  Գուցե էդ պահին ես ինձ կզգամ ազատ: