amalya harutyunyan

Մորֆոլոգիայից մինչև պայծառափայլ մտքի մթագնում

Սովորական երկուշաբթի:

Չնայած՝ իմ երկուշաբթիները երբեք սովորական չեն լինում: Իմ երկուշաբթին երկուշաբթի չէ, եթե.
1. Ես կիրակի երեկո չեմ հարդարել մազերս, իսկ առավոտյան արթնացել գզգզված մազերով:
2. Չեմ որոշել շուտ քնել, բայց քնել եմ 1-ին, արթնացել 8-ին և ուշանում եմ երթուղայինից:
3. Տասից ավելի անգամ չեմ որոշել չգնալ դասի, իսկ վերջում լուռ քայլել եմ դեպի համալսարան:
4. Ես չեմ մոռացել «Լուսնայինս» տանը և հետ վերադարձել (այն վզնոց է, որի վրա քաղաք է պատկերված: Նրան նմանեցնում եմ երևակայական քաղաքիս, իսկ քաղաքիս անունը մեր կուրսի Անուշը Լուսնային է դրել):

Համալսարան, մեր լսարանը, նստարանս, շարֆս՝ որպես բարձ, ոտքերս արագ-արագ շարժում եմ, որ տաքանամ, աչքերս՝ փակ, ականջակալներս՝ որպես միակ փրկիչ, նոթատետրը՝ միակ մտքերը դատարկելու դաշտ ու էս ամենի հետ էն անտանելի մորֆոլոգիան: Ու հենց էն պահին, երբ ես որոշում եմ կտրվել աշխարհից, իմ մեջ արթնանում է էն ուսումնատենչ էակն ու ավելի վեր դասում մորֆոլոգիան: Հանում եմ փրկիչներիս, ականջներս սրում եմ ու փորձում լսել շատ ցածր պատմվող ուղեղիկի, ողնուղեղի ու վերջույթների մասին դասախոսությունը: Լսում եմ ևս մի քանի րոպե: Ոչինչ չեմ հասկանում: Ասես չինարենի դասին լինեմ: Նորից դնում եմ ականջակալներս, ու էս միջիս ուսումնատենչ էակը էլի սկսում է բոյկոտը:
Նորից ականջներս փորձում եմ սրել մինչև ձայնի ամենակարճ ալիքը, ուշադրությունս կենտրոնացնում եմ միայն դասախոսության վրա ու հասկանում՝ անիմաստ է:

Անիմաստ ասացի, էլի հիշեցի: Վերջերս Աստղի ու Աննայի նյութերը կարդացի: Էս 2 նյութերը իրար հակառակ են գրված, բայց ախր, ես երկուսն էլ ճիշտ եմ համարել:
Դե, Աստղն ասում է, որ հավես չունի ոչնչի ու հոգնել է:
Ահ, ախր, ես էլ եմ էդպիսին, մեկ ամեն ինչ ուզում եմ, մեկ էլ տեսնես՝ նորից Մորփեոսի ճիրաններում ննջում եմ: Հա, ես էլ 17 տարեկան եմ, բայց մեկ-մեկ այնքան եմ հոգնում: Չէ, է, կյանքից չէ, մարդկանցից էլ չէ, չգիտեմ՝ ինչից, երևի հավերժական պայքարից կամ, ասենք, աններդաշնակ էությունիցս: Լավ, ինչևէ, սա մոռացիր:
Աննան էլ ասում է, թե չի սիրում, երբ ասում են՝ անիմաստ է, ասում է, որ կյանքը իմաստավորել է պետք:
Ըհ, ուզում եմ համաձայնել, բայց բարդ է: Պերցեպտիվ գործընթացների հոգեբանության դասախոսությանս տետրի մեջ շատ տգեղ ձեռագրով, բայց հասկանալի գրված է, որ նշանակություն տալը ընդամենը ըմբռնման հատկանիշ է: Այսինքն՝ այն ամենը, ինչ մենք ընկալում ենք, ինքնըստինքյան նաև իմաստավորում ենք:
Իսկ եթե հոգեբանության ֆակուլտետում չսովորեի ու լինեի ավելի սենտիմենտալ, կասեի՝ իմաստավորիր ամենափոքր բանը կյանքիդ, ու կյանքի իմաստն էլ կհասկանաս:
Դասախոսներիցս մեկը մի օր մի բան ասաց: Չնայած, որ հազար անգամ դա մտածել էի, պրոֆեսորից լսելը լրիվ այլ էր: Ասաց՝ մենք երջանիկ ենք, երբ մեզ սիրում են, բայց ավելի երջանիկ ենք, երբ մենք ենք սիրում: Ասածս ինչ է՝ մարդկանց սիրելով իմաստավորիր կյանքդ:

40 րոպե առաջ ռուսերենի ժամ էր: Անգիր էինք ասում: Երեխեքին թողնես՝ ամբողջ օրը բարկանան այդ անգիրների վրա: Իսկ ես էնքան եմ սիրում: Էն փոքր հասակից էլ գրավորներս կիսատ էի անում, վարժությունները մի կերպ ստիպելով գրում, իսկ եթե ասեին՝ մի մեծ անգիր սովորիր, հավեսով կսովորեի: Միայն մնում է հավանեմ բանաստեղծությունը: Մեկ-մեկ էնպիսի գլուխգործոցներ են լինում, որ էս պայծառափայլ ուղեղս հրաժարվում է ընդունել: Թե բա՝ պաթետիկ է, կամ՝ իմ ոճը չէ: Մեկ-մեկ շատ պահանջկոտ է, բայց որ պահին փորձեն հեղինակի մասին ասել, որ լավ չի գրել, ես կբոյկոտեմ: Ախր, էդ մարդիկ իրենց զգացածն են գրում, հետո ի՞նչ, որ էս մեր պայծառափայլ միտքը մինչև հիմա նրանց զգացածը չի հասկանում:
Տեսնես, որ իմ գրածը կարդում եք, դուր գալի՞ս է, կամ հասկանո՞ւմ եք:
Զընգ, ու էլի էս զանգը: Մորֆոլոգիան անցավ, մնաց ինֆորմատիկան:
Էս զանգը մեկ-մեկ էնքան եմ սիրում, թողնես՝ մենակ դասամիջոց անեմ: Բայց եթե էս զանգը դասինն է, անտանելի է զնգում, մի տեսակ նյարդայնացնող ու անասելի բարձր, որ եթե նույնիսկ չուզենաս լսել, ստիպված ես:
Էս ինֆորմատիկային էլ էդ թվերից, ֆունկցիաներից ու բազմաթիվ ձանձրացնող վարժություններից էս պայծառափայլ միտքս մթագնում է: Ախր, էնքան հոգնեցնող է, էլ դու սուս: Ու էդ պահին պայծառափայլ միտքս լքում է ինձ ու հրաժարվում օգնել, ու ես մթագնած մտքով էդ աշխարհի ամենահիմար առաջադրանքները լուծել չեմ կարողանում: Ու էս միտքս, որ ժամանակին պայծառափայլ էր, մթագնելիս իր հետ բոլոր յուրահատուկ մտքերս ու երևակայությունս էլ տանում է, ու դիմացիս սեղանը էն թռչող ափսեից՝ իր այլմոլորակայիններով, դառնում է համակարգչի մոնիտոր ու կողքին՝ Անահիտի կիթառը:
Ու էդ ճգնաժամային իրավիճակում Անահիտը գալիս ու առաջարկում է խաչբառ լուծել: Իրականում էս պարագայում պայծառափայլ միտքս սկսում է մեկ-մեկ գոնե ազդանշաններ ուղարկել, իրեն էդքան էլ լքված չի զգում:
Ճգնաժամային իրավիճակս նպաստավորի եմ վերածում, երբ վերցնում եմ էն սառած ու անզգայացած ոտքերս ու ավելի հետաքրքիր ժամանակ անցկացնելու ճանապարհ բռնում:
Էդ պահին հասկանում եմ՝ պատճառը երկուշաբթին էր, էն չարաբաստիկ խառը ու նույն պահին կյանքիս ռիթմը ապահովող առօրեական երկուշաբթին:

Սովորական երեքշաբթի: Չնայած՝ իմ երեքշաբթիները երբեք սովորական չեն: Իմ երեքշաբթին երեքշաբթի չէ, եթե…

Եթե չհիշեմ էն պերցեպտիվի դասախոսությունը ու հասկանամ, որ ըմբռնելուց էլ արդեն ուզած-չուզած իմաստ եմ տալիս օրերիս: