hasmik givargizyan

Մուսան, Լուսինեն ու մենք

Եվ ո՞ւր են այն հարազատները, որոնք խոստացել էին կողքիդ լինել լինել դժվար պահերին: Ասացին ու հեռացան: Փիլիսոփայական հարց. երբ տանը գրեթե միշտ  մենակ ես, հեռախոսդ օրերով չի ընդունում սպասված զանգերը, փողոցով քայլելիս ավելի ու ավելի հազվադեպ ես հանդիպում ծանոթ դեմքերի… 

Ինչպե՞ս է կոչվում այդ ամենը՝ ազատությո՞ւն, թե՞ մենակություն: Ինքս էլ չգիտեմ: Գնալով ավելի քիչ եմ գրում, իսկ գրելուց էլ՝ տխուր բաների մասին, հետաքրքրություններս դառնում են նախկին հետաքրքրություններ, և միայն այդ կոտրված գրիչն է, որ ոչ մի կերպ չի բարկացնում և չի հոգնեցնում ինձ:

Մտքերս գալիս են, գնում, ու ես չեմ հասցնում գրի առնել դրանք:  «Եթե մուսադ եկել ա, թքած ունեցի կիսատ թողած դասերիդ վրա, որովհետև դասերդ էլի կսովորես, իսկ մուսան նենց բան ա, որ կարող ա կես ժամով գա ու էլի գնա: Պիտի հասցնես նյութիդ հիմքը դնես, որ հետո եթե մուսադ գնա էլ, նյութիդ վրա աշխատել իմանաս»,-ասաց արդեն համալսարանական Լուսինեն, ասաց լավ նպատակներով, ասաց մեր սրտից, որովհետև հենց այդ խոսքերն են իմ այս նյութի երկրորդ աստիճանը:

Այդ կիսատ թողած դասերը մենք կսովորենք, ու կսովորենք ոչ թե հենց այնպես՝ սովորելու համար, այլ արդեն որպես մի նոր պատմություն: Ու մեր հիշողության մեջ կմնան ոչ թե այդ պարտաճանաչ սովորած դասերը, այլ հենց այդ կիսատ թողած  ու հետո սովորած դասերը, որոնց շնորհիվ մենք, գուցե, գրենք մեր ամենալավ ու հաջողված նյութը կամ նյութերից մեկը: «Հասցրեք գրի առնել կամ մի տեղ նշել էն կարևոր միտքը, որի շուրջ հետո ձեր նյութը կկառուցեք: Հնարավոր ա վերջում էդ միտքը պետք էլ չգա, ու հանեք, բայց էդ մի միտքն ա, որ ձեզ առաջ կտանի»,- շարունակեց Լուսինեն, ու կարծես ինչ-որ կախարդական ձևով հետ կանչեց այդ «մուսա» կոչվածին:

Իսկ ես հիմա էլ դասերս թողած այս նյութն եմ գրում` ինքս ինձ տված` դասերը պարտադիր սովորելու խոստումով: Խոստումով, որ Լուսինեն բարձր կպահի գլուխը իր ճիշտ խոսքերի համար, ու խոստումով, որ ուսուցիչներս չեն մեղադրի նրան երեխաներին դասերից կտրելու և այլ բաներով զբաղեցնելու համար:

Հ.Գ. Սիրելի Լուսինե, շնորհակալ եմ սրտացավ լինելու և խորհուրդներ տալու համար:

Հ.Գ.Գ. Սիրելի ուսուցիչներ, հիշե՛ք ու իմացե՛ք, առանց մեր ստեղծագործական կյանքը զարգացնելու, մենք մեր բարձր գնահատականներով ու առաջադիմությամբ չենք գոհանա: Ես այդպես եմ կարծում: