elizabet harutyunyan

Մտածելու մասին

«Աբու-Լալա Մահարին,
Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,
Տասնյակ տարիներ ապրեց
Խալիֆաների հոյակապ քաղաքում,
Ապրեց փառքի և վայելքի մեջ,
Հզորների և մեծատունների հետ սեղան նստեց…»։

Նա էլի դասն էր ներկայացնում: Սովորաբար ես լսում եմ նրան, ոչնչով չէր տարբերվում և այս անգամը, բայց… Ա՜խ, այս «բայցը»։
-Ընկեր Սահակյան, մրսում եմ, կլինի՞ գնամ արևի տակ նստեմ։
-Այո, բայց արագ կազմակերպվիր։

Տեղավորվեցի, ձեռքս դրեցի սեղանին, գլուխս՝ ձեռքիս, աչքերս դեպի ուսուցիչն ուղղեցի և հանկարծ սեղանի վրա տեսա մի սարդ։ Մենք հանդիպեցինք աչքերով, նա շուռ եկավ և սկսեց հեռու գնալ ինձնից։

«Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ,
Սիրեց և փորձեց ընկերներին…»:

Մեկումեջ ես լսում էի ուսուցչի ձայնը, և մեկ էլ աչքերով հանդիպում սարդին, ապա ամեն ինչ թողած՝ անցնում մտքերի գիրկը։
Ասում են՝ չի կարելի կարծիք կազմել մարդու մասին՝ առանց նրան ճանաչելու, ուրիշից լսած տեղեկությունով։ Պետք է մարդուն ճանաչես ու նոր ինքդ կարծիք կազմես։ Հիշեք էս խոսքը, հիմա մեկ ուրիշը կասեմ։ Նույնպես ասում են, որ խելացին ուրիշների սխալների վրա է սովորում։ Իրականում, դու ինչքան էլ խելացի լինես, չես կարող սովորել ուրիշի սխալների վրա։ Դե, եթե դիմացովս մարդ քայլի ու ոտքը ուժեղ քարին հարվածի, ես էլ հո չե՞մ անի նույնը, ես ուշադիր կլինեմ: Բայց խոսքն ավելի խորը բաների մասին է։ Հիմա մի դեպք պատմեմ։
Օրեր առաջ ծանոթացա մեկի հետ, և ինձ նախազգուշացրին, որ ոտքս քարին կտամ։ Ես չլսեցի՝ մտածելով, որ պետք է մարդուն ճանաչես, նոր ինքդ կարծիք կազմես։ Վերջնական արդյունքում նա ինձ վնասեց և անմեղ դուրս եկավ մարդկանց աչքերում։ Դե, ասա, ո՞նց ես միշտ ցեխից մաքուր դուրս գալիս, ջրից էլ՝ չոր:
Կարող եմ մեկ ուրիշ պատմություն էլ պատմել, թե ինչպես նույն ձևով չլսեցի մարդկանց և հիմա կողքիս ունեմ մեկին, ում ընկերուհի եմ կոչում, բայց դե, դա ձեզ հետաքրքիր չէ։

«Աշխարհն էլ ասես մի հեքիաթ լինի՝ անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական։ Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ…»:

Սարդը, որին ես այդպես էլ անուն չտվեցի, սեղանին թափառելուց հետո գտավ մի արևոտ հատված և հենց արևի տակ կանգնեց, մնաց անշարժ։ Ես հիշեցի Ամալյայի խոսքերը՝ մեզ մի բուռ արև է պակասում։ Արդյո՞ք սարդերն էլ արևի պակաս ունեն։ Այսուհետ, եթե տանը սարդ տեսնես, չհանես հողաթափդ ու լույսի արագությամբ չմտրակես նրան: Միջիդ արևը կմիացնես։ Սենտիմենտալ կթվամ, բայց ուզում եմ մտածես ասածներիս ուղղությամբ, հասկանաս՝ ո՞րն էր ճիշտ, ախր, երկուսն էլ ճիշտ են։
Իսահակյանը վերջում հասկացավ, որ միայն մայրն է իրական սիրով լցված, իսկ ե՞ս… Ես ի՞նչ հասկացա…