Ani Ghulinyan

Մտորումներ համերգից հետո

Մի քանի օր առաջ իր նյութում իմ համագյուղացի Ստելլա Ավետիքյանն անդրադարձել էր Կոմիտասի անվան ազգային քառյակի Դսեղ այցին ու կայացած համերգին:

Տեղեկատվական առումով նա իր նյութում ամեն բան տվել է, իսկ ես դրա հետ կապված մեկ այլ հարցի մասին եմ ցանկանում խոսել, որին անդրադարձավ Ազգային քառյակի հանրության հետ կապերի պատասխանատու Կարեն Քոչարյանը: Խոսքը վերաբերում է դասական երաժշտության, կամ առհասարակ, մշակութային ծրագրերից մարզերի, մասնավորապես գյուղերի դուրս մնալուն, որը հանգեցնում է նոր սերնդի մեջ վատ ու անցանկալի ճաշակի ձևավորման:

Այդ վատ ճաշակը զգացվում է ամեն ինչի մեջ`համերգի անցկացման վայրում անընդհատ ներս ու դուրս անողների, հետևի շարքում աղմկողների, դահլիճի ազատ աթոռների:
Ու էլի գալիս, հանգում ենք մի խնդրի, որի մասին էլի եմ խոսել. Հայաստանի գյուղերում հնարավորությունների պակասի:

Ոչ բոլորը կարող են տարվա մեջ գոնե մեկ անգամ մարզկենտրոնում թատերական ներկայացում դիտել, կամ նկարչական ցուցահանդեսի ներկա գտնվել: Երաժշտական ու գեղագիտական ճաշակը ձևավորվում է տեսնելով ու լսելով, իսկ գյուղերում այդպիսի հնարավորություններ քիչ կան, կամ ընդհանրապես չկան:

Մնում է միայն Մշակույթի նախարարության առաջիկա ծրագրերի ու այդ ծրագրով եկող խմբերին սպասել:
Համերգից հետո խոսվեց այն մասին, որ մեր գյուղի փոքրիկ բեմի վրա ուրիշ մեծ արտիստներ էլ են ելույթ ունեցել, ուղղակի այնքան վաղուց, որ արդեն դրանց մասին հիշողությունները նոր արտիստներով թարմացնելու ժամանակն է:
Թումանյանի գյուղ լինելն էլ իր առավելությունը ունի: Եթե մի ծրագիր պետք է լինի տարածաշրջանի գյուղական համայնքերից մեկում, նախապատվությունը մեզ են տալիս, ու դրա համար մեծանուն գրողին միշտ շնորհակալ կլինենք:

Իսկ ի՞նչ անեն մյուս գյուղերի բնակիչները, որտեղ գուցե վա՞ղը թումանյաններ ծնվեն: