Մրգավանում ընթերցողները շատ են

Հարցազրույց Արարատի մարզի Մրգավանի համայնքային գրադարանի գրադարանավարուհի Սուսաննա Սարգսյանի հետ

-Տիկին Սուսաննա, քանի՞ տարի է, ինչ աշխատում եք այս գրադարանում:

-Աշխատում եմ 1982 թվականից, արդեն 34 տարի:

-Ի՞նչ գրքեր ունի գրադարանը:

-Ունեմ արտասահմանյան, հայ գրողներ, ռուսական գրականություն: 7800 հատոր գրականություն ունենք:

-Իսկ ժամանակակից գրականությունից ի՞նչ գրքեր ունեք:

-Դե հիմա գրքեր շատ քիչ ենք ստանում, որ ասեմ, թե ժամանակակից գրականությունից ինչ ունեմ: Հին գրականություն շատ ունեմ: Ընթերցողներս դպրոցական երեխաներ են:

-Իսկ ընդհանրապես որտեղի՞ց եք գրքեր ստանում:

-Ես գյուղապետարանից եմ վճարվում, բայց մեր մեթոդմիավորման բաժինը Արտաշատից է գրքեր ստանում: Տարին կարող է տասը կտոր, հինգ կտոր մանկական գրականություն, բառարաններ և այլ գրքեր ստանամ:

-Դպրոցական ծրագրից  գրքեր ստանո՞ւմ եք:

-Այո, դպրոցական էլ ունեմ, գեղարվեստական էլ, ամեն ինչ էլ ունեմ:

-Իսկ ո՞ր գրքերն են ամենաշատ ընթերցվողները:

-Ամենաշատն ընթերցում են Րաֆֆի, Թումանյան, Սևակ են շատ կարդում երեխաները, մանկական գրողներ, արտասահմանյան են շատ կարդում, օրինակ`Ջեկ Լոնդոն:

-Քանի՞ ընթերցող ունեք:

-Մոտ 360-400: Բավական ակտիվ, լավ գրադարան է, երեխեքն անընդհատ օգտվում են: Մենք տարվա բոլոր եղանակներին էլ աշխատում ենք:

-Իսկ անցած տարիների համեմատությամբ ընթերցողների աճ նկատվե՞լ է:

-Մի քանի տարի առաջ շատ քիչ էր, իսկ հիմա ընթերցողներս ավելացել են: Չնայած հիմա երեխաները համակարգչից շատ են օգտվում, բայց շարունակում են հաճախել գրադարան:

-Հատկապես հիմա, որ համակարգիչները կան, ինչո՞ւ են մարդիկ շարունակում գրադարանից օգտվել:

-Գրքում ավելի մանրամասն է գրված: Երեխաներն այդքանն ի վիճակի չեն համակարգչով կարդալ: Գրքերը տանում են, օգտվում են, մեր գյուղում, համեմատած մյուս գյուղերի, ընթերցողները շատ են: Ես Կենտրոնի հետ կապ ունեմ. միջոցառումների ենք գնում, սեմինար-պարապմունքների: Երբ մյուսներին հարցնում եմ, թե քանի ընթերցող ունեն, ասում են` հարյուր կամ հիսուն, զարմանում եմ:

-Իսկ դուք ինչ-որ միջոցառումներ կազմակերպո՞ւմ եք, որ երեխաներին ավելի գրավեք:

-Դե, բնականաբար: Գրքի քննարկում ենք անում, շատ լավ է անցնում երեխաների հետ, մանավանդ` փոքրերի: Երեխաները գալիս են, պատմում են, ուրախանում են: Իրենք ինձ են շատ սիրում, ես` իրենց: Երբ գալիս են, ես իրենց գրանցում եմ, ասում եմ` գրադարանի անդամ եք, երեխեք ջան: Այդ ամենից իրենք ավելի շատ են ոգևորվում: Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում:

-Պատահե՞լ է,  որ երեխաները գան գիրք ուզելու, ու դուք չունենաք: Այդ դեպքում  ի՞նչ եք անում:

-Այնպես է եղել, որ երեխաների մոտ է եղել, ես հեռախոսահամար եմ վերցրել ու ասել եմ, որ երբ բերեն, կզանգեմ` կգաք կվերցնեք: Եթե գիրք չի լինում,  զանգում եմ Արտաշատ, այնտեղից ուղարկում են: Ես չեմ մերժում:

-Իսկ դուք ընթերցասրահ ունե՞ք:

-Մեր գյուղապետարանն ամբողջովին վերանորոգված է, բացի գրադարանից, սակայն այս տարի գրադարանում ընթերցասրահ կլինի:

-Լավագույն ընթերցողներ ունե՞ք:

-Այո, ցուցանակի վրա ես գրած ունեի,  հանել եմ, պետք է նորից գրեմ:

-Իսկ ձեր լավագույնները ի՞նչ գրքեր են կարդում:

-Շատ են կարդում սիրային վեպեր:

-Ի՞նչ գրքեր եք խորհուրդ տալիս կարդալ:

-Ասում եմ` հայ գրողներին կարդան: Երեխա կա, գալիս է, ասում  եմ` մի հայ գրողի անուն ասա, ասում է` չգիտեմ: Ասում եմ, որ գնան կարդան: Կարդում գալիս են, ասում են` ընկեր Սուսան, դուք բոլորը կարդացե՞լ եք: Ասում եմ` հա, երեխեք ջան, բայց  արդեն չեմ հիշում:

-Որ կարդում,  վերադարձնում են գիրքը, լա՞վ վիճակում է լինում:

-Այո, լավ վիճակում է լինում: Մի քանի անգամ եղել է` երեխաները տարել պատռված բերել են: Ես զայրացել ու ասել եմ` ոնց գիրքը տալիս եմ, այնպես էլ վերադարձրու:

-Ո՞րն է ձեր ամենասիրելի գիրքը:

-Ես ավելի շատ սիրում եմ բանաստեղծություններ կարդալ: Շատ եմ սիրում Սևակ և Սահյան:

Հարցազրույցը վարեցին` Հռիփսիմե Վարդանյանը, Անի Սարգսյանը, Հասմիկ Գալստյանը, Անի Խաչատրյանը

Գրի առավ` Անգելինա Կարապետյանը