Ani Ghulinyan

Մրցավարներն ու սպորտը

Սպորտում հաճախ հաղթանակի նժարը մարզիկի կողմն է թեքվում ոչ միայն մարզիկի ու մարզիչի, այլև մրցավարի՝ ճիշտ աշխատանքի շնորհիվ: Ես ավելի հաճախ հետևում եմ ֆուտբոլային հանդիպումներին, բայց այլ մարզաձևերում նույնպես երբեմն մրցավարական կոպիտ սխալների եմ ականատես լինում:

Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ են Ռիոյի ամառային օլիմպիական խաղերը, որը յուրահատուկ էր ոչ միայն իր լավ կազմակերպվածությամբ ու գեղեցկությամբ, այլև մեր՝ հայերիս, քսանամյա դադարից հետո օլիմպիական ոսկու նվաճումով: Բայց հիշում ենք նաև, որ կարող էինք երկու ոսկի բերել Հայաստան, միայն թե սերբ մրցավարի բավականին կողմնակալ վարմունքի արդյունքում բավարարվեցինք երկրորդ տեղով, մեր մարզիչների հուսահատ գործողություններով, Միհրանի հիսաթափությամբ, Կարեն Գիլոյանի ու ողջ հայ ազգի այսպիսի օլիմպիական խաղերի վրա «թքած ունենալով»:

Թեև այս անարդարության հետևում մրցավարը չէր կանգնած, բայց նա հանդիսանում էր կատարման գործիք: Այս ամենը բուռն արձագանք գտավ մեր կողմից, որովհետև կատարվում էր ազգությամբ հայ մարզիկի նկատմամբ, բայց օրեկան տասնյակ այսպիսի դեպքեր են պատահում, որոնց մասին չենք էլ իմանում կամ պարզապես «աչք ենք փակում», որովհետև մեզ չի վերաբերում:
Պատահում են նաև մրցավարական սխալներ, որոնք միայն անուշադրության ու ցրվածության արդյունք են: Հատկապես ֆուտբոլային խաղերի ժամանակ դժվար է մեկ հայացքով տեսադաշտում պահել դաշտում կատարվող բոլոր իրադարձությունները, բայց մրցավարի աշխատանքի կարևորությունն էլ հենց դա է: Ֆուտբոլի պատմության մեջ երկու անգամ է պատահել, երբ մրցավարը ինքն իրեն կարմիր քարտ է ցույց տվել ու հեռացել դաշտից, երկու դեպքում էլ՝ սպասվող կոնֆլիկտից խուսափելու համար: Իսկ օրինակ իսպանացի մրցավարները, ովքեր հռչակված են իրենց բացառիկ «արդարամտությամբ», նման դեպքերում մրցավարի սխալը բացատրել փորձող ֆուտբոլիստնրին տասնյակ դեղին քարտեր են ցույց տալիս, որոշներին էլ՝ հեռացնում դաշտից:
Չգրված օրենք է, երբ մրցավարը մի թիմի օգտին պատահական սխալ է թույլ տալիս, իր սխալն ուղղելու համար կարող է համարժեք սխալ էլ մյուս թիմի օգտին թույլ տալ:
Եթե միցավարները շատ կոպիտ սխալ են թույլ տալիս, ՖԻՖԱ-ն խաղից հետո տուգանում կամ որակազրկում է նրանց, բայց այդ տուգանքից կորցրած հաղթանակը հետ չի գալիս:
Ախ, եթե միայն պատկերացնեք, թե ինչ ատելությամբ է լցվում երկրպագուն մրցավարի հանդեպ, երբ նա իր գործողություններով խլում է սիրելի թիմից հաղթանակը…
Սպորտը գեղեցիկ է, ֆուտբոլն ավելի, և եթե ամեն մարդ, մասնավորապես մրցավարները ճիշտ կատարեն իրենց գործը, սպորտով զբաղվելն ու այն դիտելը կդառնա ավելի հաճելի զբաղմունք: