Ani avetisyan

«Յո՞ երթաս»

Լսել եք, չէ՞, որ որևէ գրքի մասին ասում են. «Հիմարություն ա», «Անիմաստ բան էր», բայց երևի դուք էլ կհամաձայնվեք, որ ավելի լավ է այդ ամենի փոխարեն ուղղակի ասել. «Բան չհասկացա»: Դե, ճիշտ է, կան իրականում անիմաստ գրքեր, բայց յուրաքանչյուր, թեկուզ առաջին հայացքից հիմար թվացող գիրքը մեզ սովորեցնելու ինչ-որ բան ունի: Չնայած այսօր այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել:

«Վերք Հայաստանին» վեպի մասին լսելիս երևի բոլորդ էլ առաջին հերթին հիշում եք, թե դպրոցական տարիներին ինչ մեծ դժվարությամբ եք կարդացել գիրքը, կամ՝ չեք կարդացել, որովհետև «Հիմարություն էր»: Թե, ասա` ո՞ր դպրոցականին է ա պետք իմանալ՝ Թագուհուն ով փախցրեց, կամ էդ ժամանակ Աղասիի կյանքը ոնց դասավորվեց: Բայց եթե կարդում եք նյութս, ուրեմն հաստատ կիմանաք, որ «Վերքը» իրականում ամենևին էլ հիմարություն չի, ու թեման էլ ոչ թե Աղասին ու Թագուհին են, այլ՝Հայաստանը: Ճիշտ է՝ գիրքը բարդ է դպրոցականների համար, ու ոչ միայն, դե հա, ես էլ՝ շատերի պես, մի երեք անգամ վերցրել եմ գիրքը, տասը էջ կարդացել ու հետ դրել, հետո, երբ կար դպրոցական ծրագրում՝ կարդացել եմ սեղմ տարբերակն ու պատմել: Բայց եկավ մի ժամանակ, երբ հասկացա, որ արդեն պատրաստ եմ ձեռքս վերցնել գիրքն ու կարդալ մինչև վերջ, թեկուզ այդ երեք-չորս հարյուր էջի համար մի ողջ կյանք պահանջվի: Կարդացի: Չէ, հիմարություն չի, հաստատ: Մի կյանք էլ պետք չէր, մի քանի օր, կամ շաբաթ, չեմ հիշում: Ու էդպիսի գրքեր շատ կան, ուղղակի դրանցից շատերը էդպես էլ առանց կարդալու են մնում, որովհետև դպրոցում չեն հանձնարարվում, իսկ ընթերցողների «համարձակությունը» չի հերիքում նման գրքերը ձեռքը վերցնել: Ստացվում է, որ հազարավոր գանձեր առանց բացահայտվելու են մնում: Հիմա կասեք՝ էս ինչ ա էսքան երկար գրում: Մի քիչ էլ սպասեք՝ ասեմ:

Էդպիսի մի գիրք էլ ինձ համար կար՝ Հենրիկ Սենկեվիչի «Յո՞ երթասը», որ երևի 8-րդ դասարանից ձեռքիս տակ էի պահում, անընդհատ թերթում, կարդում մեջտեղի էջերն ու հիանում, բայց հասկանում էի, որ չեմ կարող մինչև վերջ կարդալ, չգիտեմ ոնց, բայց զգում էի, էլի: Մի քանի անգամ փորձեցի, վերցեցի, կարդացի առաջին երկու էջն ու նորից փակեցի. էս ինչ դժվար ա գրած, ախր, ինչի՞ ա քրիստոնեության մասին գիրքը սկսվում հեթանոսական կյանքի նկարագրությունով:

Ու էդպես բավական ժամանակ համակերպվում էի գրքից հատվածներ կարդալով, մինչև մի օր որոշեցի անպայման կարդալ գիրքը: Հանեցի գրապահարանից, հանդիսավորությամբ դրեցի բոլորի աչքի առաջ ու սպասեցի մինչև ազատ ժամանակ ունենամ` բարդ գործը սկսելու: Բայց, չգիտեմ ինչպես ու ինչ կախարդանքով գիրքս անհետացավ տնից, ասես չէր էլ եղել: Դե արի ու բան հասկացիր: Ես որոշեմ կարդալ, ու գիրքն անհետանա՞: Սակայն դրանից գրքի հանդեպ հետաքրքրությունս ավելի մեծացավ: Առաջին իսկ հանդիպած գրախանութից գնեցի գիրքն ու տուն եկա՝ այս անգամ այն աչքիս լույսի պես պահելու պատրաստակամությամբ: Բայց իրականում միայն կարդալուց հետո հասկացա գրքի իրական արժեքը:

Լավ, սկսեմ կարդալ ու պատմել ձեզ, բայց չէ, սյուժեն չեմ պատմելու, դուք կարդացեք: Միայն ասեմ, որ գրքի առաջին էջերը, որտեղ նկարագրվում են Հռոմի արիստոկրատության վարքն ու բարքը Ներոնի ժամանակներում, ու մեծն կայսեր բանաստեղծական տաղանդն են բացահայտում, կարող են մի պահ երկմտելու առիթ տալ՝ արժե՞ շարունակել կարդալ, թե՞ ոչ: Վստահ ասում եմ՝ արժե:

Չգիտեմ՝ գիրքը ձեր վրա էլ նույն ազդեցությունը կունենա, թե չէ, բայց ինձ համար այն անփոխարինելի դարձավ, ու ինչ սովորեցի, հասկացա այս գիրքը կարդալով, երբեք ոչինչ ու ոչ ոք չի կարող մոռացնել տալ: Գիրքը ասես մի տեսակ քրիստոնեական դասագիրք լինի, որ քեզ սովորեցնում է, օգնում էլ ավելի ամուր կապվել հավատիդ, ու թվում է, թե այլևս չկա մի բան, որ կարող է քեզ հեռացնել քո հավատից ու դավանանքից: Չի թվում,այդպես է: Բայց միևնույն ժամանակ, գիրքը մեծ գեղարվեստական արժեք ունի, իսկ այդ երկուսի հիմքը պատմական փաստերն են: Հռոմը Ներոնի կառավարման շրջանում, քրիստոնեության տարածումը կայսրությունում, Հռոմի հրդեհն ու հավատացյալների հալածանքները:

Կարծում եմ, հասկանալի է, թե որքան բարդ է համադրել այդ երեք բաղադրիչներն ու արդյունքում չկորցնել գեղարվեստականությունը, կամ չաղավաղել պատմությունը, բայց հեղինակի մոտ դա բավականին լավ է ստացվել: Համոզվելու համար՝ մի փոքր հատված գրքից.

«Կեսարը լողում էր արյան մեջ, Հռոմն ու ամբողջ հեթանոս աշխարհը խենթություններ էին անում: Բայց նրանք, որոնք արդեն զզվել էին ոճիրներից ուխենթություններից, նրանք, որոնց ոտնակոխ էին անում, նրանք, որոնց կյանքը թշվառության ու բռնության կյանք էր, նրանք՝ այդ բոլոր բեռնավորվածները, բոլոր վշտացածները, բոլոր անբախտները, գալիս էին հրաշալի պատմությունը լսելու այն Աստծո մասին, որ մարդկանց սիրուց իրեն խաչել տվեց և քավեց նրանց մեղքերը:

Եվ գտնելով Աստծուն, որին կարող էին սիրել, նրանք գտնում էին այն, ինչ որ մինչև այդ օրը այն ժամանակվա աշխարհը չէր կարողացել տալ ոչ ոքի՝ սիրուց բխող երջանկություն»: