ella mnacakanyan yerevan

Յոգա-մոգական կամ մոգական յոգա

-Նամաստե,- ձեռքերի ափերը խաչում ու գլուխը փոքր-ինչ խոնարհում է Անահիտը:
-Նամաստե,- նույնը մեխանիկորեն կրկնում եմ ես:

Նա նայում է դեմքիս ու թերևս կռահում, որ առանց հասկանալու կրկնեցի ժեստը:
-Նամաստե, այսինքն՝ իմ ներսի ադամանդը ողջունում է քո ներսի ադամանդին:
Ես ժպտում եմ: Իմ պատկերացմամբ՝ ներսիս ադամանդը պիտի ժպտերես լինի: Ես ժպտում եմ՝ չնայած իմ ներսի ադամանդը ներկաներից միակն է, որ յոգայից բոլորովին գլուխ չի հանում: Սկսում ենք մեր յոգա-մոգական դասը:
Հայաստանում յոգայի մասին պատկերացումները, եթե դրանք կան առհասարակ, շատ խառն ու ցաքուցրիվ են: Ու իմ պատկերացումներն էլ այս առումով բացառություն չեն: Չէին: Համենայնդեպս, պատկերացում չունեի, որ միայն քեզ մտացածին ոսկով օծելով կամ «ճիշտ» շնչել-արտաշնչելով կարող ես մի լավ լիցքաթափվել լարված օրվանից հետո ու ներդաշնակություն գտնել ինքդ քեզ հետ:

Երևի հարց ծագեց՝ ի՞նչ ասել է «ճիշտ» շնչել-արտաշնչել: Բանաձևն ասե՞մ: Պարզապես պիտի կարողանաք շունչ վերցնել ձեր կյանքի լավագույն օրվանից՝ ա՜յ, այն մեկից, երբ երջանկությունից թվում էր՝ յոթերորդ երկնքում եք: Իսկ հիմա փորձե՛ք մոխրագույն օձի մեջ ամփոփել ձեր ներսի չարությունն ու բացասական լիցքերը կամ ալ կարմիր աքաղաղի մեջ՝ խանդն ու նախանձը: Ստացվե՞ց: Դե՛, հիմա այն ամենալա՜վ ու երջանիկ օրվանից վերցրած շունչն արտաշնչեք՝ պատկերացնելով, թե քթից դուրս եք հանում մոխրագույն օձին կամ ալ կարմիր աքաղաղին: Մի բան ստացվե՞ց: Եթե ոչ, ապա ոչի՜նչ, նորից փորձեք, ինձ մոտ էլ սկզբում ոչինչ չէր ստացվում: Անահիտը՝ մեր յոգա-մոգական դասի՝ պրոֆեսիոնալ որակավորում ունեցող ուսուցչուհին, ասում էր, որ կարևորն առանց հուսահատվելու փորձելն է. մի փոքր պրակտիկա, ու ամեն ինչ կստացվի: Անահիտի յոգան իսկապես մոգական էր, ու ստիպեց ինձ մի պահ կտրվել աշխարհից ու հայտնվել մեկ այլ՝ առանց կաղապարների ու սահմանների իրականությունում, որտեղ ենթագիտակցությունը գերիշխում էր միշտ զգոն գիտակցությանս: