laura sekoyan

Յոթ անգամ չափիր

Ես Լաուրան եմ: Իմ ազգանունը հաճախ շփոթում են Շեկոյան ազգանվան հետ, բայց ես Սեկոյան եմ: Ես մի քիչ գժուկ աղջիկ եմ: Այդպիսին եղել եմ փոքր ժամանակվանից: Պատմեմ մի երկու դեպք: Այս դեպքերը տեղի են ունեցել Լենինգրադում` ներկայիս Սանկտ Պետերբուրգում: Այդ ժամանակ ես եղել եմ երկու-երեք տարեկան:

Ամառվա մի շոգ առավոտ արթնացա ու տեսա, որ մայրս ու հայրս արդեն գնացել են աշխատանքի: Աշխատավայրը հեռու չէր` այն նույն շենքում, որտեղ ապրում էինք: Դեռ մանուկ հասակից սիրել եմ նայել,  թե ինչպես էր հայրս սափրվում: Ու այդ առավոտ որոշեցի փորձել ինձ վրա: Վերցրի սափրվելու փրփուրը ու սկսեցի քսել դեմքիս: Մեկ էլ, քեռին մտավ ներս:

-Լաուր, էդ ի՞նչ ես անում:

-Թրաշվում եմ, քեռ: Ինձ բեղեր սազո՞ւմ ա:

Ուշադիր վրաս նայելով քեռիս չկարողացավ զսպել ծիծաղը ու պատասխանեց.

-Հա շատ ա սազում, այ գժուկ:

Այդ անգամ հաջողվեց ինձ «փրկել», բայց երկրորդ անգամ խեղճ մայրիկիս չհաջողվեց փրկել իմ երկար թարթիչները:

Ուրեմն էսպես. նորից Պետերբուրգում ու նորից նույն տանը: Էլի մի լուսավոր օր էր, ու էլի ես տանը մենակ էի: Պետք էր նորից մի բան մտածել: Պտտվում էի ամբողջ տնով ու մտածում: Կանգնեցի հայելու առաջ ու նայեցի դեմքիս: Մտածում եմ` թարթիչներս շատ երկար են, պետք է կտրել: Վերցրի մկրատը ու կտրեցի թարթիչներս: Մի րոպե չանցած մայրս ներս մտավ: Թե ասա` մի քիչ շուտ գայիր, էդ երկար թարթիչներից չզրկվեի:

Հիմա, երբ մեծացել եմ, մի բան անելուց առաջ երկար մտածում եմ: Սխալներ կան, որ հետո չես կարող ուղղել, որքան էլ ցանկանաս: