Յոթ երջանիկ օրեր կամ #sss19

Այս ամռան իմ լավագույն ձեռքբերումներից մեկը Seaside Startup Summit 2019-ին մասնակցելն էր։ Նախկինում շատ էի լսել այդ վրանային բիզնես ֆորումի մասին, բայց երբեք չէի պատկերացնի, որ Ստարտափ ակումբի շնորհիվ հնարավորություն կունենամ ինքս էլ այդ մեծ հեքիաթի մի մասը դառնալ, ապրումակցել բոլոր նրանց, ովքեր արդեն մասնակցել են ու կիսվում են աննկարագրելի ոգևորությամբ, գիտելիքներով, հետաքրքիր, արկածային հիշողություններով։ Իմ հաջորդ տողերում ես կպատմեմ այդ  7 երջանիկ օրերի մասին, որ ապրել են Հայաստանի տարբեր մարզերից ու աշխարհի 45 և ավելի երկրներից ժամանած ավելի քան 1000 ստարտափերները։

Օր 1

 

Դեռ լույսը նոր էր բացվել, բայց դրսից արդեն լսվում էին Վարդավառը տոնող ջրվածների ձայները։ Վեր կացա, ուրախ տրամադրությամբ արագ-արագ պատրաստվեցի ու սկսեցի բանակցությունները հարևան երեխաների հետ, որ թողնեն առանց թրջվելու Sevan startup summit հասնեմ։ Դիվանագիտական հնարքներս իզուր չանցան, և շուտով, առանց մի կաթիլ թրջվելու, հասանք ճամբարի տարածք։

Մուտքը սահմանափակ էր, անհրաժեշտ էր թույլտվություն ստանալ, ապա գրանցում անցնել, և  համապատասխան բեյջը ստանալուց հետո միայն գնալ վրանների մոտ։

Սևանի փեշին՝ ծառերի շվաքում տեղակայված անհաշվելի վրանների մի մասը շրջանցելով ես և Գավառի մեր մյուս մասնակիցները հասանք մեր ջոկատին՝ Startup club անունով։ Այստեղ հավաքվելու էին տարբեր մարզերի ստարտափ ակումբներից կրտսեր ստարտափերներ, ավելի փորձառուներից նոր բաներ սովորելու և սեփական նորարարական գաղափարը ստեղծելու ու աստիճանաբար կյանքի կոչելու։ Մեզ դիմավորեցին կամավորները, ծանոթացանք, հետաքրքիր սեղանի խաղեր խաղացինք, մինչ Երևանից մյուս մասնակիցները կհասնեին ընկեր Տաթևի՝ մեր ջոկատավարի ուղեկցությամբ։

Մեր ջոկատի մյուս անդամների հասնելուն պես սկսվեցին ավանդական ծանոթությունները և խմբերի բաժանվելու և վրաններում տեղավորվելու գործընթացը։ Յուրաքանչյուր խումբ ուներ մենթոր, ով օգնելու էր խմբին գաղափարը զարգացնելու գործում, իսկ վրաններում քնում էինք չորս հոգով։

Երեկոյան՝ հանգստից կամ Սևանում լողալուց հետո, հավաքվեցինք փոքրիկ խարույկի շուրջ։ Օրվա քննարկման թեման ինքնատիրապետումն էր։ Խաղերի, մոտիվացնող վարժությունների ու հարց-պատասխանի միջոցով յուրացրեցինք թեման, ինչից հետո ամբողջ ջոկատով մասնակցեցինք  բացման հանդիսավոր արարողությանը։ Կեսգիշերը մեր տրամադրության տակ էր՝ կարող էինք խարույկի շուրջ ֆիլմ դիտել, մաֆիա խաղալ, դիսկոյին մասնակցել կամ պարզապես վրանում հարմար տեղավորվելով՝ քնել։ Կարևորը՝ չխանգարել մյուսներին։

Ես քնում եմ՝ ամփոփելով օրը։ Օրվա իմ բացահայտումը կամավորներն էին՝ Եվան, Դավիթը, Արփին, Միկան, Կարապետը, Սաթենիկը։ Եթե բոլորին փորձեմ միանգամից նկարագրել, կառանձնացնեմ հետևյալ բառերով՝ համբերատար, ընկերական, կենսուրախ, խելացի, աշխատասեր…

 

Հ.գ. գիշերը մեր հարևան վրանում հյուր ունեինք. գորտ էր մտել։

Օր 2

 

Արթնացա ծաղրական քրքիջ հիշեցնող տարօրինակ ձայնից, որ պարզվեց որորների աղմուկն էր։ Գիշերը ցուրտ էր, վրանում քնելուն փոքրիշատե հարմարվել էի նախորդ վրանային ճամբարի ժամանակ, այդ պատճառով էլ գուցե ավելի երկար էի քնել, քան իմ վրանակից աշտարակցի աղջիկները։

Օրը սկսվեց մարմնամարզությամբ։ Բոլոր ջոկատների հետ միասին, երաժշտության ուղեկցությամբ սկսեցինք անվերջանալի թվացող ֆիզիկական վարժությունների շարքը։ Երբ ջոկատ վերադարձանք, համատեղ ուժերով ճաշ պատրաստեցինք (մինչև կտրոններ կստանայինք՝ գնումներ կատարելու համար):

Ազատ ժամանակվա համար շատ սեղանի խաղեր ունեինք։ Դրանցից ամենահետաքրքիրը, որը խաղալու համար պահած հերթը ամենաերկարն էր լինում, Dixit-ն էր։ Նկարը ինչ որ բանի հետ ասոցացնելով՝ անվանում ես տալիս, ապա համեմատում մյուսների ընտրած նույն թեմային համապատասխանող նկարների հետ, քվեարկությամբ միավորներ հավաքում և ամենաշատ միավորներով հաղթում։ 

Օրվա գրաֆիկի համաձայն, այսօր ևս ունեցանք դասընթաց ժամանակի խնայողության մասին, ինչը ցանկացած ձեռներեցի հաջողության գրավականներից մեկն է։

Դեռ նոր էինք դասն ավարտին հասցրել, երբ զգացինք անձրևի հեռահաս աղմուկը։ Շտապ հավաքեցինք սնունդն ու մնացած ապրանքները ծածկի տակ ու վրաններ մտանք, մինչև անձրևը կտրվեց։

Մինչ կմթներ, մեծ խարույկի մոտ զրույց ունեցանք «Սևան ստարտափ սամմիթ»-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և 2018 թվականի հաղթող ստարտափի հեղինակի հետ։

Այս օրվա իմ բացահայտումը փոքրիկ Մարիանէն էր, ով ապշեցնում էր բոլորին իր պարային ունակություններով։

 

Օր 3

 

«Կռունկները այս առավոտ…». Աիդա Սարգսյանի երգը ստիպում է արթնանալ։ Կողքի ջոկատից է։ Երևի ամենատարբերվող ջոկատն է, որ ամեն ժանրի երաժշտություն միացնում է օրվա տարբեր ժամերին՝ սիմֆոնիա, օպերա, ռաբիզ, ժողովրդական… Իսկ երբ երաժշտությունը չի օգնում արթնացնել, անցնում են այլ՝ շերեփ-կաթսա մեթոդին։

Այս օրը յուրահատուկ էր նրանով, որ ստացանք կուպոնները (մոնոպոլիայի թղթադրամներ հիշեցնող կտրոններ, որոնցով կարող էինք գնումներ կատարել)։

«Դիզայն մտածողություն» թեմայով դասից հետո իմացանք, որ մեր ընկերներից մեկը ջրծաղիկով հիվանդացել է։ Տխրեցինք, երբ իմացանք, որ ստիպված է տուն վերադառնալ։ Նրան ճանապարհելուց հետո մի քանիսս ափ իջանք, լուսանկարվեցինք, փորձեցինք քարեր նետել ջրի մեջ, կամ ավելի ճիշտ՝ սահեցնել ջրի մակերևույթին, քայլեցինք մինչև ճայերի կղզին ու հիացանք կարմրաթույր մայրամուտով, որ գունավորել էր հորիզոնը։ Հետ գալիս համտեսեցինք տեղում թխվող լավաշից (իդեպ, նախատեսվում է Հայաստանում լավաշի թանգարան հիմնել), որ ամեն երեկո անուշ բույրը սփռում է ճամբարի տարածքում։ Երեկոյան, ինչպես սովորաբար, սկսվեց խրախճանքը, քանի որ մեր հյուրն էր Արտեմ Վալտերը իր կատարումներով։

Օրվա իմ բացահայտումները  Հայկազը և Գեորգին էին։ Հայկազը այլ ջոկատից ակտիվ մի երիտասարդ էր, ով պարզվեց, որ իմ համաքաղաքացին է։ Նա դարձավ մեր ջոկատի անբաժան մասն ու հավատարիմ ընկերը մինչև վերջին օրը։ Իսկ Գեորգին, ով շատ խելացի թվաց, որովհետև մեր դասին ներկա գտնվելիս բավականին հետաքրքրությամբ էր լսում, հաճախ էր այցելում մեզ և մեզ հետ մաֆիա խաղում։

 

Հ.գ. Կողքի վրանի գորտը մշտական հյուր էր դարձել։

 

Օր 4

 

Զարմանալի է, որ Բասսամի մասին գրում եմ 4-րդ օրվա տողատակում, քանի որ առաջին օրվանից բոլորի ուշադրությունը գրաված շոումենը ճամբարի ամենակենսուրախ ու հումորով մարդկանցից մեկն էր։ Այս առավոտ մարմնամարզության փոխարեն Բասսամը մի քանի համարձակների փորձության ենթարկեց trust jump-ի (վստահության թռիչքի) միջոցով։ Վստահու՞մ ես, ապա բեմից ցատկիր ամբոխի մեջ և հավատա, որ նրանք ձեռքերի վրա կպահեն քեզ։

4-րդ օրվա դասընթացը թիմային աշխատանքին էր ուղղված, որի ժամանակ ստացած գիտելիքներն ու փորձը պետք եկան մեզ մնացած օրերի ընթացքում։

4 օր պահանջվեց մեզանից, որպեսզի սովորենք պահպանել հավասարակշռությունը և վայր չընկնենք գամակի վրայից։

Այս երեկոն անցկացրեցինք խարույկի շուրջ՝ հայրենասիրական երգեր երգելով, կրակի վրա կարտոֆիլ ու սունկ խորովելով։

Այս անգամ իմ բացահայտումը ընկեր Տաթևն էր՝ նույն ինքը բարության ու հավասարակշռության մարմնացումը, ով հասկանում էր բոլորիս հոգեբանությունը և միշտ պատրաստ էր օգնել։

 

Օր 5

 

Սկսվեցին ծանր մտավոր աշխատանքները։ 5-րդ օրվանից սկսեցինք խմբերով գաղափարներ քննարկել։ Ուսումնասիրել շուկան և ընտրել այն գաղափարը, որը առաջինն է աշխարհում։ Դժվար էր, ինչ խոսք։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր Արմանը տանջվում, երբ հանկարծ համացանցն ապացուցում էր, որ իր մտածած սարքից արդեն աշխարհում գոյություն ունի։ Երբ բարդության էինք հասնում, մեր երևակայությունը հասցնում էր մեզ մինչև թռչող գորգերն ու ջինի թեյնիկներ։ Միգուցե հնարավոր լիներ ստեղծել։

Ես ինձ համար այդօր բացահայտեցի ևս երկու կերպար, երկու Դավիթների, ովքեր փայլում էին իրենց հանճարեղ մտքերով ու անգլերենի իմացությամբ։

Օր 6

 

Արդեն սկսվել էին չարաճճիությունները։ Արթնանում էիր, հասկանում, որ դեմքդ պատված է ատամի մածուկով։ Մեր վրանում նույնիսկ ցուցանակ էինք կախել. «Պաստել ներողամտաբար»։ Օ՜, չարաճճիներ մենք շատ ունեինք։

Գաղափարները գնալով հղկվում էին, կազմել էինք բիզնես Canvas մոդելը, ունեինք 4 տարբեր գաղափարներ։ Օրվա ընթացքում փակ քվեարկությամբ ընտրեցինք լավագույնը, որը պետք է ներկայացնեինք բեմից, որպես մեր ջոկատի ծրագիր, այնուհետև բոլորս ձեռնամուխ լինեինք դրա իրագործմանը։

Ընտրությունն ավարտված էր։ Մեր ջոկատը պատրաստվում է ստեղծել ակնոց կույրերի համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ինքնուրույն կարդալ գրքերը առանց բրալյան այբուբենից օգտվելու։ Սկանավորման միջոցով ակնոցը հասկանում է ցանկացած տեքստ, ինֆորմացիան ձայնայինի վերածված ուղարկվում է ականջակալին և հասանելի լինում ակնոցը կրողին։ Ակնոցն ունենալու է նաև GPS, որը հնարավորություն կտա, օրինակ, տրանսպորտից օգտվելու կամ ինքնուրույն տեղաշարժվելու։

Փորձառու ստարտափերների big battle-ից (մեծ պայքար) հետո, մեր ջոկատը ներկայացրեց երկու օրում ծնված մեր գաղափարի մասին, որը ժյուրիների կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ, և անսպասելիորեն շահեց 1000 դոլլար։

Երջանիկ գիշեր էր։ Բոլորս երջանիկ էինք։ Մեր գաղափարը գնահատվել էր և իրագործման արժանի էր համարվել։

Դա վերջին գիշերն էր ճամբարում։ Այդ օրը բոլորը հատ առ հատ բացահայտում էին ինձ համար։ Մեկը մեկից անկեղծ, մեկը մեկից անմիջական ու զարմանալի։

 

Օր 7

 

Հրաժեշտ։ Հրաժեշտը տխուր է։ Չեմ ուզում երկար խոսել տխուր բաների մասին։ 7-րդ օրը բոլորս տուն վերադարձանք, ամբողջացրինք 7 օրերի մեր ապրածը մեր հիշողությունների շտեմարաններում։