Յոթ ուղերձ մեծերին

1. Խնդրում եմ մի մեղադրեք մեզ, որ ծանոթ չենք ձեր հին դժբախտություններին և կարող ենք հանգիստ ծիծաղել ու ժպտալ երթուղայինում ու փողոցում: Եթե բարձր ձայներով ձեզ չենք խանգարում, խնդրում եմ, թարս մի նայեք մեր ժպիտներին, որովհետև դրանք շատ հեշտությամբ վերանում են, իսկ ժպտացող դեմքերը տեղից էլ շատ քիչ են մեր փողոցներում:

2. Դուք անընդհատ ինչ-որ վատ բան եք տեսնում վիրտուալ շփման մեջ: Չգիտեմ ինչու, դա ձեզ համար հանցանքին հավասար մի բան է: Դեմ եք մեր վիրտուալ շփմանը, բայց մեզ անընդհատ հորդորում եք շատ շփվել մեր ընկերների հետ: Իսկ ինտերնետը ամենալավ միջոցն է միշտ կապի մեջ լինելու համար: Էլ չասեմ, որ ինքներդ էլ հավեսով օգտվում եք սքայփից ու ֆեյսբուքից` ձեր բարեկամների հետ խոսելու համար:

3. Նույն երկրորդ կետի թեմայով. այդքան կողմ լինելով կենդանի շփմանը, հաճախ ինքներդ եք մեզ արգելում դուրս գալ ընկերների հետ, կամ կարծում եք, որ այդ ժամանակը ավելի օգտակար բանի վրա կարելի է ծախսել: Չեք վստահում, որ մենք ինքներս կարող ենք տնօրինել մեր ժամանակը:

4. Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եք բացասաբար վերաբերվում մեր տեխնիկային, իսկ ինքներդ ուզում եք ամեն նոր բան ունենալ, անկախ այն բանից, օգտվել գիտեք, թե ոչ: Ի՞նչ վատ բան կա ինտերնետի, ականջակալների ու հեռախոսների մեջ: Երբ մեզ ականջակալներով եք տեսնում, անպայման մի քիչ թարս եք նայում, կարծում եք, որ դա անուշադրության պատճառ է, որ կարող ենք իբրև թե չլսել մեքենայի ձայնը ու մեքենայի տակ ընկել, կարծում եք ականջակալները անտարբերության նշան են: Իսկ իրականում մի՞թե վատ է, որ քո երաժշտությունը միշտ քեզ հետ է:

5. Ժամանակին, երբ մեր տարիքին եք եղել, դուք իհարկե շատ գեղեցիկ ու ոճային եք հագնվել, բայց ճաշակը ժառանգաբար չի փոխանցվում: Խնդրում եմ, մի մոռացեք, որ ձեր ճաշակը մեր ճաշակը չէ, և մենք առանձին անհատ ենք, մեր ճաշակով: Միգուցե դուք կուզենայիք, որ ձեր աղջիկը հագնվեր գեղեցիկ ու «աղջկական», ինչպես, օրինակ, ձեր հարևանի աղջիկը, բայց խնդրում եմ հաշվի առեք, որ ամեն մեկն իր ճաշակն ունի, և գուցե ձեր աղջկան կամ տղային դուր չի գալիս դասական ոճը, կամ հարմար չէ ամենօրյա խառնաշփոթի համար:

6. Ինչ վերաբերվում է հարևանի աղջկան կամ տղային: Խնդրում եմ, երբեք մեզ մի համեմատեք ուրիշ մեկի հետ: Նախ, նորից կա անհատականության հարցը` ամեն մեկս մեր լավ ու վատ կողմերն ունենք, տարբեր ենք: Իսկ համեմատությունը մեր ականջին հաճախ այսպես է հնչում. «Այ, եթե նա լիներ իմ երեխան, և ոչ թե դու…»: Էլ չեմ շարունակում: Դուք հասկացաք, հուսով եմ:

7. Վերադառնամ ճաշակների տարբերությանը: Եթե ինչ-որ գիրք կարդալու համար մենք խորհուրդ ենք հարցնում ինտերնետից և ոչ թե ձեզնից, դա չի նշանակում, որ մենք ձեզ անտեսում ենք, կամ կասկածում, որ դուք բավականաչափ կարդացած եք: Պարզապես, հնարավոր է մեզ այլևս չեն հետաքրքրում «Ջեյն Էյրն» ու «Անգլուխ ձիավորը»: Կարող է նաև ինչ-որ մեկին շատ հետաքրքիր է: Նորից նույն հարցն է, որն ամենաշատն եմ ուզում հասկանաք: Մենք տարբեր ենք, ձեր աչքին նույնը թվացող «այս սերնդի» մեջ լրիվ տարբեր մարդիկ են: Մի ընդհանրացրեք մեզ:

Հ.Գ. Շնորհակալություն ուշադրության համար, խնդրում եմ, միշտ հաշվի առեք մեր կարծիքը, կամ գոնե լսեք: