«Յուրաքանչյուր մարդ ինձ համար մի պատմություն է». Արման Ֆաթիջ

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Ինչպես գիտեք, հուլիսի 9-15 Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացվեց Media Moving Forward ծրագիրը, որի շրջանակներում մենք՝ 17-ի թղթակիցներով, ոչ միայն ծանոթացանք թվային տեխնոլոգիաներին և մերօրյա մեդիայի մարտահրավերներին, այլև հանդիպեցինք հետաքրքիր երիտասարդների, ովքեր ևս իրենց երկրում զբաղվում են լրագրողական գործունեությամբ, նյութեր գրում, թղթակցում այս կամ այն լրատվամիջոցին: Նրանցից մեկն էլ քսանհինգամյա Արման Ֆաթիջն է՝ Բոսնիա և Հերցոգովինայից, ով, ավարտելով Սարաևոյի պետական համալսարանի փիլիսոփայության և գրականության բաժինը, այժմ բնակվում է Սլովենիայում՝ ուսումը այնտեղ շարունակելու նպատակով:

-Արման, պատմիր մի փոքր քո մասին:

-Եկեք ասենք այսպես. ես լրագրող եմ և մշակութային քննադատ: Վաղ տարիքում երազում էի դառնալ գրադարանավար, բայց ընտանիքս ասում էր, որ դա եկամտաբեր գործ չէ: Ավագ դպրոցում ընտրել էի ինժեներության բաժինը. ծնողներս կարծում էին՝ դա այն է, ինչ պետք կգա ապագայում: Բայց երկու տարի սովորելուց հետո հասկացա, որ այն իմը չէ. պատկերացրեք մի լսարան, որտեղ բոլորը լսում են ինժեներության մասին լեկցիա, իսկ մի տղա նստած Սելինջեր է կարդում… Ես ուզում էի ընտրել մի մասնագիտություն, որը մոտ կլիներ պատմություններ գրելուն: Ես սիրահարվել էի գրելուն այն բանից հետո, երբ մասնակցել էի կինոքննադատության մի դասընթացի: Ինձ դուր էր գալիս ֆիլմեր նայելը, կարդալը, հետո՝ դրանց մասին գրելը:

-Փիլիսոփա լինելն օգնո՞ւմ էր այդ գործում:

-Փիլիսոփայությունը հիանալի հիմք է մուտք գործելու համար ուզածդ ոլորտ: Իմ դեպքում, այո, այն օգնեց հասկանալ՝ ինչպես գրել, զարգացրեց ստեղծագործ միտքս: Առհասարակ, փիլիսոփայությունը կապ ունի բոլոր բնագավառների հետ՝ գիտություն, էկոնոմիկա… Այն օգնում է գտնել պատասխաններ:

-Ինչո՞վ ես զբաղվում ուսմանը զուգահեռ:

-Քանի որ ես մոտ եմ մշակույթին և սիրում եմ գրել, գրում եմ և նյութերս վաճառում տարբեր խմբագրությունների: Այսինքն՝ սովորում և աշխատում եմ միաժամանակ:

-Ո՞ր կազմակերպությունն ես ներկայացնում այստեղ:

-Ես մի մասն եմ Բոսնիա և Հերցոգովինայում գործող ONAuBiH կազմակերպության: Այն գործում է արդեն տասներկու տարի, անցկացնում է մեդիա-վերլուծություններ, կազմակերպում վորքշոփեր, սովորեցնում երիտասարդներին գրել, հարցազրույցներ վարել: Այսինքն՝ հարթակ է երիտասարդ լրագրողների համար: Կենտրոնն ունի նաև իր ամսագիրը՝ «Karike»-ն (անվանումը թարգմանաբար նշանակում է՝ կապեր): Այն ստեղծվել է տասը տարի առաջ և սկզբում գործել է տպագիր տարբերակով, երկու տարի առաջ դարձավ օնլայն:

-Ինչպե՞ս սկսեցիր թղթակցել:

-Շատ պատահաբար. ես պարզապես ճանաչում էի նրանց լրագրողներից մեկին, ով ինձ առաջարկեց միանալ իրենց: Դրանից առաջ մենք 4-5 ընկերներով ունեինք մեր սեփական մշակութային կենտրոնը, որտեղ կազմակերպում էինք տարբեր ցուցահանդեսներ, պոեզիայի օրեր… Եվ քանի որ մեր կազմակերպությունն այդ ժամանակ փակման շեմին էր, ես որոշեցի թղթակցել այդ ամսագրին: Եվ արդեն երկու տարի է՝ այնտեղ եմ:

-Ինչի՞ մասին ես գրում սովորաբար:

-Երբ նոր էի սկսել թղթակցել, գրում էի գրախոսություններ ֆիլմերի մասին, բայց հետո ինքս ինձ ասացի. «Գուցե պետք է փորձել նոր մի բան»: Եվ սկսեցի հարցազրույցներ վարել, զեկուցումներ պատրաստել: Հիմա, երբ ապրում եմ արտասահմանում, գրում եմ այն ամենի մասին, ինչ տեսնում եմ այնտեղ. իմ ապրումների, զգացողությունների… Ուզում եմ ցույց տալ մարդկանց, թե ինչ է նշանակում լքել երկիրդ: Նաև ուզում եմ գրել Կոլումբիայում գտնվող էմիգրանտների խնդիրների մասին:

-Ովքե՞ր են ամսագրի ընթերցողները:

-Հիմնականում երիտասարդությունը, ուսանողությունը: Մի անգամ մի հետաքրքիր դեպք պատահեց. մեր ընթերցողներից 18 տարեկան մի տղա գտավ ինձ ու պատմեց, որ կարդալով իմ նյութերը՝ ոգեշնչվել է և որոշել ինժեներության փոխարեն լրագրությունն ընտրել: Կարծում եմ՝ դա իմ ամենամեծ նվաճումն է, որովհետև ես իմ նյութերով, փաստորեն, կարողացել եմ ազդեցություն ունենալ ինչ-որ մեկի որոշման վրա:

-Իսկ ո՞վ է եղել քեզ ոգեշնչողը:

-Մի ժամանակ կատակելով ասում էի՝ ես ինքս եմ իմ ոգեշնչման աղբյուրը: Չգիտեմ, վաղուց չեմ մտածել այդ մասին…

-Ինչպե՞ս ես գտնում գրելու թեմաներ:

-Հիմնականում թեմաներն են գտնում ինձ: Ամիսներ առաջ ընկերներս առաջարկեցին գրել մի փողոցային արվեստի մասին: Դրանից հետո ես շարունակեցի այդ թեման՝ իբրև մշակույթի մաս: Իսկ երբ ես եմ գտնում թեմաներ, ընտրում եմ այնպիսիք, որոնք ոգեշնչում են ինձ և կարող են ոգեշնչել ուրիշներին էլ: Դրանք հիմնականում պատմություններ են երիտասարդների մասին, ովքեր, չունենալով որևէ ռեսուրս, ստեղծում են հիանալի գործեր, այսինքն՝ ապրելով մթության մեջ՝ կռվում են դրա դեմ: Երևի հենց նրանք են ինձ ոգեշնչողը:

-Խոսենք մեր Media Moving Forward ծրագրից: Ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցիր:

-Շատ հետաքրքիր էր, ես Սլովենիայում էի, երբ իմ խմբագիրը գրեց ինձ: Նա ուզում էր իմանալ, թե ինչ ունեմ անելու հուլիսի 9-15-ն ընկած հատվածում: Ես փորձեցի հասկացնել նրան, որ զբաղված եմ լինելու, որ գործեր ունեմ: Բայց երբ նա ասաց, որ նման ծրագիր կա, այն էլ Զալցբուրգում, անմիջապես համաձայնեցի, որովհետև շատ շուտ ձանձրացող եմ և կարիք ունեի նոր մի բանի:

-Եվ ինչպիսի՞ն են տպավորություններդ հիմա, ի՞նչ սովորեցիր այստեղ:

-Ես թվային տեխնոլոգիաներին ծանոթ էի, և կարելի է ասել, դասերի մեծ մասն ինձ համար նորություն չէր: Միգուցե սովորեցի ուրիշների հետ կիսվել իմ փորձով: Բայց պետք է նշեմ, որ ես այստեղ եմ ոչ միայն ինչ-որ բան սովորելու, այլև պատմություններ պատմելու համար: Այստեղ հավաքված են բազում հետաքրքիր մարդիկ, իսկ յուրաքանչյուր մարդ ինձ համար մի պատմություն է: Դրանից բացի, շատ հետաքրքիր է հանդիպել օտարերկրացիների, մարդկանց, որոնց հետ նախկինում երբեք առիթ չէի ունեցել շփվելու, ինչպես, ասենք, հայերի, իտալացիների… Եվ իհարկե, հետաքրքիր է բացահայտել Զալցբուրգը, այս լեռները, տպարանը… Կարճ ասած՝ Զալցբուրգը հիասքանչ քաղաք է: