Նախընտրական Վանաձորը

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Հոկտեմբերի երկուսին Վանաձորի բնակչությունը պատրաստվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, իսկ ապագա ՏԻ մարմիններն էլ ջանք չեն խնայում ժողովրդին իրենց կողմը գրավելու համար ու քաղաքը վերածում են տոնախմբության թեժ կետի: Վանաձորի ամեն անկյունը դառնում է բեմ ու պարահրապարակ։ Արդյունքում շահում է երիտասարդությունը, ով վաղուց կարոտել է համերգներին, ու հավասար եռանդով ու աշխուժությամբ մասնակցում է բոլոր միջոցառումներին՝ առանց հաշվի առնելու կազմակերպչի կուսակցական պատկանելությունն ու ընտրություններին նրան նախապատվություն տալ-չտալը։ Ուղղակի այս օրերին անհամեմատ շատանում են տնից դուրս գալու, ընկերներով հավաքվելու, ուրախանալու առիթները, որից էլ երիտասարդներն անթերի օգտվում են։

Հայտնիներին Վանաձորում հյուրընկալելը դարձավ սովորություն, աչքներս էլ արդեն սովորեց, էնքան, որ շատ քչերը վերջին օրերին նկարվեցին մեր հյուրերի հետ, որովհետև համացանցում այդ տիպի նկարներն արդեն «շաբլոն» են դարձել, բոլորի հեռախոսների մեջ էլ հաստատ մի որևէ հյուրից մի նորաթուխ կարճամետրաժ ֆիլմ կլինի։

Մի քանի օրվա մեջ մեր քաղաքում հյուրընկալեցինք վիտամինցի տղաներին, լիքը դիջեյների, The Beautified Project խմբին ու «Ռոք ֆեստ»-ի մասնակից այլ ռոք խմբերի, իսկ օրվա խոսակցության թեման էր Ռուբեն Հախվերդյանի այցն ու համերգը Հայքի հրապարակում։

Սեպտեմբերի 25-ին Հայքի հրապարակի բեմ բարձրացավ հայտնի և սիրված երգիչ ու երգահան Ռուբեն Հախվերդյանն ու լցրեց ցուրտ օրը իր ջերմ երգ-նվագով։ Սկզբից մի երգ երգեց, հետո մրսեց, գնաց գլխարկ դնելու ու հետ եկավ արդեն տաք-տաք՝ մեզ էլ իրենով տաքացնելու։ Երգեց իր առաջին երգը, որ գրել է տասնվեց տարեկանում.

Եթե իմանայի՜ր, որքան եմ լաց եղել ես քո գնալուց հետո….

Մինչև հիմա այդ երգը լսելիս ես իմ զգացմունքներն էի վառում հոգումս, բայց եթե դուք էլ տեսնեիք, թե արդեն հասուն այդ մարդը ինչպես էր հուզվել պատանու նման, ու թե ինչպես հավաքվածներին նկատելի կերպով սրբեց արցունքները, այդուհետ դուք էլ, ձեր սերն ու արցունքները մոռացած, ամեն անգամ աչքի առաջ կունենայիք նրան՝ հուզումը զսպելու համար աչքերը փակ երգելիս ու ավարտելուց հետո թաշկինակով աչքերը սրբելիս։

Թեև ասաց, որ սիրո մասին շատ քիչ է գրում, բայց զգացի, որ իր համար երևի ամենակարևորը հենց այդ քչերն են, երբ մի երեկոյի ընթացքում երկու անգամ կատարեց «Մեր սիրո աշունը», որն, իր խոսքով, երգում է արդեն 50 տարի։ Ու հենց այդ քչերը երգելիս էր աչքերը փակում. երևի ինքն էլ վաղուց գլխի է ընկել, որ ամենալավ պահերը հոգով ենք զգում, փակ աչքերով։

Եթե որևէ հրաշքով դեռ չեք լսել այդ երգը, շտապեք, հենց հիմա լսեք ու հետևեք, թե ինչպես է երաժշտությունը գնում ու կպչում ձեր սրտերի նուրբ լարերին։ Բախտ ունեցեք ու ձեր կյանքում մի անգամ լսեք հենց Հախվերդյանի նվագը կիթառով, նրա երգը՝ խռպոտ ձայնի, յուրահատուկ երկար, ռոմանտիկ ու, ասես, ներսից եկող «ը՜մմմ» -ի ու երգեցիկ ձայնի հաջորդումներով։

Հախվերդյանի նվագից մեր երկինքն էլ էր ոնց որ թե հուզվել, ամպերը նրբացել, փունջ-փունջ կախվել՝ ունկնդրում էին։ Կարծում եմ՝ ոչ այնքան նվագը, որքան երգչի, իմ, սիրահարների ու մեր նման շատ մարդկանց սրտերի միջինը (երևի հենց սերը) հասել էր երկինք ու ամպերին «դիվադադար» արել։

Ես շատ կուզեմ, որ Վանաձորը միշտ տոնական տրամադրությամբ լինի, մենք միշտ ուրախանալու առիթներ ունենանք, լավ հյուրերի կարոտ էլ չմնանք։

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի