Նախքան հանձնվելը հիշիր` ինչի համար էիր սկսել

Իմ զրուցակիցը 15-ամյա Արմեն Պետրոսյանն է, ով մանկուց զբաղվում է ըմբշամարտով, և գրանցել է արդեն իր առաջին հաջողությունները:

-Հաճախել ես ըմբշամարտի 8 տարեկանից: Քո ցանկությո՞ւնն է եղել, թե՞ ստիպողաբար ես գնացել:

-Մանկուց սիրել եմ այդ սպորտաձևը, քանի որ մեր ընտանիքում գրեթե բոլորը ըմբիշներ են՝ պապիկս, հայրիկս, հորեղբայրներս:

-Առաջին անգամ երբ մտար դահլիճ, որտեղ պետք է պարապեիր, կհիշե՞ս ինչ էիր զգում:

-Առաջին անգամ իհարկե մի տեսակ լարվածություն կար, բայց երբ արդեն գորգ մտա, զգացի, որ դա իմն է, և ես պետք է հասնեմ նրան, որ ծնողներս հպարտանան ինձանով:-Մի փոքր կպատմե՞ս պարապմունքների ընթացքի մասին:

-Սկզբում պարապում էի Վեդի քաղաքում՝ զուտ ֆիզիկական ուժի համար, հետո, երբ սերս ավելի խորացավ դեպի ըմբշամարտը, արդեն 12 տարեկանում սկսեցի մարզվել Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում: 13 տարեկանում դարձա Ռազմիկ Գոլեցյանի անվան ըմբշամարտի դպրոցի աշակերտ (դպրոցը գտնվում է Արտաշատ քաղաքում), որտեղ էլ իմ մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանի շնորհիվ կարողացա հաջողություններ գրանցել:

-Քանի՞ տարեկանում ես առաջին անգամ լուրջ մրցման մասնակցել և որտե՞ղ:

-14 տարեկանում, Դաղստանի Խասավյուրթ քաղաքում միջազգային մրցումներ էին, որտեղ զբաղեցրի 2-րդ տեղը՝ 63 կգ քաշային կարգում:

-Ինչպե՞ս որոշվեց, որ հենց դու պետք է ներկայացնես Հայաստանը:

-Մրցումներից առաջ մրցաշար եղավ, որի հաղթողն էլ պետք է մասնակցեր այդ մրցաշարին: Ես հաղթեցի, և մարզիչս որոշեց, որ ես պետք է գնամ:

-Ի՞նչ տրամադրվածություն ունեիր մրցումներից առաջ:

 -Գորգ մտնելուց առաջ նպատակը մեկն է՝ ամեն գնով հաղթել: Տրամադրվել էի, որ պետք է հաղթեմ, սակայն վերջում չստացվեց:

-Ո՞ւմ հետ էիր մրցում:

-Ազգությամբ չեչեն էր մրցակիցս, ում հետ անցկացրեցի 4 գոտեմարտ, և պարտվեցի եզրափակչում:

-Ըմբշամարտը քեզ համար ընտրել ես որպես մասնագիտությո՞ւն, թե՞ որպես հոբի:

-Մասնագիտություն չէի ասի, ավելի ճիշտ, այն դարձել է իմ կյանքի մի մասը, ու հետագայում ինչ էլ ընտրեմ, բնականաբար սպորտը չեմ թողնի:

-Ի՞նչ նպատակներ ունես կապված հենց այդ սպորտաձևի հետ:

-Նպատակ ունեմ դառնալ ՀՀ չեմպիոն և Եվրոպայի առաջնության հաղթող:

-Իսկ ի՞նչ կարգախոսով ես առաջ շարժվում:

-Նախքան հանձնվելը հիշիր` ինչի համար էիր սկսել…

Աշխատում եմ չհանձնվել: