Նամակներ Ձմեռ Պապին

Բարև, իմ շատ սիրելի Ձմեռ Պապ: Ինչպես ամեն տարի, այնպես էլ 2018 թվականին գրում եմ քեզ իմ նամակը: Ուզում եմ, որ առաջին հերթին աշխարհին՝ խաղաղություն, մարդկանց՝ առողջություն և բոլոր ընտանիքներին համերաշխություն բերես:

Ես ուզում եմ, որ Ամանորի գիշերը բոլորի երազանքները իրականանան:

Ասում են, 2019 թվականը խոզուկի տարի է, այն իմ տարին է: Եվ ես վստահ եմ, որ իմ տարին ինձ համար լավ տարի է լինելու:

Ժասմին Հովհաննիսյան, 12 տարեկան

Սիրելի Ձմեռ Պապ, հիմա, երբ նայում եմ hետ և թերթում եմ մանկությանս էջերը, հիշում եմ, որ երբեք քեզ նամակ չեմ գրել, ոչ թե, չհավատալու պատճառով, այլ, որ վստահ եմ եղել, որ բոլորի, այդ թվում և իմ ցանկությունները իրականացնելու ես, բերելու ես բոլորի խնդրած նվերները, կատարելու ես երեխաների և մեծերի սրտում թաքուն պահած երազանքները:

Այսօր գրում եմ քեզ իմ առաջին նամակը, բայց գրում եմ ոչ թե ես, այլ ներսիս մանուկը, ով միշտ հրաշքների է հավատում, մանուկ, ով ապրում է յուրաքանչյուրի մեջ և թույլ է տալիս կյանքը ավելի գունեղ տեսնել:

Ճիշտ է, էլ երեխա չեմ, բայց հիմա ավելի շատ եմ հավատում Ամանորի գիշերը կատարվող հրաշքին, որը թակելու է յուրաքանչյուրի դուռը ու սիրտը:

Ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ ինձ նվիրել ես ամենալավ ընտանիքը, ամենալավ ընկերներին, որոնք եկան իմ կյանք այն ավելի լավը դարձնելու համար: Քեզ խնդրում եմ միայն, որ այդ հրաշքը ինձ մոտ թողնես ընդմիշտ:

Արագածոտն մարզ, գյուղ Կարբի, 18 տարեկան, Սվետլանա Դավթյան