Gohar Petrosyan

Նամակ ընկերոջս

Ողջույն, ընկերս: Ինչպե՞ս սկսվեց և անցավ այսօր օրդ: Փորձում եմ ենթադրել…
Հուսամ ժպտալու շատ առիթներ ես ունեցել այսօր, իսկ եթե ոչ, եկել եմ հիշեցնելու ժպտալ չմոռանալուդ մասին:
Գիտես, դու իմ ընկերն ես: Ես երբեք չեմ ընդունել ընկերուհի ասվածը: Անգլերենում կա մի բառ, որով սկսվում և ավարտվում է գլխավոր միտքը՝ Friend: Էլ ինչո՞ւ ընկնեմ այս ու այն կողմ, «ուհի» ավելացնեմ, որ կորած բարեկամներս ու շրջապատս ընտրածս վերնագիրը սխալ չհասկանան: Լավ, ինչևէ…
Ես գիտեմ, որ հիմա դժվար է: Այս տարին իսկական պատուհաս էր մեզ համար. հիասթափություն, սայթաքում, խաբկանքներ, կորուստներ, վեճեր, հնին ավելացվող նոր ցավ, և հիմա էլ գրողի տարած հեռավորությունը… Լավ է, որ այս ամենի մեջ գոնե մի մխիթարանք կա, որից երբեք չենք հոգնում, որը չգիտի լքել, խաբել, օգտագործել հանուն շահի, վատաբանել, չգնահատել… Մի քիչ ցավոտ կողմ ունի, բայց դե ոչինչ, մենք խենթ ենք՝ կդիմանանք:
Կներես, որ այս անգամ ոգևորելու և ուժ տալու փոխարեն սա եմ ասում. մեր կյանքը տխուր է, պարզապես մենք ենք այն փորձում ուրախ դարձնել: Ո՛չ, ես չեմ թուլացել և ոչ էլ ուզում եմ քեզ տխրեցնել: Պարզապես մեկ-մեկ էլ իրողությունը պետք է ընդունել, չնայած չենք էլ խուսափել դրանից: Հիշո՞ւմ ես, որ մի օր ասացի՝ կյանքը մեզ կոտրելու մտքից ավելի շուտ կհիասթափվի, քան մենք մեր նպատակներից: Հիմա էլ եմ ասում: Չկոտրվե՛ս երբեք, նույնիսկ եթե մի օր այլևս չկարողանամ քեզ այս խոսքերը ասել: Պարզապես կբացես այս նամակն ու կկարդաս: Չէ՜, ասածս սխալ մի հասկացիր, և մի՛ պատրաստվիր ինձ խեղդելուն: Քեզ որևէ բան ասել չկարողանալը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Չգիտեմ, թե ինչու եմ սա գրում: Չնայած հիմա գիշերվա հազարն է: Ես գիշերը այն եմ՝ ինչ կամ. ուզեցի գրել սա: Երևի վաղը կփոշմանեմ: Ինչևէ…
Խմբագիրս միշտ ասում էր․ «Ինչ-որ բան գրելուց հետո կարդա այն մեկ օր անց, նոր կորոշես՝ արժի՞ որևէ տեղ հրապարակել, թե՞ ոչ»: Դե հա, ճիշտ էր ասում: Բայց ես հիմա ուզում եմ մոռանալ այդ ճիշտ և սխալ ասվածը:
Իբր եկել էի քեզ հիշեցնելու ժպտալ չմոռանալուդ մասին: Լավ եմ հիշեցնում, չէ՞: Ուզում էի ասել, որ կարոտել եմ մեր թափառականի կյանքը, իմ մշտական ուշացումների ժամանակ քո սպառնալիքները, որոնք այդպես էլ օդում էին մնում, գրադարանից իմ գիրք պատվիրել չկարողանալու հրաշք ունակության ժամանակ քո համբերատար դեմքի արտահայտությունը, կատուների հանդեպ քո զզվանքը, որ ինձ քաշ տալով հեռացնում էիր փողոցի կատուներից, և վերջապես կարոտել եմ քո «սուպչիկը»: Ի՜նչ ռոմանտիկն եմ: Ժպտո՞ւմ ես:
Ի դեպ, սա իմ առաջին նամակն է: Ես երբեք որևէ ընկերոջս այսքան անկեղծ խոսքեր ասած չկամ: Ես չեմ սիրում բարձրաձայնել այն, ինչ զգում եմ, բայց դու բացառիկ ես: Չե՛մ ժխտի, ռոմանտիկ ու սիրային բանաստեղծություններ հաճախ եմ գրում: Դե հա, օդից չեմ գրում, բայց դե միակ զգացմունքն է, որ երբեք լուրջ չեմ վերաբերվել:
Իմ ընկեր, չմոռանաս կարդալ այս նամակը, երբ մեջդ ինչ-որ դատարկ անկյուն կմնա: Չմոռանաս մեր նպատակների մասին: Չմոռանաս ժպտալ: Բայց ես մի բան մոռացա. մոռացա վերևում նշել՝ կարոտել եմ քեզ: