Նավակ, ձի, թագուհի

Լուսակարները` Chess Academy of Armenia-ի ֆեյսբուքյան էջի

Լուսակարները` Chess Academy of Armenia-ի ֆեյսբուքյան էջի

Նավակ, ձի, փիղ թագուհի, թագավոր, զինվոր, սեւ, սպիտակ… Քո հերթն է խաղալու, քայլ արա, երկար մի մտածիր. Ժամանակդ կգնա…

Արդեն վեց տարի` ամեն օր այս ձայների տակ եմ դաս անում, գնում նրա փոխարեն խանութ, սովորում նրա դասերը, երաժշտությունը ականջակալներով լսում, ես եմ դասավորում գրադարակը, ես եմ օգնում մայրիկին: Արդեն վեց տարի է` մեր տան մի փոքրիկ անկյունում գտնվում է սեւ ու սպիտակ վանդակներով մի երեւույթ: Երեւույթ, որովհետեւ… Որովհետեւ ես գլուխ չեմ հանում` ոչ սեւ ու սպիտակ տախտակից, ոչ դրանց վրա կանգնած խաղաքարերից: Նույնիսկ զարմանում եմ, երբ տեսնում եմ տախտակի առջեւ նստած, գլուխը ձեռքերով բռնած ու անթարթ հայացքով աղջկան: Ինչպես է կարողանում ժամերով կտրվել իրական կյանքից: Իսկ, երբ խոսում ես հետը, գիտեք, ինչքան ծիծաղելի է` սկսում է մտածել, բառերն է դասավորում, որ մտքերը ճիշտ ասի, մտածում է սխալ բան չասելու մասին, ինձ թվում է, ինչպես շախմատում, կյանքում էլ` մտածում է մի քանի քայլ առաջ: Մայրիկի այն հարցին, թե` Նարե, դասերդ սովորել ես, Նարեն երկար մտածում է ու պատասխանն է լինում.

Լուսակարները` Chess Academy of Armenia-ի ֆեյսբուքյան էջի

Լուսակարները` Chess Academy of Armenia-ի ֆեյսբուքյան էջի

-Ես դասս պատասխանել եմ մեկ շաբաթ առաջ, ընթացքում գրել ենք երկու գրավոր աշխատանք, մի օրը դասի չեմ գնացել. Ինձ դաս չեն հարցնելու, վաղը գրավոր ենք գրելու: Կարող էր, չէ՞, պատասխանել, որ գրավոր են գրելու, բայց ոչ: Նարեն պետք է ամբողջ անցածը վերլուծեր, այնպես, ինչպես իր յուրաքանչյուր շախմատային պարտիան է վերլուծում: Ինձ նույնիսկ թվում է` թե ինքը գիտի, թե ինչ է լինելու վաղը, մյուս օրը, որ մտքում ամեն օրվա ավարտին, վերլուծում է իր օրը, դրա համար էլ, օրվա ընթացքում արտասանած նրա բառերը մաթեմատիկայից ամենաթույլն անգամ կարող է հաշվել: Չզարմանաք, երբ հարց տաք նրան ու սպասեք մի քանի րոպե` պատասխանն իմանալու համար: Թե ինչ է մտածում, ոչ ոք չի կարող ասել: Մի անգամ էլ` իր շախմատի ուսուցիչը ասել էր մայրիկին, որ Նարեն չի խոսում, միայն մտածում է: Երեւի դժվար գտնվի մի մարդ, որ հասկանա շախմատ խաղացողներին, ես չեմ հասկանում: Միայն կարող եմ ասել, որ նրանք այլ աշխարհում են ապրում, որտեղ ապրում են թագուհի-թագավոր, մի շարք զինվորներ, այդ աշխարհը սեւ ու սպիտակ է, այնտեղ բոլորը լարված են, մտածում են: Նարեին կարող ենք տեսնել կամ տանը, կամ էլ շախմատի դպրոցում: Երկու դեպքում էլ` շախմատի տախտակի առջեւ նստած, երկու դեպքում էլ լուռ: Էլ չասեմ` երբ վերադառնում է մրցումներից հետը խոսել չի լինում, նույնիսկ դեմքից չես կարող գուշակել` հաղթել է, թե պարտվել: Միշտ խաղերից հետո դեմքի նույն արտահայտությունն ունի: Դե, մեր տանը մի քիչ էլ արտոնություն ունի: Նախ` տան փոքրն է, հետո էլ ինքը պետք է շախմատ խաղա, իսկ տան մնացած հարցերի հետ ինքը գործ չունի: Դե, ես եմ տուժվում, բայց հետո, երբ տեսնում եմ քույրիկիս շախմատային արդյունքները, տեսնում նրա հաջողությունները, պատրաստ եմ լինում ամբողջ գործը ես անել, միայն հասնի հաջողության ու դեմքի արտահայտությունը մի փոքր փոխվի: Ու, չնայած քույրիկներ ենք, բայց ոչնչով նման չենք, այսպես ասում են, մեր բոլոր ծանոթները:

Լուսակարները` Chess Academy of Armenia-ի ֆեյսբուքյան էջի

Լուսակարները` Chess Academy of Armenia-ի ֆեյսբուքյան էջի

Ես չգիտեմ, թե քույրս ինչ է գտել շախմատի մեջ, բայց այդ շախմատը ձեւավորել է մի այլ Նարեի: Նարեն մի քիչ այստեղ է, մի քիչ` իր մտքերում…