Նավարկելով ցամաքում. «Կիլիկիա» առագաստանավ

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Կարեն Բալայանի նախաձեռնությամբ 1985 թվականին հիմնադրվեց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը, որի ղեկավարը և ակումբի «Կիլիկիա» առագաստանավի նավապետը մինչ օրս հենց ինքն է։ «Կիլիկիան» ծովագնացության պատմության մեջ առաջին նավն է, որ նավարկել է Եվրոպայի շուրջը: Նավն իր ծովային ուղին անցել է 3 տարում՝ լինելով Եվրոպայի ամենահայտնի նավահանգիստներում, ձմեռելով Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, հատելով Բերմուդյան եռանկյունին և, ի վերջո, հանգրվանելով Սևանի ափին՝ առանց ծածկի և քայքայվելու վտանգի տակ։ Վերջին շրջանում նավապետի և ողջ անձնակազմի համար թերևս ամենամտահոգիչ խնդիրը նավի և ծովային այլ արժեքավոր իրերի համար թանգարան կառուցելն է։ Դա քիչ հետո։ Մի փոքր էլ նավի ու նավապետի մասին։

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Ծովային ուղի անցած հայերի գտնելն այնքան էլ հեշտ չէ, ուստի նավապետը «ստիպված» էր պատմել այն ամենի մասին, ինչ կապ ունի կամ կապ է ունեցել հայերի՝ ծովում լինելու հետ։
Պարզվում է՝ Կիլիկյան Հայաստանի հայերը զբաղվել են նաև ծովահենությամբ, ինչի մասին գրված է Ջիովանիոլիի «Սպարտակ» գրքում: Փախուստի դիմելու համար Սպարտակը օգնության է կանչել Կիլիկիայի հայազգի ծովահենների առաջնորդ Տիգրան Ղևանդին, նույնիսկ նախապես որոշակի գումար տվել։ Հայերը, սակայն , ինչ-ինչ պատճառներով չեն գնացել նախատեսված վայրը։ Գուցե հասարակ ծովահենական հնարք է եղել, կամ, հնարավոր է՝ որևէ լուրջ պատճառ, այդ մասին ոչինչ ասել չենք կարող, սակայն, փաստն այն է, որ հայերը «խաբել են» հռոմեացի գլադիատորներին։
-«Կիլիկիա»-ն իր ուղին անցել է նաև Սպարտակի նշած վայրով,-պատմում է նավապետը,- տեղ հասնելով ասացինք. «Մենք Սպարտակին խոսք էինք տվել գալ, ուղղակի ուշացանք… մի 2000 տարի»:

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Հայ նավաստիները մեծ դեր են խաղացել նաև Օսմանյան կայսրության ռազմածովային պատմության մեջ: Թուրքական նավերի անձնակազմը բաղկացած է եղել միայն հայ և հույն նավաստիներից, իսկ թուրքերին սեփական նավերի վրա փաստորեն տեղ չի եղել:

Կիլիկյան Հայաստանի նավատորմը ևս բավական հզոր կառույց է եղել, զարգացած է եղել նաև ծովային առևտուրը: Հենց այդ առևտրական նավերի տեսքով էլ կառուցվել է «Կիլիկիա» առագաստանավը: Կարեն Բալայանը պատմում է, որ կառուցելով նավը ու այն, որքան հնարավոր է մոտեցնելով հին հայկական նավերի ձևին՝ ստացվել է հայկական տրեխի նման նավ: Այս նշանն արդեն բավական էր՝ համոզվելու, որ իրենք ճիշտ ուղու վրա են:

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

«Կիլիկիայի» նավարկության ողջ ընթացքը լի է եղել զավեշտալի պատմություններով ու փորձություններով: Հիշելով նավի՝ Երևանում եղած ժամանակը, նավապետը պատմում է, որ երբ առագաստանավը տեղափոխել են քաղաքի փողոցներով՝ մարդկանց զարմանքին չափ չի եղել, մեկն էլ պարզապես չի կարողացել զսպել զարմանքն ու բացականչել.

-Էս գնում եք ձուկ բռնելու…

Նավն այս ընթացքում շատ բան է պատմել Եվրոպային Հայաստանի մասին, ծանոթացրել նրանց ծով չունեցող, բայց երբեմնի ծովային տերությանը, իսկ արդեն երկու տարի է, ինչ չի լողում նույնիսկ Սևանում: «Կիլիկիան» վերանորոգման և ապահով ծածկի կարիք ունի, իսկ անձնակազմն ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել ծովային թանգարան կառուցելու հարցերը: Գրեթե 10 տարի նրանք փորձում են պետության օժանդակությունը ստանալ՝ թանգարանի տարածքը ձեռք բերելու համար, սակայն, մինչ օրս՝ ապարդյուն:

Նավապետը ցանկանում է թանգարան կառուցելուց անմիջապես հետո հայ երիտասարդներին նավաշինության՝ հայկական նավաշինության գաղտնիքներին ծանոթացնել, միասին նոր նավ կառուցել ու Սևան բերել: Ասում է՝ Հայաստանում այս արհեստը կանգ է առել, չնայած երբեմնի ավանդույթներին: Դե, բնական է, երբ երկիրը ծով չունի, բայց…

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Վենետիկում մինչ օրս նավերը կառուցվում են այնպես, ինչպես մի քանի դար առաջ.

-Նոր, ժամանակակից նավերի նախագծեր շատ կան, բայց նրանք պահպանում են իրենց ավանդույթները, մեզ մոտ նման բան չկա:

Հայտնի նավի հայտնի ճերմակ առագաստներն այսօր փակված են, նավի՝ նորից ծովում հայտնվելու հույսերը՝ քիչ, փոխարենը հնարավոր է տարիների աշխատանքը (նավը կառուցվել է սկսած 1991 թվականից) ու կերտած պատմությունը պահպանել ըստ արժանվույն:

«Կիլիկիան» մեծ շանսեր ունի Երևանում էլ ավելի ակտիվացնելու զբոսաշրջությունը, երիտասարդների համար նոր գիտելիքներ ստանալու կենտրոն դառնալ, սակայն թե ինչ կլինի հետո՝ նավապետն ասել չի կարող, միայն լավատեսորեն է ապագային նայում: