Gohar Petrosyan

Նա, ով հեռացավ մնալու պահին

Դատարկ փողոցում քայլում ես մենակ՝
Մարդկանց ամբոխից կտրված մտքով,
Հիշում պատկերներ ստվերների տակ
Ու հոգոց հանում մի թունդ կարոտով։

Հիշում ես դեմքեր՝ դիմակներ հագած,
Որ ծանր մի օր հանկարծ հեռացան.
Միայնակ հոգիդ պատվեց մշուշով
Ու սուզվեց մտքիդ ծովը ցամաքած։

Նա, ով հեռացավ մնալու պահին՝
Կարոտախտ ծնեց քո այրված սրտում,
Եվ նրանք, ովքեր մնալ ուզեցին՝
Կորուստներ դարձան ցավածդ կյանքում։

Հաշվիր… մեկ, երկուս, հարյուր երկուս…
Կարոտած դեմքեր՝ արդեն անցյալով,
Որ խորտակվեցին կյանքի մշուշում
Ու քեզ մեծացրին լոկ հեռանալով…

***

Լավ է չունենաս, քան թե կորցնես

Աչքերդ փակիր, որ տեսնես կյանքը
Եվ ցավ էլ չզգաս, որ այն չտեսնես,
Փակիր ականջներդ՝ չլսես ձայները,
Որ վաղն էլ չլսելուց չխելագարվես։

Ձեռքդ բռնած սիրած էակդ
Կարող է թողնել քեզ ու անհետանալ,
Վզիդ կարոտով փաթաթված զավակդ
Կարող է հանկարծ անդարձ հեռանալ։

Եվ լավ է չսիրել, քան թե մոռացվել,
Եվ լավ է չծնել, քան ցավով կորցնել։

Քեզ «բալես» ասող լուսավոր մայրդ
Կարող է մի օր խամրել ցավերից,
Քեզ միշտ ուժ տվող քույր կամ եղբայրդ
Կարող են հիշել քեզ միայն նեղ օրին։

Միշտ քեզ հետ քայլող հավատարիմ ընկերդ
Կարող է մի օր գամվել սայլակին,
Քեզ կերպար տվող գրքերը մի օր
Կարող են այրվել ինչ-որ կրակից։

Գլխիդ վերևում փայլող արևը
Կարող է մի օր խավարել լուսնից,
Ցավդ մեղմացնող այն արցունքներն էլ…
Է՜հ, մի օր էլ կխեղդվես այդ արցունքներից։

Լավ է չզգաս, քան թե դատարկվես,
Լավ է չգրկես, քան ցավով հիշես,
Լավ է չսիրես, քան թե կարոտես,
Լավ է չունենաս, քան թե կորցնես…