Susanna Grigoryan

Նա

(Իրական փաստերի հիման վրա)

Նա միշտ արագ էր քայլում՝ ինչքան տարիքը ներում էր։ Եթե երիտասարդ լիներ, հաստատ կվազեր։ Երևի որովհետև տանից դուրս գալ, մարդկանց հետ շփվել չէր սիրում։ Բացի դրանից՝ նա էլի բազմաթիվ բաներ չէր սիրում։ Չէր սիրում չոր աթոռներ, զինվորական կոշիկներ ու դատարկ դարակներ։ Չէր սիրում, երբ դրսում ուժեղ անձրև էր գալիս կամ երբ արևը այրում էր։ Բայց աշխարհում ամենից շատ նա ատում էր հերթերը՝ երկար, հեղձուցիչ, որ չէին թողնում շնչել, հասնել ուտելիքին․․․

Երկար հերթերը նրան չէին սպառնում։ Նա էնքան փոքր գյուղում էր ապրում, որտեղ դրանք պարզապես չկային։ Բայց միևնույնն է, հանգիստ խանութ գնալ չէր ստացվում։ Բոլորը նայում էին։ Ձևացնում էին, թե չեն նայում, բայց նայում էին։ Երեխաների համար իսկական տոն էր։ Հրում էին իրար, բարձր ծիծաղում ու մատով ցույց տալիս։ Ծնողները փորձում էին նրանց տուն մտցնել, բայց աչքի տակով իրեն էին նայում։ Մինչև հասնում էր խանութ, ձեռքերը սկսում էին սովորականից ավելի շատ դողալ, բերանը չորանում էր, ու մի քանի անգամ ձեռքից գցում էր ձեռնափայտը։ Մտնում էր ու մեծ փաթեթով դուրս գալիս։ Ամեն անգամ իրեն խոստանում էր, որ կհասնի տուն նոր կբացի, բայց չէր ստացվում, բա որ չհասցներ։ Արդեն սովորել էր ինքն իրեն ոչինչ չխոստանալ։ Հենց տեղում էլ հանում էր երշիկն ու մեծ-մեծ կծելով սկսում ուտել։ Գյուղացիները ավելի մեծ եռանդով էին երեխաներին ներս հրում։ Երևի վախենում էին, որ նրանց էլ կուտի, որովհետև նա ուտում էր ամեն ինչ՝ առանց հասկանալու, առանց կշտանալու, էնքան, որ սիրտը խառնի, որ ստամոքսը սկսի ցավալ։ Ու հետո ոնց եկել էր, էդպես էլ հետ էր դառնում՝ թուքը կաթացնելով գյուղի փողոցներին։

Գյուղացիները խոսում էին, որ պատերազմի ժամանակ գերի է եղել ու էնքան են սոված պահել, որ խելքը թռցրել է։ Էլ ուտելիքից չի կշտանում, վախենում է, որ ուր որ է՝ էլի պատերազմ է սկսվելու ու ինքն էլ էլի սոված կմնա։ Մի մասն էլ եղածը ավելի էր ճոխացնում։ Իբր տանը ուտելիքի պահոց ունի,  որտեղ ինչ ասես չկա․ էլ նրբերշիկ, էլ կանաչի, էլ պանիր ու պահածոներ՝ լիքը-լիքը պահածոներ․․․

Գյուղացիները շատ են խոսում․ ճիշտն ու սխալը դժվար է ջոկել: