Lilit Grigoryan

Նեղանալու բան է

Մոտենում են ընտրությունները, մոտենում է ապրիլի երկուսը: Մոտենում է այն օրը, որ պիտի Հայաստանի բնակչության կեսից ավելին գոնե հինգ րոպեով դուրս գա տանից, շնչի գարնան զովությունը: Բայց ոչ ոք չի մտածում, որ դա կարելի է անել անգամ հիմա, այս րոպեին, կարելի է դուրս գալ տանից, տեսնել, որ բողոքից, հիասթափությունից, քննադատությունից առավել հաճելի բաներ կան աշխարհում: 

Արդեն ապրիլն է, գարնան կեսը: Սա այն ժամանակն է, երբ բնությունը մի տեսակ նոր սկիզբ է մտնում, կարելի է ասել՝ գարունը բնության Ամանորն է: Բայց ոչ ոք չի շնորհավորում բնությանը: Ոչ ոք չի նկատում, որ երկինքը փոխել է իր զգեստը, ավելի բաց կապույտն է հագել, արևը կարծես թե փոխել է իր հզորության շարժիչը, ավելի ուժեղ շարժիչ է գնել: Չեն նկատում, որ թռչունները վերջապես հետ են եկել իրենց արտասահմանյան շրջագայությունից: Բոլորը գեթ մի բանի մասին են մտածում. ընտրություններ, կաշառք, պատգամավոր, քարոզարշավ:

Իմ կարծիքով երիտասարդ հայությունը չի էլ հասկանում քարոզարշավի էությունը: Վերջերս Արաբո Իսպիրյանն էր եկել Հրազդան: Իմ տարիքի երեխաները վազելով գնացին Արաբոյի հետ նկարվելու, բայց չէ՞ որ դա քարոզարշավ էր: Անհասկանալի բան է աշխարհը:
Էս վերջերս հաճախ եմ անցնում մի շենքի բակով, որտեղ տեղակայված է քննադատությունների ու բողոքների շտեմարանը: Տարիքն առած մարդիկ են հավաքվում, ամեն մեկն իր կուսակցությունն է առաջ քաշում, կռվում են, գոռում, բողոքում, վերջում էլ զայրացած դեմքերով տուն են գնում: Ու կարևորն այն է, որ գնում են տուն ու բողոքում, որ Գագիկ Սուրենյանը մի օր չեղավ, որ լավ բան ասի: Բայց ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, որ գարունն է մեզանից նեղացել: Անգամ ծանոթիս հետ խոսելիս հարցրի, թե արդյոք գիտի՞, որ գարուն է հիմա: Տնաշենը չգիտեր էլ, որ ձմեռ չէ հիմա, գարուն է, գարուն: Ասում էր, թե շատ բան ունի մտածելու, գարո՞ւնն էլ ինչու պիտի ավելանա…
Գարունը մեղք չունի, չէ՞, որ հենց իր ժամանակ են կատարվում այդ ընտրությունները:
Խոսում եմ ընկերներիս հետ, ամեն մեկն իր կռիվն է տալիս կառավարության հետ, ինձ էլ են խորհուրդ տալիս խոսել, ասել, չլռել, բայց դե ես էլ իմ գարունն եմ ապրում, մեկ էլ յոթ-ութ ամիս հետո այն կգա: Ես վայելում եմ, ես չեմ անտեսում, ես ժպտում եմ, անգամ եթե դրսում մառախուղ լինի, ձյուն գա, անձրև գա: Իսկ նրանք միանգամից խոժոռում են իրենց հայացքները: Նրանք մտածում են, թե ես ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից, դրա համար էլ լռում եմ: Իրականում ես իրավագետ եմ դառնալու, ու այդ դեպքում ես շատ ժամանակ կունենամ քաղաքական գործերի մեջ խառնվելու համար: Բայց չեմ ունենա այլևս մանկություն:
Մենք ենք մեր կյանքը գունավորում, մեզ է պատկանում մեր կյանքի վրձինը, կառավարության ձեռքին չէ դա: Մեզանից լավ ոչ մեկն էլ չի կարողանա փոխել աշխարհը:
Դե, ուրեմն, եկեք մեկ-մեկ ազատվենք խառը մտքերից, դուրս գանք, շրջենք, մաքուր օդ շնչենք, ու կտեսնենք, որ աշխարհը հիանալի մի բան է:

Գարունն էլ լաց լինել գիտի: Նա մեզանից իսկապես նեղացել է: