Ներկայանում եմ

Լուսանկարը՝ Վահագն Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Վահագն Հովհաննիսյանի

Ես Մհեր Մկրտումյանն եմ, 16 տարեկան: Սովորում եմ գրեթե երեք հարյուր տարվա պատմություն ունեցող գյուղի՝ Գետահովիտի միջնակարգ դպրոցում, 12-րդ դասարանում: Երկու տարի ընդմիջումից հետո վերականգնել եմ գերազանց առաջադիմությունս: Ես ստեղծագործող մարդ եմ, սակայն այդ ընդունակություններս չեմ կարողանում արտահայտել դպրոցում, ցանկություն կա փորձել այլ միջավայրում:

Այս տարի ընդունվելու եմ համալսարան, օտար լեզուների բաժին (անգլերեն լեզու և գրականություն): Ինչպես հասկացաք՝ հետաքրքրված եմ օտար լեզուներով, և պաշտում եմ գրականությունը: Ես սիրում ու ընթերցում եմ արտասահմանյան գրականություն: Շատ եմ սիրում Ջ.Կ. Ռոուլինգի գործերը, սակայն հայ գրողներից ևս ունեմ նախընտրելի հեղինակներ: Ես վստահ եմ, որ գիրքը մարդու լավագույն ընկերն է (չնայած շատերն են ասել, ու շատ են ասել): Կարծում եմ, որ հայ գրականության մեջ ֆանտաստիկ-արկածային գրքերի պակաս կա: Մի անգամ հայ գրականագետներից մեկը ասել է՝ մենք հայ գրականությունում մեր «Հարի Փոթերը» դեռ չունենք: Եվ ես համաձայն եմ նրա հետ: Անկեղծ ասած, ես փորձում եմ ստեղծել հայկական «Հարի Փոթեր»-ը, առաջին քայլերը արդեն արել եմ իմ նոթատետրում (հուսամ սա կլինի մեր փոքրիկ գաղտնիքը):

2013 թվականին մասնակցել եմ հեքիաթ-պատմվածք մրցույթին, և իմ «Արտամետի խնձորները» հեքիաթով ընդգրկվեցի լավագույն 20-յակի մեջ, որոնց ստեղծագործությունները ժողովվեցին մեկ գրքում: Նույն թվականին մասնակցել եմ ՄԱԿ-ի կազմակերպած «Մեր համայնքի աղետները» խորագրով (խորագիրը հստակ չեմ հիշում) լուսանկարչական մրցույթին և մեր համայնքում ընդգրկվել եմ լավագույն քառյակի մեջ, և մասնակցել եմ մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ ՄԱԿ-ի գրասենյակում:

2015 թվականին մասնակցել եմ «Կենգուրու» մաթեմատիկական խաղ-մրցույթին և մեր դպրոցում իմ հավաքած միավորներով եղել եմ առաջինը:

Անցած ամառ մասնակցել եմ Ամերիկայի խաղաղության կորպուսի կողմից կազմակերպված ճամբարին, որի մասնակիցներին ևս ընտրել են շարադրությունների միջոցով: Անցած ամառ մասնակցել եմ նաև Կարմիր խաչի կազմակերպած առաջին օգնության վերաբերյալ մրցույթին, իմ խմբի ավագն էի, սակայն մի քանի միավոր չբավականացրեց եզրափակիչ անցնելու համար: Երևի թե այսքանը…