Նկարչության աշխարհը

Հետաքրքրվո՞ւմ եք արվեստով: Չգիտեմ, ճիշտ եմ, թե՝ չէ, բայց ինձ թվում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է տիրապետի արվեստի ինչ-որ մի ճյուղի, կապ չունի՝ նկարչություն, քանդակագործություն, գորգագործություն կամ արվեստի մեկ այլ ճյուղ: Արվեստը, իմ կարծիքով, օգնում է մարդուն ավելի խորը տեսնել շրջակա միջավայրը: Գնահատել այն, ինչը շատերը չեն գնահատում, և վերջիվերջո, ստեղծագործել և պահպանել տվյալ արվեստի ճյուղը, որպես փոքրիկ ժառանգորդ:

Ես տարիներ շարունակ սովորել և ներկայումս էլ սովորում եմ նկարչություն: Ի՞նչ է ինձ տվել նկարչությունը՝ հիմա կասեմ: Նկարչությունն ինձ օգնում է աշխարհին նայել ուրիշ հայացքով, տեսնել բաներ, որոնք, սովորական դիտողը չի տեսնում, զգալ գույնը, ձևը, զարմանալ, թե տեսադաշտը փոխելիս ինչպես են փոխվում իրերն ու աշխարհը: Նկարչությունն ինձ օգնում է լուսանկարելիս. ճիշտ է, այստեղ չկան մատիտներ, վրձիններ, յուղաներկ, բայց կա կարևոր մի բան՝ «սուր աչք », առանց որի, այսպես ասած, լուսանկարչությունը զրո է: Կամ երբ համալսարանում սովորում ենք սենյակի կահավորում և նախագծում, էլի ինձ օգնում է նկարչությունը: Եվ ի վերջո, պիտի չէ՞, այն թղթի վրա էսքիզով պատկերեմ: Նկարչությունը հիմնասյուն է: Եթե ուզում ես գորգագործությամբ զբաղվել, կամ ապագայում դառնալ հագուստի մոդելավորող, համոզված եմ, նախ, պետք է նկարես, պատկերացնես: Դե, էլ չխոսեմ քանդակագործության և ճարտարապետության մասին:

Հա, քանի որ խոսք գնաց նկարչությունից և սուր աչքից, ուզում եմ ներկայացնել մեր համալսարանի արվեստանոցում գծանկարի դասաժամին տեսածս գեղեցիկ կադրերը: