anahit Zaxaryan askeran

Նկարչուհին

Իմ զրուցակիցն է գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանը:

-Լիլի՛թ, մի քիչ պատմեք Ձեր մասին. որտե՞ղ եք ծնվել, սովորել և ի՞նչ մասնագիտություն ունեք

-Ծնվել եմ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել եմ Գեղավերստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժնում: Մասնագիտությամբ գեղանկարչուհի եմ:

-Արվեստի մարդիկ, իմ կարծիքով, լինում են պարզ, բայց նաև բարդ և բծախնդիր բնավորության տեր: Ի՞նչ կասեք, Դուք նո՞ւյնպես բծախնդիր եք Ձեր աշխատանքների նկատմամբ

-Այո, իհարկե, ամեն գործ սիրում է, որ իր նկատմամբ լինես ուշադիր և բծախնդիր: Արվեստի մարդիկ այդպիսին են, չէ՞ որ սա ևս արվեստ է:

-Շատերը բողոքում են, որ Հայաստանը փոքր մտահորիզոնի, սահմանափակ առարկաների հեռանկարային կրճատման տարածություն է: Արդյոք Դո՞ւք էլ եք նույն կարծիքին

-Այո, այդ կարծիքին եմ: Այստեղ ապագա չեմ տեսնում, շատ դժվար է գոյատևել, նույնիսկ՝ հայթայթել ներկերի գումար: Ինչքան էլ շատ սիրեմ Հայաստանը, միևնույնն է, աշխատանքի առումով այստեղ ապագա չկա: Բայց, այստեղից գնալով էլ հարցը չի լուծվի, իմ բոլոր հարազատներն այստեղ են:

-Հայաստանում նկարների վաճառքը, գիտեմ, որ այդքան էլ զարգացած չէ, ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, ինչո՞ւ պետք է մարդիկ գնեն նկարներ, հատկապես Ձեր աշխատանքները

-Աշխատանքը պիտի սիրեն, որ գնեն: Այսինքն՝ որոշ չափով գաղափար պիտի ունենան արվեստի գործերից, որ ցանկանան գնել: Շատ լավ է, որ գնում են, բայց արվեստից հասկացողներն են քիչ, կամ էլ գումար չունեն:

-Հիմնականում ի՞նչ են խորհրդանշում Ձեր կտավները

-Իմ բոլոր կտավներում գերիշխում են վառ գույները: Սիրել և մինչև այսօր էլ սիրում եմ Մարտիրոս Սարյանի, Մինասի գույները: Միշտ ձգտում եմ այնպես նկարել, որ իմ նկարներում տեսնեն այն գույները, որոնք բխում են իմ ներսից, և ինձ թվում է, որ ստացվել և ստացվում է այդ գույները հասցնել մարդկանց աչքերին:

-Ո՞վ է Ձեր հանդիպած ամենատպավորիչ մարդը արվեստում և, առհասարակ, կյանքում:

-Այնքա՜ն շատ են: Իմ կյանքում շատ են եղել լուրջ արվեստի մարդիկ, և ինչ խոսք, նրանց խորհուրդների շնորհիվ եմ շարժվել առաջ, և հենց նրանց շնորհիվ է, որ ստեղծում եմ ավելի լավ գործեր: