valentinaChilingaryan

Նոթեր Ձմեռ պապիկի գոյության էվոլյուցիայի մասին

-Մա՞մ, էս ի՞նչ փոշոտ թղթեր են սեղանի վրա:

-Քո բոլոր տարիների նամակներն են ուղղված Ձմեռ պապիկին:

-Է… Ախր, ինչի՞ համար ես պահում: Ես դրանք բոլորն էլ անգիր հիշում եմ:

-Պահել եմ, որ երբ հանրաճանաչ մարդ դառնաս` խայտառակ անեմ քեզ,- իրեն հատուկ տոնով կատակեց մայրս:

Ահա դրանք:

2009-2010թթ.

Բարև, հեռավոր Լապլանդիայում բնակվող Ձմեռ պապիկ: Ես քեզ շատ եմ սիրում: Ցանկանում եմ, որ այս տարի ինձ բերես ատրճանակ: Կարող ես մտնել իմ սենյակի պատուհանով, այն բաց եմ թողնում: Ես վարդագույն զիզի-բիզի բաներ չեմ սիրում, ես ուզում եմ «տղավարի» սև ատրճանակ: Ուզում եմ գող դառնալ: Կբերես:

2010-2011թթ.

Բարև, Ձմեռ պապիկ: Անցյալ տարի ես քեզանից ուզել էի սև ատրճանակ, բայց դա կոտրվեց, որովհետև այդ ատրճանակով ուզում էի սպանել մեր մանկապարտեզի Յուրային: Նա հրել էր ինձ ճոճանակից: Ես ուզում էի դրանով նրան սպանել, բայց Յուրիկի գլխից արյուն չեկավ, ես էլ ստիպված դրանով խփեցի գլխին: Կոտրվեց: Յուրիկի գլուխն էլ, իմ ատրճանակն էլ:  Նորն եմ ուզում: Միայն ատրճանակի նորը: Յուրիկի գլուխը պետք չի: Հասնում ա դրան:

2011-2012թթ.

Ողջույն, Ձմեռ պապիկ: Այս տարի ինձ պետք է քո կախարդական փայտիկը: Դասագրքում մի դաս եմ կարդացել, որ այդ փայտիկի միջոցով կարելի է կույրերին աչք նվիրել, հաշմանդամներին` ոտք, խուլերին` ականջ, աղքատներին` փող, հարուստներին էլ` ոչ մի բան, իսկ ինձ` դիմացի նոր ատամներ:

2012-2013թթ.

Ոչ մի  բան էլ չեմ ուզում: Ես հիասթափված եմ անցյալ տարվա քո աշխատանքից: Դիմացիս ատամները ծուռ են գալիս: Հիմա՛ր:

2013-2014թթ.

Ողջույն, Ձմեռ պա՛պ: Այս տարի կարդացել եմ նվիրածդ բոլոր գրքերը, չնայած որ չէի խնդրել: Դրանք բոլորն էլ հետաքրքիր էին: Ինձ նոր գրքեր նվիրիր, միայն հեքիաթներ չբերես: Անհետաքրքիր է, երբ միայն բարին է հաղթում: Հայրս ասում է, որ իրական գրքերում, հեղինակը թողնում է ընթերցողի եզրակացության վրա` արդյո՞ք վատ, թե՞ լավ էր ավարտը: Շատ կբերես:

2014-2015թթ.

Բարև պապ, ո՞նց ես: Էս տարի որոշել եմ քեզ քիչ նեղություն տալ: Պա՛պ, գիտես, որ հետաքրքրված եմ կենսաբանությամբ, ինձ միկրոսկոպ բեր: Իրականում ավելի հետաքրքիր ու զվարճալի է միկրոաշխարհը, որտեղ մարդ չի ապրում: Նման վայրում եմ ուզում ապրել, պա՛պ:

2015-2016թթ.

Պա՛պ, քեզնից ոչինչ չեմ ուզում: Ուղղակի թող առողջ տարի լինի, հաջողություններով լեցուն:

2016-2017թթ.

Ձմեռ պապի՛կ, ես դադարել էի հավատալ քո գոյությանը, մտածելով, թե հայրս է ինձ նվերներ բերում, բայց այս տարի ես համոզվեցի, որ գոյություն ունես: Այն ամենը, ինչ կա մեր երևակայության մեջ, արդեն իսկ գոյություն ունի: Կապ չունի, որ դու հեռու ես ապրում, կամ մարդիկ քեզ չեն տեսել: Դու կաս, որովհետև ես հավատում եմ, իսկ եթե մի բանի գոյությանը հավատում ես, ապա ողջ տիեզերքն է կանգնում կողքիդ ու նպաստում երազանքիդ իրականացմանը: Ամեն ինչ կախված է մարդու ցանկությունից: Ես ուզում եմ, հավատում եմ ու վստահ եմ, որ դու կաս: Երազանքներս թղթին չեմ հանձնի, դու արդեն գիտես, թե ես ինչ եմ երազում:

2017-2018թթ.

(Այս նամակը դեռ գտնվում է  գրելու փուլում):