Նոյ Թևոնյանի սխրանքը

Հայ զինվորը խիզախության, հերոսության և նվիրումի մարմնացում է: Իր արյունով հայրենիքը պահած զինվորներից մեկն էլ Նոյ Թևոնյանն է: Հերթական առաջադրանքը կատարելիս, Նոյը դրսևորելով ճիշտ մարտավարություն՝ տասը զինվորի դուրս է հանել թշնամու շրջափակումից: Պատերազմի ամենաթեժ պահին նետվելով այրվող մեքենան՝ դուրս է հանել զինակից ընկերոջ մարմինը: Ի պատասխան բոլոր գովասանքի խոսքերին, թե իր արածը հերոսություն է, Նոյը պատասխանել է. «Ինձնից ի՞նչ հերոս, տասնութ տարեկան երեխան ձեռքերիս մեջ մահացավ», մինչդեռ Նոյն ընդամենը տասնինը տարեկան էր:

Հոկտեմբերի 9-ին Նոյն ընկավ հերոսի մահով՝ միանալով իր անմահացած զինակից ընկերներին: Նոյ Թևոնյանի մայրը՝ տիկին Գայանեն, հերոսի մորը բնորոշ  հպարտությամբ է խոսում որդու մասին: Ասում է, որ Նոյի ծնվելուց առաջ երազ են տեսել:

-Մենք ընտանիքում ունեինք երեք աղջիկ, և ես շատ էի ցանկանում տղա երեխա ունենալ: Մի օր ամուսինս երազ է տեսնում: Նրան ասում են, որ պետք է որդի ունենա և անունը դնի Նոյ: Այդպես էլ եղավ: Երկու ամիս հետո պարզվեց, որ երեխայի եմ սպասում: Երեխաս ծնվեց, անունը դրեցինք Նոյ: Նոյս շատ յուրահատուկ էր, հենց փոքր տարիքից էլ տարբերվում էր: Անտեղի ոչինչ չէր անում: Շատ աշխույժ էր: Ասում էի՝ Նոյ, բարձր քարերի վրա մի բարձրացի, ասում էր՝ մամ, էնքան էներգիա կա մեջս, պիտի սպառեմ:

Նոյի հայրը Արցախյան պատերազմի մասնակից է: Որդին իր հայրենասիրությունը հորից էր ժառանգել:

-Մեր տան մեջ հայրենասիրության մթնոլորտը միշտ էլ եղել է: Հայրենիքը նրա համար շատ քաղցր էր, այդ պատճառով էլ իր ամենաթանկը՝ կյանքը, նվիրեց հայրենիքին: Նշեմ, որ Նոյս ծառայում էր Մատաղիսում, նրան ասում էին «Ռազվեդկի պոնչ», այդպես էր մականունը:

-Նոյը կռվարար չէր, ցանկացած խնդիր փորձում էր լուծել խաղաղ ճանապարհով,- պատմում է Սաթենիկը՝ հերոսի քույրը,- Նոյը ցանկացած կոնֆլիկտ փորձում էր լուծել խոսելով, բանակցելով: Եթե անգամ իր հետ կոնֆլիկտ ունեցող անձնավորությունը իրենից թեկուզ մեկ օրով փոքր էր, Նոյը նրան անմիջապես ներում էր: Ես Նոյից մեծ էի ութ տարով, և չնայած մեր տարիքային տարբերությանը, նրանից շատ բաներ եմ սովորել: Հիշում եմ՝ տուն էր գալիս արձանիկներ կամ տարբեր գրքեր ձեռքին, երբ հարցնում էի՝ ինչո՞ւ ես գնել գիրք, որը շոուբիզնեսի աստղերի մասին է, Նոյը պատասխանում էր, որ պապիկը վաճառում էր, և իր խիղճը տանջեց:

Փոքր տարիքում Նոյը իրենց տան այգուց ծաղիկներ էր հավաքում և նվիրում ընտանիքի անդամներին: Տիկին Գայանեն Նոյի մանկությունից դրվագներ է պատմում:

- Մեր այգուց խատուտիկներ էր հավաքում, դնում էր բաժակի մեջ և նվիրում էր մեզ: Ինձ ասում էր՝ մամ, նայի՝ քո փունջը ամենամեծն ա:

- Նոյը հեշտությամբ էր նոր միջավայրին ընտելանում: Բոլորին օգնում էր՝ փոխարենը ոչինչ չպահանջելով,- ասում է Արայիկը՝ Նոյի զինակից ընկերը:

-Մի հետաքրքիր դրվագ հիշեցի. դե Նոյը մեր վաշտի ամենածանր տղան էր քաշով ու նեղվում էր դրանից: Մի օր մեր վաշտով ճամբար էինք գնացել ու պիտի վազեինք, Նոյին ասացի՝ հիշի՝ ինչի համար ես էստեղ, հիշի, որ քո քույրերին ես պաշտպանում, քո դիմաց նպատակ դիր ու դրան կհասնես: Իմ խոսքից հետո Նոյն առաջինը հասավ տեղ: Էդ դրվագը մոտս շատ լավ էր տպավորվել: Բանակը շատ լուրջ տեղ ա, էստեղ մենակ լուրջ տղերք են:

Նոյ Լյովայի Թևոնյանը անմահացավ հանուն ամենաթանկի՝ հայրենիքի:

Հավերժ փառք մեր հերոսներին։