Նորից այս կատուն

-Մյաու, մյաու:
Նորից այս կատուն:
-Մարիամ, դուռը բաց, Ցուկին եկել ա:
Եվ ես պետք է շտապեմ դուռը բացելու: Շատերիդ մոտ հարց կառաջանա, թե Ցուկին ով է: Ցուկին մեր տան կատուն է, իսկ թե ինչու Ցուկի, ապա ասեմ, որ նա կրում է Facebook սոցիալական ցանցի հիմնադրի` Մարկ Ցուկերբերգի անունը:
Ես շատ անգամ նրան անվանում եմ ծերուկ, քանի որ ունի շատ երկար բեղիկներ, չնայած որ դեռ ընդամենը մեկ տարեկան է: Նա շատ հասկացող կենդանի է, և ինձ հաճախ թվում է, թե իր մեջ մարդ է ապրում: Երբ մայրս աշխատանքից տուն է վերադառնում, Ցուկին նրան դիմավորում է: Մռմռում է և նետվում մայրիկիս գիրկը: Նա շատ զգայուն կենդանի է: Զգում է, թե իրեն ով է սիրում և ով չի սիրում: Ցուկին ունի նաև փիսիկ ընկերուհի՝ անունը՝ Յակի. դրվել է ի պատիվ Ցուկիի, որպեսզի համընկնի նրա անվան հետ (Յակի-Ցուկի):Նրանք միշտ միասին են և միշտ պաշտպանում են իրար:

Ցուկին մեծ սեր է վայելում մեր ընտանիքում: Բոլորս էլ սիրում ենք նրան, բայց բոլորիցս շատ նրան սիրում է քույրս` Հռիփսիմեն: Նա ամեն կերպ դիմում է Ցուկիին՝ սերս, միակս, անկրկնելիս, իմ կյանքի իմաստ և այլն, սակայն Ցուկին բացի մայրիկից ուրիշ ոչ մեկին չի սիրում, իսկ քրոջս սերը մնում է անպատասխան:
Քույրս այնքան է սիրում Ցուկիին, որ նույնիսկ նրա ծննդյան տարեդարձին տորթ էր գնել: Ամանորին էլ նվեր էր գնել Ձմեռ պապիկի գլխարկ, որը միայն մեկ անգամ հայտնվեց նրա գլխին, երբ քնած էր: Միակ բանը, որ նա ընդունում է քրոջս նվերներից, կատվի կերն է:
Հիմա էլ, երբ ես գրում եմ այս նյութը, Ցուկին մլավում է դռան ետևում: Երևի ձեզ հրաժեշտ տամ, շտապեմ նրան դիմավորելու: