Բյուրականյան մեդիա ճամբար. նորից նկարահանումներ…

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Մեդիա ճամբարի ամենահետաքրքիր ու հակասական պահը ինձ համար նկարահանումներն էին: Ֆիլմ նկարելը իրականում հեշտ բան չէ, սակայն իրավիճակն ավելի է բարդանում, երբ ստիպված ես լինում աշխատել ֆիլմի մասին լրիվ ուրիշ պատկերացումներով մարդկանց հետ:

Մենք աշխատելու էինք հայ-սերբական հարաբերությունների մասին դոկումենտալ ֆիլմի վրա: Այնպես ստացվեց, որ ստիպված եղա համագործակցել գլխավորապես սերբական թիմի հետ: Մտածում էի, որ հետաքրքիր ու բացի այդ նոր փորձառություն կլինի իմ՝ ապագա դոկումենտալիստի համար այլ կինոդպրոցի հետ շփվելը, բայց ցանկացած նոր բան իր հետ դժվարություններ է բերում: Այս անգամը ևս բացառություն չէր: Որքանով հասկացա, մեր սերբ գործընկերներն ավելի շատ հակված էին խաղարկային ֆիլմին ու նույնիսկ դոկումենտալ ֆիլմում փորձում էին խաղարկային ֆիլմի տարրեր մտցնել: Հենց նախապատրաստական փուլում, երբ քննարկում էինք  ֆիլմի հիմնական ուղղությունները, համաձայնվեցի մի քանի զիջումների գնալ որպես հյուրընկալող կողմի ներկայացուցիչ և նույնիսկ մի քանի կադրում խաղալ: Էլ ի՞նչ իմանայի, որ պիտի ամբողջ դոկումենտալ ֆիլմում դերասան լինեի, ու ֆիլմը պիտի դառնար իմ պատմությունը:

Նախ, իմ փորձի ընթացքում ես սովորել էի, որ դոկումենտալիստը չպիտի իրեն դնի սցենարային կաղապարների մեջ, որովհետև արվեստը ստեղծագործական գործընթաց է և ազատություն է սիրում, հատկապես դոկումենտալ կինոն: Եթե ինչ-որ բան չկա նախապես պլանավորված սցենարում, բայց նկարահանումների ընթացքում հասկանում ես, որ կարող է ֆիլմին օգտակար լինել, կարելի է ավելացնել և հակառակը, եթե նախապես պլանավորել ես, բայց զգում ես, որ կարող է ավելորդ լինել, վատ չէր լինի առանց խղճի խայթ զգալու ազատվել այդ հատվածից: Սակայն սերբ գործընկերներս պնդում էին նախապես պլանավորված սցենարով շարժվել, ու հենց այստեղից էլ սկսվում էին մեր հակասությունները: Բացի այդ, իմ կարծիքով, եթե ֆիլմը, լուսանկարը կամ ասենք թեկուզ հոդվածը ամբողջական է, ապա այն կարիք չունի բացատրությունների, մեկնաբանությունների: Ճիշտ կադրը ինքնին պիտի տեսանելի ու հասկանալի լինի նայողին  առանց բառերի, իսկ այս ֆիլմում ես անընդհատ պիտի բացատրեի՝ ինչ եմ անում, ուր եմ գնում, ում հետ եմ խոսում: Ամենից շատ դա ինձ դուր չէր գալիս: Այդպես ֆիլմը դուրս է գալիս իր սահմաններից ու մոտենում հեռուստառեպորտաժին, ինչը դոկումենտալ ֆիլմի որոշ ուղղություններում ընդունված ձև է, բայց ոչ ցանկալի:

Ինձ համար դոկումենտալ ֆիլմը արկած է, ռիսկ: Դոկումենտալիստը պիտի նախ կարողանա նյութի լավ ընտրություն կայացնել, հետո ճիշտ լույսի տակ հրամցնել հանդիսատեսին: Նկարահանման ընթացքում պիտի կարողանաս իրականությունից «գողանալ» կադրը և ներկայացնել քո ուզած իրականության մեջ: Ռեժիսորը իր հերոսին պիտի կարողանա դնել իր ուզած իրավիճակում, պիտի ստեղծի իրավիճակ, որովհետև աշխատում է իրական մարդկանց հետ, ոչ թե դերասանների, իսկ դա ճկունություն է պահանջում: Ըստ իս կյանքը մեզ տալիս է ամեն ինչ, ուղղակի արվեստի ճիշտ ըմբռնում է պետք, ճիշտ լուծում: Ես սիրում եմ, երբ դոկումենտալ ֆիլմում ամեն մի կադրը իրական է, երբ զգում ես ռեժիսորի ներկայությունը, բայց չես տեսնում…

…Նկարահանուների փուլը շատ բուռն անցավ, սակայն մեր խմբի ղեկավարը՝

Միլիցան, ասաց, որ սա երբևէ ամենահեշտ, հաճելի  ու լավ կազմակերպված նկարահանումն է եղել, որ ինքը երբևէ ունեցել է: Պակաս բուռն չէր նաև մոնտաժի փուլը: Այս ընթացքում ավելի շատ կարևորեցի մոնտաժի դերը ֆիլմում: Դա այն փուլն է, երբ վերջնական տեսքի ես բերում, սարքում ես ֆիլմը, քո ուզած տրամադրությունն ու գույնը հաղորդում դրան:

Վերջապես պրեմիերա…

Ֆիլմը վերջնական տեսքով նայելիս հասկացա նաև իմ՝ որպես դերասանի թերությունները, ինչը ես անպայման հաշվի կառնեմ հաջորդ անգամ: Իմ՝ռեժիսորի որոշ դեպքերում ունեցածս անհամաձայնությունները ազդել էին մի քանի կադրերի վրա ու կեղծ երանգ տվել խաղիս:

Կարծիքները տարբեր էին ու նույնպես հակասական: Ինչևէ… Կարծում եմ՝ երկու կողմերի համար էլ հետաքրքիր էր աշխատել միասին…

Սիրելի՛ ընթերցող, շուտով ֆիլմը կներկայացվի նաև քո դատին, և դու ինքդ հնարավորություն կունենաս գնահատելու, արդյո՞ք ստացված է, թե՞՝ ոչ…