sara harutyunyan

Նոր Հաճն

Հավանաբար գիտեք Հրազդանի կիրճի գողտրիկ վայրերից մեկի՝ Նոր Հաճնի մասին: Այն քաղաքի, ուր ժամանակին աշխուժություն  ու եռուզեռ էր  տիրում, ուր տեղափոխվում էին Հայաստանի տարբեր մարզերից՝ չընկրկելով դժվարություններից. չէ՞ որ հենց այստեղ հնարավոր էր աշխատանք գտնել, ապրել`փոքրիշատե ապահովված և բարեկեցիկ կյանքով:

Արդեն  վաթսուներկու տարի է, ինչ անշուք ու փոշոտ կիրճի եզրին ծնունդ է առել Նոր Հաճնը, որի հիմնադրումը  կապված էր Արզնիի տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանի, կամ, ինչպես հայտնի է այսօր, «Սապֆիր» արտադրական միավորման ստեղծման  հետ: Հենց այդ իրադարձության շնորհիվ է, որ նախկին «Սիլավոյի» տեղում հիմա կանգնած  է  Նոր Հաճնը՝ ուրույն և ինքնատիպ մի բնակավայր, որն իր տանիքի տակ  տասներկու հազար հայի է պահում: Այն կարճ ժամանակում դարձավ մեր պետության  արդյունաբերական կենտրոններից մեկը և իր պատվավոր տեղը գրավեց զարգացող ու բարգավաճող քաղաքների կողքին: Սկսած 70-ականներից  Նոր Հաճնի այցեքարտը դարձավ  ադամանդագործությունը: Առաջին և   նախկինում ամենախոշոր գործարանը «Շողակ»-ն էր, ուր աշխատում էր նաև հայրս: Այդ ժամանակաշրջանը, կարելի է ասել, Հաճնի վերելքի տարիներն էին: Նոր Հաճնի  բնակարաններն ավելի թանկ արժեին, քան  մայրաքաղաք Երևանինը: Հենց այդ ժամանակ՝ տասներկու տարի առաջ, մեր ընտանիքը տեղափոխվեց ինձ համար կարճ ժամանակում թանկ ու հարազատ  դարձած Հաճն:

Ի՞նչն էր իմ մեջ տպավորվել: Կզարմանաք, բայց առաջինը ինձ գրավեց հենց քաղաքի անունը: «Ինչո՞ւ Նոր Հաճն»,- մտածում էի ես և փորձում   գտնել հարցիս պատասխանը: Ասեմ, որ  փոքր  ինչ  զարմացած,  բայց նաև հպարտ էի, որ իմ քաղաքը պատմական  Կիլիկիայի 1920-ական թթ.-ի կոտորածներից փրկված հաճնեցիների խնդրանքով է վերանվանվել Նոր Հաճն: Ու քանի որ փոքր էի ու շատ բան  չէի հասկանում, կարծում էի, թե ես հենց Կիլիկիայում էլ  ապրում եմ: Գուցե ծիծաղելի է, բայց չեք պատկերացնի, թե ինչ հպարտ էի: Այդ ժամանակ դեռ  վեց տարեկան էի:

Ամեն ինչ հրաշալի էր, և  թվում էր, թե ոչինչ չի կարող  խանգարել` անկախացումից հետո փոքր-ինչ շունչ առնող ժողովրդի խաղաղ կյանքին:Եվ ո՞վ կարող էր մտածել, որ այդ հանգստությանը հաջորդելու է փոթորիկը, և որ կարող են գործերը կտրուկ վատանալ… Իրար հետևից փակվեցին արդյունաբերական գործարանները՝ փշուր-փշուր անելով հաճնեցիների հույսերը: 2008 թ.-ին լուծարված «Շողակն»-ը  ամենածանր հարվածն էր  Հաճնի համար`  աշխատանքից զրկվեց բնակչության կեսը: Հուսահատություն, գործազրկություն, աղքատություն, ծանր հոգսեր. ահա թե ինչ տարածվեց Հաճնում` համաճարակի արագությամբ: Աշխատանք չունենալու պատճառով մարդիկ  բռնեցին արտագաղթի ճանապարհը: Քաղաքը միանգամից դատարկվեց… Ցավն այն է, որ արտագաղթը դեռ շարունակվում է: Բնակիչների  մի մասը տեղափոխվեց  Ռուսաստանի Դաշնություն,  նույնիսկ Աֆրիկա գնացողներ եղան` աշխատելու և ծայրը ծայրին հասցնելու համար: Թանկարժեք քարերի մշակմամբ հայտնի  Հաճնի վարպետները  ցաքուցրիվ եղան ՝ զարգացնելով օտար երկրների տնտեսությունը:

Այսքանից հետո մտածում եմ՝ էլ ի՞նչ լուսավոր հեռանկարներ: Բայց երբ տեսնում եմ ինձ պես պատանիների, դեռահասների, որոնք հետաքրքրվում և ակտիվ գործունեություն են ծավալում մշակույթի տարբեր բնագավառներում, մարող  հույսս կամաց-կամաց արթնանում է. ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ` մտածում եմ ես…

Հիմա մեր քաղաքում գործում է «Հաճն» պարային անսամբլը, որն ստեղծվել է 2010 թ.-ի մարտի 10-ին: Իր ստեղծման օրվանից այն շարունակում է նորանոր բարձունքներ նվաճել և հաղթանակներ ունենալ: Խումբը համերգներով հանդես է եկել Վրաստանում և այլ երկրներում: Պարախմբի  սաներն իրենց  գեղեցիկ պարով զարդարում են նաև համաքաղաքային տոնական միջոցառումները:

Մշակույթի տանը հարակից գործում է արվեստի դպրոցը տարբեր մասնաճյուղերով՝ կերպարվեստի և երաժշտության, որտեղ հմտանում և փորձ են ձեռք բերում Հաճնի ապագան կերտողները: Քաղաքի ուսումնատենչ երիտասարդներին, սակայն, պակասում է քաղաքային գրադարանը, որ  փակվել է տարիներ առաջ`  վերանորոգման պատրվակով և երբևէ բացվելու հույսով: Մենք՝ երիտասարդներս, չենք կարողանում բավարարել մեր հետաքրքրությունները, գտնել մեզ հուզող հարցերի պատասխանը:

Ահա այսպիսին է իմ քաղաքը, իմ Հաճնը: