«Նոր հայացք գրքին» մրցույթն ամփոփվեց

Հունիսի 29-ին «Մանանա» կենտրոնում տեղի ունեցավ Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» գրքի անդրադարձների մրցույթի ամփոփումը: Մրցանակաբաշխությանը ներկա էին անդրադարձների հեղինակները, գրողներ, լրագրողներ և գրքի հեղինակը:

Հանդիպումը սկսվեց ծանոթությամբ, մասնակիցները հնարավորություն ունեցան զրուցելու գրքի հեղինակի հետ, քննարկելու իրենց անդրադարձները, լսելու հեղինակի անձնական կարծիքը, խորհուրդներ  ժյուրիի անդամներից իրենց գրախոսությունների վերաբերյալ: 

«Հեղինակի համար շատ կարևոր է լսել ընթերցողի կարծիքը, հատկապես` երիտասարդության»,- իր խոսքում նշեց գրող Սուսաննա Հարությունյանը: Մինչ մրցանակաբաշխության արարողությունը սկսելը մասնակիցները գրողների և գրքի հեղինակի հետ աշխոիյժ զրույց էին սկսել հայ նոր գրականության մասին` արդյոք ինչ են կարդում, որ գործերը և որ հեղինակներին են համարում արժեքավոր, ինտերնետը ինչ ներգործություն է ունենում ընթերցողների ճաշակի ձևավորման վրա: Սուսաննա Հարությունյանը նշեց, որ ինտերնետում այժմ գրքերը շատ են, և պետք է լինել իսկապես խելացի ընթերցող, որպեսզի կարողանալ առանձնացնել արժեքավոր գործերը նրանցից, որոնց վրա չարժե ժամանակ կորցնել: 

-Մենք պատրաստել ենք շնորհակալագրեր բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են այս մրցույթին, քանի որ այն, որ կարդացել եք, գրել եք գրախոսություն, արդեն խրախուսելի է,- նշեց «Մանանա» կենտրոնի տնօրեն Ռուզաննա Բաղդասարյանը:

Խրախուսական մրցանակներ ստացան Մարինե Իսրայելյանը, Մարիամ Բարսեղյանը, Լիլիթ Ներսեսյանը: Մասնակիցները ստացան Սուսաննա Հարությունյանի նոր լույս տեսած գրքերից հեղինակի ընծայագրով, ինչը, ինչպես նշեցին ժյուրիի անդամները, գիրքը ավելի արժեքավոր է դարձնում: 

Երրորդ մրցանակի արժանացան Սեդա Մխիթարյանը և Սոնա Մուրադյանը:

Երկրորդ մրցանակ ստացան Մարիամ Տոնոյանը և Անի Ավետիսյանը:

Առաջին մրցանակ ժյուրին որոշեց ոչ մեկին չշնորհել, քանի որ գրախոսությունները իրարից քիչ էին տարբերվում, և չկար այն եզակին, որը կտարբերվեր մյուսներից:

Հեղինակի համակրանք անվանակարգում մրցանակ ստացավ Լիլիթ Ներսեսյանը:

-Կցանկանայի նշել, թե ինչով է այս գործը յուրահատուկ ինձ համար,- ասաց Սուսաննա Հարությունյանը,- մենք հասկանում ենք, որ խոսքը պրոֆեսիոնալ գրականագիտական մրցույթի մասին չէ, և նույնիսկ պրոֆեսիոնալ մրցույթների դեպքում ես սիրում եմ, երբ գրախոսը նշում է ոչ թե այն, թե ինչ էր ուզում ասել հեղինակը, այլ թե ինչ ազդեցություն այն թողեց ընթերցողի վրա, որովհետև շատ դեպքերում հեղինակի տաղանդը կամ հմտությունը չի հերիքում իր ցանկացածը մատուցելու համար: Դրա համար շատ կարևոր է այն, թե ինչ ապրում, ինչ զգացողություն արթնացրեց ընթերցողի մեջ: Մեր մրցույթը կրում է ոչ միայն գրականագիտական, այլ նաև հանրամատչելի բնույթ: Բոլոր գործերը կարդալիս այնպիսի տպավորություն եմ ստացել, թե գրող մարդիկ  իրենց պատկերացրել են գրականագետի դերում: Հաճախ պատմում են բովանդակությունը, և իրենց թվում է, որ այդպիսով վերլուծեցին պատմվածքը: Իմ համակրանքին արժանացել է Լիլիթ Ներսեսյանի գործը, քանի որ նա ներկայացրել է ոչ թե այն, թե ինչ է ուզում հեղինակը, այլ իր ապրումակցումը հերոսին, այն, թե ինքը ինչպես ընկալեց հերոսի վիճակը, ինչպես հերոսը հայտնվեց իր խոհերում, իր մտքերում: 

Մրցանակաբաշխության արարողությունից հետո մասնակիցները ավելի ջերմ մթնոլորտում զրուցեցին գրողներ Գևորգ Տեր-Գաբրիելյանի, Սուսաննա Հարությունյանի, գրականագետ, բանաստեղծ Թադևոս Տոնոյանի հետ, ուղղեցին նրանց իրենց հետաքրքրող հարցերը: 

«Նոր հայացք գրքին» անդրադարձների մրցույթները շարունակական բնույթ են ունենալու: Հուսով ենք տեսնել ձեզ հաջորդ գրքերի անդրադարձների մրցույթին: