Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Նոր մանկապարտեզ Բաղանիսում, կամ` երեխաները կրակից հեռու

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

22.06.2019 թվական: Սա այն օրը, ամիսը և տարեթիվն է, երբ հայրենի գյուղումս՝ Տավուշի մարզի Բաղանիսում, բացվեց շատ երկար սպասված մանկապարտեզը: Շենք, որի կարիքը շատ ուներ գյուղը, գյուղացին և իհարկե, գյուղի փոքրիկները: Այո, ես Բաղանիսից եմ՝ ես չեմ գնացել մանկապարտեզ, ես չգիտեմ` ինչ է դա: Չեմ գնացել մի պարզ պատճառով, որովհետև չկար: Չէ, ավելի ճիշտ կար, բայց որ նայում էիր` չեղածի հաշիվ էր: Շատ ժամանակ, երբ գյուղ էին գալիս դրսից եկածներ, շենքին նայելուց անգամ պատկերացում չէին կարող կազմել, որ դա եղել է մանկապարտեզ: Շինություն, որը գտնվում է Բաղանիսի միջնակարգ դպրոցից մի քանի մետր ներքև, անմխիթար վիճակում: Միայն տուֆից կանգնեցված քարեր, փշրված շիֆերներից կտուր և լուսամուտներ, որոնց ապակին փոխարինվել էր ցելոֆաններով, որոնք էլ իրենց հերթին քայքայվեցին:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Մանկապարտեզ չլինելու գլխավոր պատճառը ոչ թե այն էր, որ չկային երեխաներ, այլ այն, որ շենքը ուղիղ գծով գտնվում էր ադրբեջանական դիրքերի հսկողության տակ, և հեռավորությունը կազմում էր ամենաշատը մեկ կիլոմետր: Կրակոցների պատճառով, ինչու չէ, նաև շենքին վնասներ հասցվելուց, մանկապարտեզը դադարեց գործել: Մի որոշ ժամանակ այնտեղ ամենամեծ սենյակներից մեկը թեթև վերանորոգելուց հետո, թեքվանդոի մարզասենյակ էր դարձել, որը ընթացքում վերանայվելով և դիրքերի դիմաց գտնվող պատը հաստացնելով և պատուհանները փակելով, կարողանում է մինչ օրս տարբեր նպատակներով ծառայել:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Բայց չէ որ մնաց ամենակարևորը՝ մանկապարտեզը, իսկ մանկապարտեզը որքան էլ զարմանալի թվա, տեղափոխվեց գյուղապետարան: Էլի դպրոցին մոտ, էլի նույն կրակոցի տակ, բայց որոշ չափով ապահով, լուսավոր և ավելի լավ պայմաններ: Մի քանի տարի էսպես ասած մի տեղում էին գյուղապետարանը և մանկապարտեզը: Մի կողմից հաճելի էր, մյուս կողմից` զարմանալի էր, երբ գյուղի հետ կապված մի հարցով մտնում ես գյուղապետարան, որտեղ իհարկե պետք է լիներ պաշտոնական քար լռություն կամ աշխատանքային թեթև աղմուկ, բայց լսում էիր մանկական երաժշտություն, երեխաների ծիծաղ, լաց, աղմուկ, իսկ երկրորդ հարկում` հեռախոսազանգերի, տպիչ սարքերի ձայներ: Համագյուղացիներս ուրախ էին նաև սրա համար, որ թեկուզ գյուղապետարանում, բայց կա մանկապարտեզ, և կան երեխաների ձայներ, որ մեծերի հսկողության տակ են որ մի կրակոց լինի` կվազեն երեխաների հետևից:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Բայց այսօր` 22.06.2019թ. դրությամբ գյուղում բացվեց այդքան երկար սպասված մանկապարտեզը, բայց այս անգամ արդեն ոչ հին շենքը վերանորոգվեց, ոչ էլ նոր սենյակ հատկացվեց գյուղապետարանում: Այն կառուցվեց զրոյից, նոր հողամասում, հստակ պլաններով, հստակ նախագծով և ամենակարևորը, այնպիսի մի վայրում, որտեղ անգամ կրակոցների ժամանակ ապահով է: Կտուրը` վառ կապույտ թիթեղից է, լուսամուտները` եվրոպական բարձր արտադրանքի են, իսկ պատերը` տուֆից են առաջվա պես, բայց արդեն ժամանակակից ճարտարապետական մոտեցումով ու մանկական դիզայնով: Ես ու ինձ նման շատ բաղանիսցի պատանիներ մի տեսակ թաքուն նախանձով նայեցինք այն փոքրիկներին, որոնք հաճախելու են գեղեցիկ կահավորած մանկապարտեզը:

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Մանկապարտեզը կառուցվել է «Փարոս» հիմնադրամի և «Զարգացման ծրագրեր հանուն Հայաստանի» կազմակերպության ֆինանսավորմամբ։ Իսկ «Focus on Children Now» կազմակերպությունը կահավորել է այն և բակի խաղահրապարակը, ինչպես նաև կշարունակի հովանավորել երեխաների սնունդը։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նախաձեռնողներին, բարերարներին, շինարարներին, բոլոր նրանց, ովքեր թեկուզ փոքրիկ ներդրում են ունեցել մանկապարտեզի կառուցման գործում։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի