Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Նոր սկիզբը

Արդեն սեպտեմբեր է: Ոմանց համար տոն, ոմանց համար «տանջանքների սկիզբ», ոմանց համար էլ ինքնազարգացման նոր հնարավորություն: Յուրաքանչյուր աշակերտ իր կյանքում ունենում է տասներկու սեպտեմբերի մեկ, տասներկու նոր սկիզբ: Ոմանք այդ տասներկուսից ոչ մեկն էլ չեն օգտագործում իրենց ապագան հնարավորինս գեղեցիկ դարձնելու համար, ոմանք զղջում են, որ իրենց տարիներից մեկը աննպատակ վատնել են, իսկ մյուսները հնարավորինս շատ օգուտ են քաղում այդ տասներկու նոր ուսումնական տարիներից:

Ձեզ երբևէ հարց տվե՞լ եք, թե ձեր կյանքի այդ մի տարում ինչ սովորեցիք: Իսկապես սովորեցիք, այլ ոչ թե գնահատականի և ուսուցչին գոհացնելու համար, ինքդ քեզ համար ի՞նչ սովորեցիր: Որևէ բան գոնե հիշո՞ւմ ես: Տուր քեզ այս հարցը:

Աշակերտներ կան, ովքեր դպրոցը ասոցացնում են ընկերներին հանդիպելու, զվարճանալու և ժամանակ ծախսելու միջավայրի հետ, բայց դա դպրոցի իրական կողմը չէ: Դպրոցը մենք պետք է ասոցացնենք գիտելիքների մի մեծ պաշարի հետ, դպրոցը մեր աչքերում պետք է երևա որպես մեր անձերի զարգացման կենտրոն, ինքնաճանաչման և նոր բացահայտումների միջոց:

Ուսուցիչները իրենց հերթին պետք է հնարավորինս շատ  բացատրեն, որ յուրաքանչյուր դպրոցական սովորում է ինքն իր համար, մի նոր գիտելիք ստանալու, այլ ոչ թե գնահատականի, մի թվի համար:

Աշակերտները պետք է զինվեն գիտելիք ստանալու ցանկությամբ: Իրենք, այլ ոչ թե ուսուցիչները, պետք է ամեն ինչ անեն ավելի շատ  գիտելիքով հարստանալու համար:

Եկեք սիրենք դպրոցը, եկեք զինվենք գիտելիքով: Ամեն ինչ անենք, որ մեր ուսուցիչները սիրով մատուցեն գիտելիքը: Սովորենք, որ տարիներ անց չփոշմանենք տարիները աննպատակ վատնելու համար: Սովորենք, որ ունենանք մեր երազած ապագան, այլ ոչ թե ինչպես կյանքը թելադրի:

Բոլորիս մաղթում եմ լավ ուսումնական տարի:

Հ.Գ. Չմոռանանք մյուս տարի տալ վերևում նշված հարցը: