Narek Piloyan

Նոր Վանաձոր

Վանաձոր քաղաքում 2018 թվականի նոյեմբերին մի խումբ ուսանողների կողմից ստեղծվեց ֆեյսբուքյան մի խումբ և ստացավ «Նոր Վանաձոր» անունը: Ճիշտ է, խումբը ստեղծվեց պատահական, սակայն այն դարձավ խմբի յուրաքանչյուր հիմնադիր անդամի անբաժանելի մասը: Հունիս ամսին Սեդա Մխիթարյանը 17.am-ում անդրադարձել էր «Նոր Վանաձոր» ուսանողական նախաձեռնությանը: Մեկ ամսում խումբը ունի նոր մտահղացումներ, որի մասին արժե տեղեկացնել, սակայն՝ առանց փակագծերը բացելու, քանի որ խումբը ցանկանում է գործն անել և միայն դրանից հետո խոսել:

Նախաձեռնության նպատակն է` Վանաձորը տեսնել ավելի մաքուր, ավելի բարեկարգ, ավելի մշակութային և պարզապես ավելի լավը: Խումբը ստեղծված է բացառապես քաղաքի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու համար, շատ հաճախ այդ լուծումները իրականացնում են հենց խմբի անդամները: Խումբը ապաքաղաքական է, ունի բնապահպանական ուղղվածություն, նաև՝ մշակութային և երիտասարդական: Խմբի անդամները նշում են՝ հետևողական են լինելու քաղաքի մաքրությանը, սակայն ցանկություն ունեն, որպեսզի քաղաքի բնակիչներն էլ ավելի ընդգրկվեն երիտասարդների նախաձեռնություններին: Խմբի անդամները նաև հավելեցին, որ առաջիկայում համագործակցություն են սկսելու տարբեր ուղղություններով, որ արդյունքը տեսանելի լինի: Արդեն ունեն հստակ ծրագրեր և տեսլական, օրինակ՝ պլանավորված շաբաթօրյակներ՝ քաղաքի տարբեր թաղամասերում:

Շատ անելիքներ կան, բայց առաջին հերթին հարկավոր է ցանկություն, իսկ վերջինիս առկայության դեպքում անհնարինը կդառնա հնարավոր: