Lilit tovmasyan

Նոր տեսքով

-Լիլիթ, ինչո՞ւ մեզ կտրեցիր: Լա՞վ էր, որ մեր շնորհիվ քեզ բոլորը նկատում էին:

-Հանգի՛ստ թողեք ինձ: Ես ընդhանրապես չեմ փոշմանել:

Առավոտյան ժամը 8-ին զարթուցիչս զնգաց ու ընդհատեց մազերիս հետ իմ ճակատամարտը:

Մազերս մինչև վերջերս մղձավանջ էին ինձ համար: 17 տարի մերոնք արգելում էին կտրել մազերս: Իմ մեկ մետրանոց «ընկերները» բեռ էին ինձ համար: Հիմա մազերս կտրել եմ, բայց երազները ինձ հանգիստ չեն տալիս: Երևի մազերս նեղացել են ու վրեժ են լուծում:

Գնացի դպրոց՝ հույս ունենալով, որ կմոռանամ երազիս մասին: Մուտքի մոտ տեսա ընկերուհուս՝ Սյուզիին: Սյուզին սովորական, առանց ձևերի աղջիկ է (ինձ նման). սիրում է գրքեր կարդալ ու ինձ հետ փիլիսոփայլել, բայց նա տառապում է «պրիչոսկամանիայով»: Ես միամտաբար մոռացել էի դրա մասին, ու լայն ժպիտով մոտեցա նրան:

-Լիլ, լավ ա՝ եկար: Մի հատ ասա՝ մազերս շա՞տ թափած ա:

-Սյուզ, բայց դու քո մազերը էսօր փռել ես: Շատ սիրուն ես, քո գանգուրներից էս աշխարհում ոչ մեկը չունի: Դե, պատմի, ինչ կա-չկա:

-Լիլ, բա մազերս շա՞տ գզգզված ա:

-Սյուզ, չէ, ընդհանրապես:

-Բա մեջտեղից սիրո՞ւն ա բացած:

-Ուռա՜, զանգը տվեց,- կյանքում դեռ զանգի ձայնից չէի ուրախացել:

-Լի՜լ, սպասի, մի հատ հայելիդ տուր:

-Սյուզ, չեմ բերել,- ստեցի:

Երևի պիտի չկտրեի մազերս ու հանգիստ ապրեի: Հիմա էլ Սյուզիի մազերի հետ կռվեցի: Հաստատ գիշերը նոր ճակատամարտ է լինելու:

Հոգուս խորքում մի քիչ փոշմանել եմ, որ կտրել եմ, բայց զգուշացնում եմ՝ հանկարծ մազերիս չասեք, թե չէ` ինձ երբեք հանգիստ չեն թողնի: