juli abrahamyan

Նույն բանը՝ տարբեր ժամերին, կամ էլ հակառակը

Դեռ փոքր տարիքից մեզ սովորեցնում են, որ աշխարհում յուրաքանչյուր մարդ ունի իր մատնահետքը, որը չի կարող ունենալ մեկ ուրիշը։

«Վայ, քո»,- մտածեցի ես։
Հիմնականում դա միակ արտահայտությունն է, որը ես կարողանում եմ արտասանել ցանկացած շոկային լուր լսելուց։
Ինչպես կասեր ենթագիտակցությունս…
«Վայ քո-ն հոգեվիճակ է»,- ըհն, ինձանից առաջ ընկավ։
Լավ, բա սենց մինչև ե՞րբ։
Նյութ վաղնջական ժամանակներից չեմ գրել, չգիտեմ էլ ինչ գրեմ։ Ֆոտո անելու համար աչքերս չափից դուրս խավար են։

Ես ու իմ ցնորային մտքերը ժամը 3։09-ին

Ես դռելը վեկալ ձեռիցս:
-Չեմ կարա, տաշում եմ:
-Լավ է, տաշի, տաշի:
Հիմա էս ժամին, որ գործ եմ անում, բա հարևանները չե՞ն բողոքի։ Չնայած, ո՞ր մի իրան հարգող-սիրող «ռեմոնտ» անողն ա տենց մտածում, որ մի հատ էլ ես մտածեմ։
Ես դռելն ի՞նչ անեմ, է․..

Մեր կողքի հարևաններն ու նրանց դռելը ժամը 3։09-ին:

Փափագս շատ մեծ է այս գիրքը կարդալու։
Ի՞նչ։ Մոռանում եմ, որ տանը մենակ եմ՝ ոնց ուզեմ, տենց էլ կխոսեմ; Թե չէ` փափագ, եսիմ ինչ։
Ես գրական բառերս էլ մենակ 5-րդ հարկում ապրող երեխան է հասկանում։ Միշտ ուղղում է։ Թե ասա ուսանող ես՝ դասերովդ զբաղվի, էլի, ի՞նչ ես դրել աջ ու ձախ բոլորին ուղղում։

-Մեր առաջին հարկի հարևանը, ով 1 տարի ապրեց Ֆրանսիայում, և հիմա իրեն սփյուռքահայ է զգում, ժամը 3։09-ին (5-րդ հարկի ուսանողն էլ ես էի):

 

Ըհըն, երեխեքին մի աշխարհ դաս եմ տվել։ Լեկցիաներս ուզած-չուզած պիտի սովորեն։
Նյութն արդեն ուղարկել եմ կուրսի ավագին, ով, իհարկե, մոռացել է ուղարկի մնացած երեխեքին, ու վաղը ոչ մեկն էլ պատրաստ չի լինելու։
Ճաշը եփել եմ, տունը մաքրել, շորերս արդուկել եմ։ Վերջ։
Հանգիստ խղճով կարող եմ քնել:

Դասախոսս ժամը 3։09-ին

Հիմա ես էսքան դաս ո՞նց սովորեմ։ Ախր, լավ էլի, ինչքան կարելի ա։ Հետո էլ ասում էին, թե հեշտ է ուսանողական կյանքը։ Հետաքրքիր է։
Ինձանից շատ դաս ունեցող չկա ողջ աշխարհում։

Առաջին կուրսի ուսանողը ժամը 3։09-ին

-Իսկ եթե գրես կիթառների մասի՞ն:
-Շաբլոն ա:
-Ուտելիքի:
-Չէ:
-Մեր աշխարհի խնդիրների մասին:
-Ինչի՞, դրանք ինչ-որ մեկին հետաքրքի՞ր են:
-Գոնե փիսիկների:
-Հը՞…
-Մարդ չդառար:

Ընկերուհիս ժամը 3։09-ին ինձ խորհուրդներ տալիս

Հանգիստ կգնաս, կկանգնես, կսկսես խոսել։ Կարևորը, որ ոչ մեկի աչքերին չնայես։
Թե չէ` կխառնվես։ Ոչ մեկի աչքերին, լսո՞ւմ ես։
Դիմացիդ պատին մի հատ մեծ անցք կա՝ դրան կնայես։ Հա, շատ լավ ա, հենց դրան էլ կնայես։
Մի րոպե։ Բա որ խոսքերդ մոռանա՞ս․․․

Մեր դիմացի շենքում ապրող, ավարտական կուրսի ուսանողը ժամը 3։09-ին դիպլոմայինի պաշտպանելու փորձեր անելիս:

Եթե մարդկային աչքը լիներ թվային ֆոտոխցիկ, ապա այն կգնահատվեր 576 մեգապիքսել:

«Դե, դժվար քոնը տենց լիներ»,- ենթագիտակցությանս անուն պետք է որոշեմ․․․

Ես ու ենթագիտակցությունս ժամը 3։10-ին: