jenya yeghikyan

Նույն երկնքի տակ ենք

Տարբեր տրամաչափի հոգոց եմ հանում նամակս քեզ ուղղելուց առաջ: Իմ մասին երգ հորինելդ իզուր է. դաշնամուրիդ սեղմակը տրամադրություն չունի: Երեկոյան քամու պես կողքովդ անցա, վրադ վերարկու եմ գցել. հանկարծ չմրսես: Թատրոնի դիմաց եմ սպասել. վարագույրները այդպես էլ չեն բացվի: Ակնոցս կորցրի, որ քեզ չտեսնեմ: Տաք ձեռնոց եմ ձևացել, բայց ինձ միայն ձմռանն ես հիշել: Երկու հատորով գիրք գրեցի մեր մասին, պատճառը մեր երկար պատմությունը չէ, երկուսիս երկու մասի բաժանվելն է. չեկար շնորհանդեսին: Արհեստական ծաղիկներ էիր նվիրել, ի՞նչպես վարվեմ, որ թոռոմեն: Բակում յասաման էի աճեցրել, չորս թերթիկ ունեն, կարծում ես բոլորից հինգերորդը պոկելով երազանքդ կիրականացնե՞ս:

Վագոնի դռները մեր միջև փակվեցին, որ ինձ հասնող երկաթգիծ չկառուցես: Լուսացույցներին եմ հրամայել՝ միայն կարմիր մարդուկի դեպքում զգաստ լինեն. իմ տուն հասնող ճանապարհներդ փակ են: Ես թափվեցի քեզ վրա հազար ագամ, անձրևանոցովդ արհամարհեցիր, հայտնվեցի բաժակիդ մեջ, որ քեզ ջերմացնեմ, երկար ժամանակ փչեցիր վրաս, հետո էլ կասես` սառն ես իմ հանդեպ:

Երկար կգրեի. գրչիս համբերության թանաքը ա-վարտ-վեց…