Shushan nersisyan

Նստարան

Մեր թաղը գտնվում էր քաղաքի ծայրում՝ ամենավերջում, դրանից հետո չգոյությունն էր: Էն, ինչ կար էդ թաղում, դրանից ոչ մի տեղ հաստատ չես գտնի: Եթե ուզենաս գտնել, պիտի փնտրես չգոյության մեջ՝ էն լեռների, որ չգիտես՝ որտեղ են խառնվում երկնքի կապույտին, էն ծաղիկների, որ կարոտ են փունջ դառնալու, էն անհունությանը, որին երբեք չհասանք, որովհետև մարդն էդտեղ հազվադեպ էր լինում… Սահմանափակվեցինք մեր թաղով, էդ մի թիքա աշխարհով, էդ աշխարհի մի թիքով…

Անձրևոտ քաղաքիս բոլոր թաղերում մի յուրահատուկ անկյուն կա, մի տեղ, ուր էդ թաղի ջահելները իրենց զգում են սեփական աշխարհում, մոլորակում, տիեզերքում, ես շատ գիտե՞մ որտեղ, մի տեղ, որից էն կողմ էլ կյանք չկա… Էդ անկյուններում սովորաբար մի նստարան ու մի սեղան է լինում, ու դրա շուրջը կյանք է պտտվում…

Մի էդ ձևի կյանքով լիքը սեղան-նստարան էլ մեր թաղում կար: Հիմա էլ կա, բայց չի շնչում, իսկ չշնչողները դադարում են գոյություն ունենալուց, մեռնում են, հոգիները մեջներից դուրս ա գալիս, կյանքն ա մեջներից դուրս գալիս, իսկ անհոգի, անկյանք մարդը, առարկան, երևույթը ու՞մ են պետք: Հարյուր տարի էլ անցնի, իրենց ոչ հիշում են, ոչ էլ…

Մեր թաղի սեղան-նստարանը կանաչ էր, կյանքիս ամենապայծառ կանաչ գույնը: էդ կանաչի մեջ խորհրդանշական բան կար: Կանաչը սկիզբ ա, թարմություն, երիտասարդություն, կյանք… Նստում էինք առավոտից իրիկուն ու երազում: Շնչում էինք առավոտվա սառը քամին, կեսօրի տաք արևը, երեկոյի աստղազարդ երկինքը, կյանքն էինք շնչում, էնքան էինք շնչում, որ շնչահեղձ լինելու աստիճան սերը շատանում էր մեր մեջ: Սեր շնչելով քանի անգամներ ենք աստղերը հաշվել, կեսից հոգնել ու տենց էլ կիսատ թողել: Սեր շնչելով էնքան էինք ծիծաղում, քրքջում, հռհռում, ձեններներս գլուխներս գցում: Սեր շնչելով իրար էինք սիրում, կյանքն էինք սիրում: Էդ նստարանին նստած, որ երկնքին էինք նայում, երկինքը միշտ կապույտ էր, անձրև էլ գար, էդտեղից երկինքը միշտ կապույտ էր: Էդ նստարանի մոտ միշտ նետված էին մեր գնդակները, պարանները, մեր թաղի միակ հեծանիվը, որ բոլորինս էր, մեր երազանքները, ժպիտները, մեր չասված բառերը: Էդ նստարանի մոտ ամեն ինչ կարող էիր գտնել, ամեն ինչ: Մենք էդտեղ երբեք մենակ չէինք: Էդ նստարանի մոտ բոլորս գրողի ծոցն էինք ուղարկում սուտը, դավաճանությունը, կեղծիքը, մեկս մեկիցս սովորում էինք իրար լսել, հաց կիսել, իսկական ընկեր լինել, ճիշտ ապրել, մեկս մեկիս սովորեցնում էինք վստահել, նվիրվել, իրար պաշտպանել, իրար համար բոլորին դեմ դուրս գալ, գողանալ, նվիրել, իրար համար կյանք տալ: Անհաջողությունը չէր համարձակվում դուռդ թակել, որովհետև գիտեր՝ մենակ չես, կողքիդ սարի պես ընկերներ ունես, էնպես հետ կուղարկեին, ճանապարհը կմոռանար: Էդ նստարանի մոտ սեր ենք խոստովանել ու հիասթափվել, իրար պինդ գրկել ենք, ամուր սեղմել մեր կրծքին, որովհետև տենց ուժեղ էինք, տենց մեզ ոչ մեկը չէր հաղթի, մեզ չէին բաժանի:

Գոռն ասում էր՝ երկնքում իր աստղն ունի, ու միշտ գտնում էր էդ աստղը: Մեզ ցույց էր տալիս, մենք էլ, հա՜, իբր տեսնում էինք: Հրաչն ասում էր՝ չհոգնեցի՞ք, եկեք ման գանք, ցուրտ ա, իրիկուն ա, հավես ա, ու բոլորս միահամուռ գոռում էինք՝ էէէ՜, Հրա՜չ, նստած ենք, էլի:

Կարենը երեկվա բաղչագողի խնձորներն էր բերում, որ բոլորով ուտենք: Մի խնձորը տասը հոգով ուտում էինք, մի բաժակ ջուրը կիսում բոլորով: Մերին խոսում էր իր երազանքներից, ասում էր՝ ընդունվելու է համալսարան, ասում էր՝ տեղափոխվելու է, գնալու է էդ մի թիքա աշխարհից: Փաստորեն մենակ Մերին չգնաց, բոլորը գնացին՝ իրենց հետ էդ աշխարհից մի պատառ պոկելով, տանելով ու հետ չբերելով, էդ տեղը հավերժ դատարկ թողնելով…

Ամեն ինչ էնքան պարզ ա վերջանում…

Չես նկատում սկիզբը, բայց վերջը տեսնում ես, ավելին՝ զգում սեփական մաշկիդ վրա: Գիտե՞ս ոնց: Մարմինդ սկսում ա մենակությունից փշաքաղվել, ձեռքերով շփում ես, բայց չի օգնում, ախր, ո՞նց օգնի: Շփելով հո մենակությունը չի՞ կորչում…

Ամենազարհուրելին էն էր, որ մի օր տեսա՝ նստարանը ներկել են, էն կանաչից հետք չի մնացել, կանաչը ծածկել էին, վերացրել՝ կանաչի հետ վերացնելով այդտեղ ապրած տարիները:

Անցնելիս նստում ես, հիշում, արցունքախառն ժպտում, հետո ժպիտը ցնդում ա հիշողությունների հետ, ու մնում ա էդ մի կաթիլ արցունքը, որի պարզության մեջ դեռ աչքիդ առաջ կանաչ գույնն ա, կողքիդ նետված հեծանիվը, ընկերներիդ ժպիտը, Կարենի բերած խնձորները, Մերիի երազանքները…

Հիշում ես, որ բոլորով կյանք եք կառուցել, ստեղծել եք, արարել: Հետո հասկանում ես, որ գնալով բոլորն իրենց հետ տարել են սարքածդ կյանքը: Քարերը խառը տեղերից հանել են, ու էդ կյանքը փլվել ա: Էդ քարերով հետո իրենք ուրիշ տեղ պիտի փորձեն մի բան կառուցել ու էդ քարերն անպայման էդ կառույցի հիմքում պիտի դնեն, որովհետև էդ քարերը իրենց էությամբ ընկերությունոտ են, տեղով նվիրվածություն, կյանք տեսած քարեր են, սեր տեսած, շնչող, ապրող քարեր են: Դրա հիմքին կառուցվող ոչ մի բան երբեք չի քանդվի, չեն քանդի…

Մերն էլ չի քանդվել, հա՜, քարերը տարել են, կեսը փլվել ա, բայց հիմքը կա, իսկ հիմքի վրա մեզնից յուրաքանչյուրը կարող է տաճարներ կառուցել, տաճարներ, որտեղ առ Աստված ընկերության համար մոմեր պիտի վառվեն: