Նրանք, ովքեր հավատացին մեր վաղվա օրվան

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Սեպտեմբեր ամիսն է, դասերն արդեն մեկնարկել են, աշակերտներն ու ուսանողները արդեն կամաց-կամաց հունի մեջ են ընկնում, հետարձակուրդային սթրեսը անցել է: Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ես արդեն տասներկուերորդ դասարանում եմ սովորում՝ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի տասներկուերորդ դասարանում: Երևի բոլոր դպրոցականների երազանքը, գուցե ես էլ ինչ-որ պահի երազել եմ, բայց հիմա հավատացնում եմ` այնքան էլ նախանձելի իրավիճակում չեմ գտնվում…

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Հա, ի դեպ մոռացա ասել նաև, որ սեպտեմբերի մեկը մեր դպրոցի համար կրկնակի տոն էր, ոչ միայն մենք նշում էինք Գիտելիքի օրը, այլ նաև մեր դպրոցի բացման արարողությունը: Դպրոցի մի մասը հիմնանորոգվել է ամիսներ առաջ ամերիկահայ բարերար ժան Մարի Աթամյանի կողմից, ով նույնպես ներկա էր միջոցառմանը: Այստեղ էին նաև ամերիկյան «Փարոս» հիմնադրամի ղեկավարները, որոնք տարիներ առաջ առաջինը եկան մեր գյուղ, սկսեցին վերանորոգել դպրոցն ու մանկապարտեզը, և որոնց միջոցով էլ հետագայում այլ բարերաներ միացան նրանց:

Լուսանկարը՝  Փարոս հիմնադրամի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Փարոս հիմնադրամի ֆեյսբուքյան էջից

Այնքան ոգևորված էի գնացել դպրոց այդ օրը, մտածում էի` հիմա բոլոր բարերարները ներդրումներ են անում միայն սահմանագոտուց հեռու տարածքներում, որպեսզի իրենց ներդրումները «ջուրը չընկնի», որովհետև սահմանում ապահովագրված չէ նոր վերանորոգված դպրոցի կամ այլ կառույցի ապագան, որովհետև թշնամու նշանառության տակ է ու արտասահմանում գտնվող քիչ բարերարներ կան, ովքեր պատրաստ են իրենց եկամտի զգալի մասը տալ բարեգործությանը` հենց այդ շրջանում: Բայց համոզված եմ` հավատացած լինելով են ներդրումներ կատարում, մտածելով, որ այս ութսուն աշակերտներից յուրաքանչյուրը, կարող է և պետք է դառնա հայրենիքի զարգացման ամենակարևոր օղակներից մեկը:

Լուսանկարը՝  Փարոս հիմնադրամի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Փարոս հիմնադրամի ֆեյսբուքյան էջից

Ինչևէ, շարունակեմ: Բացման արարողությանը նաև ներկա էին` Տավուշի մարզի մարզպետ Հովիկ Աբովյանը և Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ` Մանվել Կամենդատյանը: Նաև մեզ հյուր էին եկել հիսուն տարի առաջ մեր դպրոցը ավարտած շրջանավարտները, որոնց թվում էր նաև ճանաչված լեզվաբան` Լավրենտի Միրզոյանը: Նա պատմեց իր դպրոցական կյանքից դրվագներ, նունիսկ ցույց տվեց իր դպրոցական տարիների կարմիր «վզկապը», որը այն ժամանակ պարտադիր պետք է կրեր յուրաքանչյուր աշակերտ: Թերևս այդ օրվա ամենաանմիջական ու հետաքրքիր մասերից մեկը հենց Լավրենտի Միրզոյանի անմիջական շփումն էր աշակերտների հետ:

Գիտե՞ք այդ պահին ինչ մտածեցի, չէ ավելի շուտ պատկերացրեցի: Ինձ պատկերացրեցի հիսուն տարի անց, իմ հարազատ դպրոցում, բայց արդեն ոչ թե 80 աշակերտի, այլ ամենաքիչը 150-200 աշակերտի դիմաց կանգնած` խոսելիս, բայց թե ինչ խոսելիս` «ըըըըը»… Մտածել է պետք:

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Այս տարի առաջին դասարանցիների թիվը յոթն է, զարմանալիորեն երեխաները ուրախ էին, սիրեցին դպրոցը առաջին հայացքից: Իսկ ես` այդ երեխաներին, այնքան կյանքով լեցուն են ու այնքան խելացի, անպայման իրենց ու իրենց երազանքների մասին կգրեմ մի առանձին նյութում:

Իսկ ինչ վերաբերվում է սահմանին, այստեղ խաղաղ է, դիրքերը անառիկ, թիկունքը` պինդ:

Հ.Գ. Հա, մտածեցի՝ ինչ կասեմ հիսուն տարի հետո աշակերտներին, չէ, հիմա չեմ ասի, ասացի, չէ՞` հիսուն տարուց: