Նրանք չեն հուսահատվում

Լուսանկարը` Անի Ասրյանի

Լուսանկարը` Անի Ասրյանի

Տարիների ընթացքում մենք մեր կյանքի ուղին դրեցինք ժայռերի մեջ՝ քարքարոտ ճանապարհին: Ամեն նախագահական ընտրության ժամանակ խոստում կար.

-Կվերանորոգենք ճանապարհները: 

Անցնում էին տարիները, անցնում էր մեր մանկությունը փոշոտ ու քարքարոտ գյուղում: Գյուղացիները մտածեցին, նախագծեցին, ջնջեցին, կրկին փորձեցին: «Վորլդ վիժն» կազմակերպությունը աջակցում էր տարածքի մաքրման գործում: Այս տարի նույնպես կատարվեց մաքրման աշխատանք՝ շաբաթօրյակ: Ապրիլի 14-ին գյուղի բնակիչները Դարբաս և Շամբ համայնքի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանի, դպրոցի ուսուցչական կազմի և մանկապարտեզի աշխատակազմի գլխավորությամբ սկսեցին աշխատանքը: Մաքրում էին դպրոցը, մանկապարտեզը, ճանապարհը, բակերը: Աշխատանքը ուներ կատարյալ տեսք, և գյուղացի պապիկների խոսքով «աչքածակ» գործ էր: Եկան նոր բարերարներ, ովքեր ձեռք մեկնեցին մեզ և սկսեցին աջակցել՝ այս անգամ շատ սպասված ճանապարհների բարեկարգման գործում:

Հարցազրույց Դարբաս բնակավայրի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանի հետ։

Լուսանկարը` Անի Ասրյանի

Լուսանկարը` Անի Ասրյանի

-Ե՞րբ է առաջադրվել նախագիծը: 

-Նախագիծը արդեն 2 տարի է, ինչ ուժի մեջ է։ Չափագրել են, ուսումնասիրել, հարցում արել համաշխարհային բանկից, տեղեկացել են անհրաժեշտության պլանին:

-Ո՞րն է անհրաժեշտության պլանը, մի փոքր կներկայացնեք՝ ինչի՞ն կնպաստի ճանապարհաշինությունը: 

-Գյուղատնտեսական մթերքի արտահանմանը դեպի շուկա, ճանապարհը հեռու է և անպիտան, այդ իսկ պատճառով իրացման գործը գյուղացու համար բարդանում է: Կնպաստի ազատ տեղաշարժվելուն, հիվանդների հոսպիտալացմանը, մեքենաները ժամանակից շուտ անսարք չեն դառնա, տաքսիները կաշխատեն ավելի ցածր գներով՝ խթանելով բյուջեի աճը:

-Ովքե՞ր են գտնված այդ բարի մարդիկ, որ կիրագործեն աշխատանքը: 

-Աշխատանքը իրականացվում է կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարեկարգման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից, պատվիրատուն է տրանսպորտային ծրագրեր իրականացնող կազմակերպությունը (ՊՕԱԿ):

-Քանի՞ կիլոմետր է հատկացված, ըստ նախագծի, վերանորոգման համար: 

-Ըստ նախագծի՝ 13 կմ է, 5.40 մ լայնությամբ։

-Որքա՞ն աշխատուժ կա և արդյո՞ք մասնագետներ են աշխատում: 

-Մոտ 80 մարդ աշխատում է, աշխատողների մեջ կան նաև բնակիչներ։

-Ի՞նչ եք կարծում՝ գյուղացու երազանքը կկատարվի՞, թե՞ կմնա անավարտ: 

-Գյուղացու երազանքը կկատարվի, երբ քայլի և երթևեկի ասֆալտապատ ճանապարհով: Իհարկե, նրանց նպատակը այս տարի կիրագործվի: Իսկ դու հավատո՞ւմ ես:

Լուսանկարը` Անի Ասրյանի

Լուսանկարը` Անի Ասրյանի

-Իհարկե, ես այս կյանքում ամեն ինչի հավատում եմ: 

Գյուղը, հայացքները, սպասող մարդիկ, հույզերը, նպատակները: Բախտավոր է այն մարդը, ով երբեք չի կորցնում հույսը և սպասել գիտի: