milena sedrakyan

Շապիկ

Ամառ, վերջապես կարող եմ հանգստանալ պարապմունքներից, քննությունների մասին խոսակցություններից, կրթության և գիտության ծրագրերի փոփոխությունների հետ չհամակերպվող հասարակությունից և նոր խստացված ծրագրերը չընդունող հասակակիցներից:

Մեկ, երկու, երեք… Հասկացա, որ անգործությունս ինձ ավելի է ձանձրացնում, և սկսում եմ ժամանակս անտեղի վատնել:

Շոգ ու միապաղաղ ամառս հետաքրքիր դարձնելու համար շատ էի տանջվում:

Էլ ինչ ասես չանցավ մտքովս, բայց ոչ մի գաղափար չէի իրականացնում, մինչ որոշեցի ավելի լուրջ մոտենալ հարցին ու ստեղծել այն «իմը», որ երբեք չի ձանձրացնի:

Բավականին հաջողված գրաֆիկներ էի կարողանում ստանալ ու որոշեցի բացել իմ սեփական խանութը: Տպագրում եմ իմ գրաֆիկները շապիկների վրա և վաճառում: Ինստագրամում տարածում գտավ էջս, և մարդիկ հավանում էին իմ աշխատանքը:

Շապիկները տարատեսակ են․ հայերեն, անգլերեն և ռուսերեն գրությունները համապատասխանեցնում եմ գրաֆիկներին ու ստանում թրենդային շապիկներ, որոնք գրավում են երիտասարդությանը:  Քանի որ խանութը դեռ առցանց է, կա առաքում ամբողջ ՀՀ տարածքում և ԼՂՀ-ում:

Screenshot_2019-07-23-23-21-35

Առաջին գնորդս պատվիրեց Never Give Up գրությամբ շապիկ։ Պատասխանատվության զգացումը մեծ էր, քանի որ փորձ չունեի և չգիտեի, թե ինչպես ավելի լավ կստացվի:

Չեմ թաքցնի, որ կասկածում էի՝ շարունակել, թե ոչ, բայց հենց շապիկի գրվածքը ինձ հուշում էր առաջ շարժվել՝ առանց երկմտելու:

Ահով, դողով տարա շապիկը և սպասում էի արձագանքի։ Ի ուրախություն ինձ՝ այն լավն էր, և դա օգնեց ինձ կիսատ չթողնել սկսածս:

Աշխատածս աստղաբաշխական գումար չէ, սակայն ծնողներս հպարտանում են, որ անգործ նստելու փոխարեն որոշել եմ ինչ-որ բան անել: Ոչ ոքից օգնություն չեմ խնդրել և միայն վերջում պատմել եմ ծրագրերս ու ներկայացրել, թե ինչ եմ որոշել:

Ծնողներս ապահովում են մեզ ամեն ինչով, բայց իմ աշխատած գումարը ավելի մեծ հաճույքով եմ ծախսում, և դա օգնում է ինձ ինքնուրույն դառնալ և կախված չլինել նույնիսկ հարազատ ծնողներիցս:

Հիմա ուրախ եմ, որ իմ մասին պատմելիս կարող եմ նշել փոքրիկ բիզնեսի մասին ու շարունակաբար պատմել, թե ինչ նպատակներ ունեմ ապագայում:

Կբացեմ իմ խանութը, որտեղ էկրանի վրա ինքներդ կցուցադրեք ձեր պատկերացումները, և միասին կստեղծենք ձեր երազանքների շապիկը:

Կունենամ այն տարբերվող բրենդը, որը թույլ կտա ինձ նման մեծ երևակայություն և ստեղծագործ միտք ունեցող մարդկանց արտահայտել իրենց մտքերը և կրել դրանք:

Համաձայն եմ, չպիտի անձնուրաց նվիրվեմ աշխատանքին ու թողնեմ պարապմունքներս, դպրոցական վերջին տարվա ընթացքում խորացված պիտի նպատակներս ուղղեմ դեպի բուհ՝ իմ բարձրագույն կրթությանը՝ ծնողներիս չարչարանքը գնահատելու կարողությամբ։ Չէ՞ որ արդեն գիտեմ, որ «գումարը հեշտ չեն վաստակում»-ը ոչ թե լեգենդ է, այլ քրտնաջան աշխատանք: