Շատրվանների ջուրը

Ընդամենը մի քանի օր, ու ես կլքեմ այն հեքիաթը, որն ինձ իր գրկում էր պահում արդեն տասնվեց տարի: Անհավատալի ու իրականին մոտ չթվացող բան է ինձ համար: Պիտի պոկվեմ… Պոկվեմ իմ Կապան քաղաքից, տնից, տասնվեց տարվա պատմությունից, բայց ոչ երբեք՝ տասնվեց տարում ձևավորված ինձնից: Գնում եմ սովորելու:

Երևի անբացատրելին էլ տարբերվող է նրանով, որ այն բացատրելու համար ասում ենք միայն, թե անբացատրելի է ու անցնում առաջ։ Այն, ինչ զգում եմ, իրոք անբացատրելի է։ Խառնիխուռն հույզերի ու զգացումների տեղատարափ կա մոտս, մե՜ծ ուրախություն ու մի քիչ թախիծ, սեփական ուժերին վստահելուց առաջացած համարձակություն ու թեթև երկյուղ, լայն ժպիտ ու երբեմն ինքնահոս արցունքներ, վաստակած հպարտություն ու անսահման անկեղծ ու ազնիվ սեր դեպի այն ուղին, որով պիտի քայլեմ։

Հիմա ամեն ինչ մոտ ինը-տասը անգամ ավելի արժանի է թվում կարոտվելու, քան առաջ։ Եթե առաջ պատահմամբ էր ստացվում, ապա հիմա երևի դիտմամբ եմ թողնում, որ շատրվանների ջուրը դեմքս շոյի ու անցնի՝ դաջվելով դեմքիս որպես Կապանի ջուր, համ ու հիշատակ: Ու ամեն անգամ Ադրիատիկի ջուրը մաշկիս վրա զգալիս պիտի մի կարճ պահ Կապանի շատրվանների ջուրը հիշեմ, որ դեմքս կարծես օրհնել էր դեպի ապագայի նոր ծովեր ու օվկիաններ:

Հիմա բարբառը էլ ավելի հարազատ է, ընկերները՝ էլ ավելի մտերիմ, եղանակը՝ էլ ավելի թովիչ ու հանդարտ: Քաղաքով քայլելն էլ հիմա հիշեցնում է, որ հետո կարոտելու եմ: Երբեք չեմ լուսանկարել շատրվանները: Սիրել եմ նայել, սիրել եմ մեղմիկ ժպտալ ու վայելել, բայց երբևէ չեմ լուսանկարել: Այս անգամ արեցի, որովհետև ամիսներ շարունակ չեմ կարողանալու։

Վերջերս պատերն ավելի հարազատ են, մարդիկ՝ մի տեսակ ջերմ, ավտոբուսները՝ ավելի դեղին, գրադարանները ավելի անուշ են բուրում նոր «եփված» գրքերից: Միայն թե աստղերը չկան արդեն քանի օր: Կարոտել եմ: Սիրում եմ աստղեր ու լուսին: Շատ եմ սիրում: Նայում եմ… Նայում եմ երկա՜ր ու անկեղծ… Ինչ-որ վերերկրային գեղեցկություն ու անմեկնելի խորհրդավորություն ունեն իրենց մեջ պահած:

Այս ամենը սիրուն է, մեղմ, եթե գույնով ասելու լինեմ՝ բաց մանուշակագույն… Խաղաղ ու նրբին… Իսկ ես շուտով գնում եմ… Նոր աշխարհները սպասում են ինձ, իսկ ես արդեն քանի տարի է՝ նրանց… Մենք գնում ենք՝ գտնելու իրար, իսկ իմ Կապանի շունչը տանում եմ բաց դարչնագույն իմ մազերի մեջ, որոնց ծայրերը թեթև թրջվել են դեմքս պարուրող՝ շատրվանների ջրից:

Կարոտելու եմ ամեն մի քարը ու մի երանգը, բայց և օրեր անց պիտի իմ հոգին կիսվի ու ցրվի էստեղ ու էնտեղ՝ Ադրիատիկի թաց ափերին: Ցրելու եմ հոգիս մինչև վերջին կաթիլը, որ վերածնված գամ հաջորդ անգամ, գամ ու պատմեմ ծովային ջրի անմոռաց համից, իսկ դու ինձ փորձես նորից թրջել շատրվանների քո այն նույն ջրով… Լուռ ժպտալու եմ  մի քանի վայրկյան, մի քանի րոպե, իսկ հետո պոռթկամ, բարձր ծիծաղեմ: Ու եթե հանկարծ մոռացած լինես ինձ մի ժամանակ, ծիծաղս հաստատ քեզ կհիշեցնի ով լինելս: