arxiv

Շատ բան չի փոխվել նաև այսօր

Արշավ

Մի անգամ մենք որոշեցինք գնալ արշավի: Եկան նաև հայրիկիս ընկերները: Վերցրինք վրանները և գնացինք Հաղարծին: Առաջին տեղը մեզ շատ հարմար թվաց: Մայրիկն ու հայրիկը պատրաստվում էին իջնել գետից ջուր բերելու, երբ մի գերան դղրդալով ընկավ նրանց ոտքերի առաջ: Պարզվեց, որ անտառը կտրում են: Մնալ հնարավոր չէր: Մենք արագ հավաքեցինք վրանները և փախանք այդ սարսափելի վայրից:

-Ինչքան քաղաքին մոտ, այնքան ավելի լավ,- ասաց հայրիկիս ընկերը, և մենք վերադարձանք Դիլիջան քաղաքին մոտ գտնվող մի բացատ:

Գտնելով մի հարմար տեղ` վրանները խփեցինք: Բայց քիչ հետո, չգիտես որտեղից, հայտնվեցին մկները: Շատ-շատ մկներ: Նրանք առանց վախենալու զբոսնում էին մեր շուրջը, բարձրանում էին սեղանին: Քիչ հետո հայրիկն ասաց, որ գետակը, որի ափին մենք վրան էինք խփել և պատրաստվում էինք լողալ, դարձել է քեֆչիների աղբանոցը: Իսկ որտեղ աղբանոց, այնտեղ մկներ ու առնետներ: Մոռանալով հոգնածությունը` փախանք նաև այդտեղից: Տեսնելով մի բացատ` արդեն երրորդ անգամ խփեցինք մեր վրանները: Երբ հայրիկիս ընկերը բարձրացրեց գլուխը, տեսավ, որ կովը փորձում է համտեսել իր ճաշը: Նա սկսեց զայրացած քշել կովին` ասելով.

-Փը՛շտ, փը՛շտ, կյանքումս այսպիսի անդաստիարակ կով չեմ տեսել:

Մենք ուրախությունից կչկչում էինք: Ամբողջ օրվա մեջ առաջին անգամ:

Գոռ Բաղդասարյան 9տ., 1997թ.