mamikon kirakosyan

Շատ մի՛ ատիր, սիրել կա

Բազմազանության ընկալումները բոլորիս մոտ տարբեր են։ Մենք լույս աշխարհ ենք գալիս առանց որևէ ընտրություն կատարելու։ Մենք չենք ընտրում թե որտեղ, ումից ու երբ ծնվենք։ Չենք ընտրում մեր մաշկի գույնը, սեռը, աչքերի գույնը, մազերի գանգուր կամ ուղիղ լինելը։ Որոշ ընտրություններ բնությունը արդեն կատարել է մեր փոխարեն, որի դեմ պայքարելու, հանդգնելու, կռվելու կամ բողոքելու կարիք բացարձակապես չկա։ Ամեն բան երբևէ այսքան ներդաշնակ ոչ ոք չէր ստեղծել։ Ոչ ոք մեղավոր չէ, որ բնությունը քեզ այդպիսին է ստեղծել, ինձ՝ այսպիսին։ Բնության այս օրենքը չխախտելու համար մեկս մյուսին ուղղակի սիրել ու ընդունել է պետք։ Դե, իհարկե, խախտողները կհայտնվեն, բայց միգուցե բնությունը իրենց էլ այդպիսին է ստեղծել։ Բնությունը ինձ հանդուրժող ու անգամ ինձ չսիրողին սիրող է ստեղծել, բայց ի՞նչ մեղավոր է ինձ չսիրողը, երբ հնարավոր է, որ իրեն էլ ուղղակի այդպիսին է ստեղծել։ Ասեցի, չէ՞, մենք ուղղակի բազմազան ենք, բոլորս էլ մարդ ենք, բայց տարբեր արժեքներ, մաշկի գույներ, սեռեր, տաղանդներ, մեզ բաժին հասած հնարավորություններ ու զգացմունքներ ենք կրում մեր մեջ։ Ոչ ոք երբևէ չի կարող տեսնել, թե ինչքան բազմազան ենք մենք՝ մարդիկս, կամ ուղղակի բազմազանության շատ տեսակներ կան, կամ էլ դա խիստ անձնական է։ Եկեք սիրենք իրար՝ ինչպիսին կանք։ Եկեք կոտրենք մարդկությանը բաժին հասած ամենամեծ ու կործանիչ կարծրատիպը։ Վերջ ի վերջո, մարդ ենք, չէ՞։