mariam tonoyan

Շարժումների լեզուն

Մարդն առեղծված է, Երկրի վրա գոյություն ունեցող ամենաանկանխատեսելի հանելուկը։ Նրա էության բացահայտումն ընկած է հազարավոր փիլիսոփաների տեսությունների հիմքում, քանի որ մարդը բոլոր ժամանակներում մնում է չբացահայտված։ Դարերի ընթացքում վերլուծությունների են ենթարկվել մարդկային մտածողությունը, տարբեր իրավիճակներում նրա գործած քայլերը, արդյունքում ի հայտ են եկել հոգեբանությունը, հոգեվերլուծությունը, որոնք օգտագործվում են նաև բժշկության մեջ:

Մարդու մասին գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն յուրահատուկ պատկերացումներ ուներ։ Նա ասում էր. «Մեծ մա՞րդ։ Ես դեռ միայն իմ սեփական իդեալի դերասանին եմ տեսնում»:
Մարդն ինձ համար մշտապես զարմանալի է եղել, հատկապես, երբ գոյություն ունի «բնավորություն» տերմինը։ Իմ ինքնամփոփ բնավորության շնորհիվ հաճախ մարդկանց խմբերին կողքից՝ որպես դիտորդ եմ հետևել ու հատկապես ուշադրություն եմ դարձրել նրանց շարժումներին, որոնք արել են թե՛ միտումնավոր, թե՛ ենթագիտակցաբար։ Ծանոթանալով մարդու կազմախոսությանն ու ուսումնասիրելով հոգեբանական գրքեր՝ հասկացա, որ մարդկանց շարժումները տարբեր նշանակություններ ունեն։
Հաճախ տարբեր կոլեկտիվներում, երբ հարմար զրուցակից չեմ գտնում, ակամա կա՛մ խաչում եմ ձեռքերս, կա՛մ մի ձեռքով բռնում եմ թևիցս։ Երբ սկսեցի հոգեբանություն ուսումնասիրել ու հետևեցի այլ մարդկանց նման իրավիճակներում, հասկացա, որ դա ինքնապաշտպանական ժեստ է, որով ենթագիտակցորեն ձեռքերի հետևում մեզ թաքցնում ենք շրջապատից։
Մի անգամ, երբ հետևեցի մրցույթի ժյուրիի անդամների շարժումներին, նկատեցի, որ այն ելույթների ժամանակ, երբ մասնակիցները սխալներ էին թույլ տալիս, նրանցից մեկը գլուխը հենում էր կիսաբռունցքված ձեռքին, ցուցամատն էլ այտին դրած` սևեռուն հայացքով նայում էր ելույթ ունեցողին։ Մի քանի տարբեր վայրերում այդ ժեստը նկատելով՝ գլխի ընկա, որ այդ շարժումն օգտագործում ենք քննադատորեն մտածելու ժամանակ։
Բոլորիս ծանոթ Անգելա Մերկելի հայտնի ժեստը՝ մի ձեռքի մատների ծայրերը մյուսին միացնելը, շատ հաճախ նկատել եմ ինքնավստահ մարդկանց շարժումներում։
Խոսելու ընթացքում ձեռքերը դանդաղ շփելը խոսում է մարդու խորամանկ մտադրությունների մասին, իսկ արագ շփելը՝ ուրախության, ինչ-որ գործի դրական արդյունքների ակնկալիքի մասին։
Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ այն մարդիկ, ովքեր սովոր չեն ստելու, ստելիս հաճախ ձեռքը դեմքին են տանում։ Ուղեղի ազդակների ազդեցությամբ՝ բերանին տանում են այն պատճառով, քանի որ սովոր չեն սուտ խոսքեր արտաբերել։ Կանայք այդ ժեստը կարողանում են հեշտությամբ կեղծել՝ քիթը քորելով ու զբաղված ձևանալով։ Երբ մարդը ստելով ամաչում է դիմացինի աչքերին նայել, ձեռքը աչքերին է տանում ակամա, իսկ երբ ամաչում է իր սուտը լսելուց՝ ականջներին։
Չնայած նման ժեստերը օգնում են մարդու արարքները որոշ չափով ընկալելուն, այնուամենայնիվ, մարդը մնում է առեղծված, և լիովին բացահայտել մարդկային էությունը անհնար է, այն հանգեցնում է մի շարք հակասությունների։